Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլն անդրադառնում է ղարաբաղյան պատերազմին Անկարայի միջամտությանը


Հարավային Կովկաս վերադարձած պատերազմի վերաբերյալ միջազգային մամուլի արձագանքը ուղեկցվում է մտահոգությամբ:

Աշխարհի հեղինակավոր պարբերականները մատնացույց են անում Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ պատերազմում Անկարայի էլ ավելի ապակայունացնող գործոնը։

Ղարաբաղյան հակամարտության նոր լարվածության մասին միջազգային մամուլի էջերում կարմիր թելի պես անցնում է Հարավային Կովկասում Թուրքիայի ախորժակը զսպելու անհրաժեշտությունը՝ եթե ընդհուպ դրա համար արևմտյան գերտերությունները ստիպված լինեն համագործակցել բազմաթիվ այլ հարցերում տարաձայնություններ ունեցող Մոսկվայի հետ:

Միակ ելքը Թուրքիային ճնշելն է․ Թոմաս դե Վաալ

«Իրավիճակը փոխելու միակ դիվանագիտական ելքը՝ Թուրքիային ճնշելն է», - գրում է ղարաբաղյան հակամարտության հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Արևմուտքը ունի հնարավորություններ վերականգնելու հեղինակությունը և հայտարարելու իր մասին։ Սակայն որպեսզի մրցակիցները լուրջ ընդունեն իրեն, պետք է ավելին անի, քան «խորը մտահոգություններն» են։ Չէ՞ որ մրցակիցները շատ լավ հասկանում են, որ Արևմուտքը վճռականության այլ ոչ թե ուժի պակաս ունի»,- նկատում է բրիտանացի վերլուծաբանը, ով ավելի քան երեք տասնամյակ հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ գործընթացներին։

Դե Վաալի կարծիքով՝ տասնամյակներ անց Ղարաբաղում վերսկսված նոր պատերազմը երկու նոր հանգամանք ունի՝ «Էրդողանական Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում, որը աջակցում է Ադրբեջանին, և հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Վաշինգտոնի անտարբերությունը»:

Բրիտանացի քաղաքագետը հիշեցնում է, որ ժամանակին Ղարաբաղում հրադադարի կնքման հարցում հսկայական դերակատարություն ունեցած Միացյալ Նահանգները 27 տարի անց վերջին գերտերություններից էր, որը հանդես եկավ այնտեղ ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ԱՄՆ-ն այլևս չի զբաղվում տարածաշրջանային հակամարտությունների մարմամբ։ Ի վերջո, Ղարաբաղն արդեն երրորդ կոնֆլիկտային գոտին է՝ Լիբիայի ու Սիրիայի հետ մեկտեղ, որտեղ Թուրքիան բախվում է Ռուսաստանի հետ», - նշել է Դե Վաալը։

էրդողանը ղարաբաղյան հակամարտությունը օգտագործում է ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու նպատակով․ Eurasianet

Պարբերականը թվարկում է Հարավային Կովկասում հակամարտություն հրահրելու Անկարայի քայլերն ու դրանց դրդապատճառները:

«Կովկասում խոշորագույն տնտեսական ուժ հանդիսացող Թուրքիան վերջին ամիսներին լիովին աջակցում էր Ադրբեջանին, Անկարայի ռազմական հռետորաբանությունն ու թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատերազմի պատրաստվելու մասին էին խոսում», - գրում է հոդվածի հեղինակը և հավելում, - «Էրդողանը հակամարտությունն օգտագործում է ազգայնականների շրջանում իր հեղինակությունը ամրապնդելու և իր երկրի ներսում մշտական տնտեսական ճգնաժամից ուշադրությունը շեղելու նպատակով՝ հաշվի առնելով նաև Հայաստանի նկատմամբ երկրում լայնորեն տարածված թշնամանքն ու Ադրբեջանի հետ պատմական կապերը»։

Անկարայի մտադրությունները կարող են հանգեցնել հակառակ արդյունքների, որոնք Թուրքիային չեն ուրախացնի․ թուրք փորձագետ

Թուրք հեղինակավոր փորձագետներից մեկը Յուսուֆ Քարաթաշը Evrensel պարբերականում հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ ղարաբաղյան խնդիրը, որը գոյություն ունի ավելի քան երեք տասնամյակ, սրվեց հենց այսօր։ Նրա կարծիքով՝ դրանում մեծ դերակատարություն ունի Էրդողանը, որը Բաքվին հրահրում է ակտիվ ռազմական գործողությունների, այդ կերպ փորձելով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Թուրք փորձագետը, սակայն, ենթադրում է, որ Անկարայի մտադրությունները կարող են հանգեցնել հակառակ արդյունքների, որոնք Թուրքիային չեն ուրախացնի։

Բաքվին աջակցելու Անկարայի հայտարարությունները լոկ հռետորաբանություն չեն․ Bloomberg

«Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի հայտարարությունները լոկ հռետորաբանություն չեն», - գրում է ամերիկյան Bloomberg թերթը՝ հիշեցնելով անցյալ ամիս երկու երկրների համատեղ զորավարժությունների մասին։

«Թուրքական ուժերը Ադրբեջանի ռազմակայանում ներկայություն ունեն և հասանելիություն՝ օդային ռազմաբազային։ Էրդողանը խոստացել է թարմացնել Ադրբեջանի ռազմական տեխնիկան և նորով զինել, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով», - նշել է թերթը։

Ավելի բարդ իրավիճակ հնարավոր չէ պատկերացնել . La Vanguardia

«Փոքրիկ քրիստոնեական Հայաստան, որը խիստ կախված է Ռուսաստանից և անդամակցում է Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը և զբաղեցնում է մի տարածք, որն օրենքով պատկանում է մահմեդական բնակչություն ունեցող Ադրբեջանին, որն էլ մշակույթի և լեզվի տեսանկյունից հարում է Թուրքիային», - անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության արմատներին, գրում է իսպանական պարբերականը։

«Ադրբեջանը իր հերթին զբաղեցնում է Նախիջևանը, որը ժամանակին պատկանում էր Հայաստանին և ուներ հայազգի բնակչություն։ Միևնույն ժամանակ Թուրքիայի տարածքում է գտնվում հայերի համար սուրբ համարվող Արարատ լեռը: Բացի այդ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը», - նշել է La Vanguardia պարբերականը։

«Ավելի բարդ իրավիճակ հնարավոր չէ պատկերացնել», - փաստում է հոդվածագիրը՝ ամփոփելով , - «Դա է պատճառը, որ շատ հայերի համար ղարաբաղյան հակամարտությունը ոչ այլ ինչ է, քան թուրքերի հետ նույն հին պատերազմը։

Չի կարելի բացառել ոչինչ, եթե գործ ունեք անողոք քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք Ալիևը, Պուտինը և Էրդողանն են․ Spectator

Բրիտանական Spectator-ը պատմում է․ «Հայկական պաշտպանական դիրքերի վրա լայնածավալ հարձակումից հետո երկու երկրները զինված ուժերի մոբիլիզացիա են սկսել։ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն իրենց կանխատեսելի են դրսևորում՝ «խորը մտահոգություն» են հայտնում։ Առավել վճռական են գործում Թուրքիան և Ռուսաստանը»,- նկատում է հոդվածի հեղինակը շարունակելով, - «Հայաստանի կողմից հիմարություն կլիներ բացառել թուրքական ռազմական միջամտությունը, հատկապես հիմա, երբ արդեն թուրքական անօդաչու թռչող սարքեր են նկատվում իր արևմտյան սահմաններին։ Իհարկե, եթե գործ ունեք նման ռեակցիոն և անողոք քաղաքական գործիչների հետ ինչպիսիք Ալիևը, Պուտինը և Էրդողանն են, հիմարություն կլիներ բացառել առհասարակ որևէ բան»։

Թուրքիայի և Ռուսաստանի առճակատման սցենարը օդում սավառնում էր երկար տարիներ․ Advance

Խորվաթական Advance պարբերականը նկատում է, որ եթե առաջիկայում լարվածությունը չթուլանա, ապա առճակատման մեջ կներքաշվեն Թուրքիան և Ռուսաստանը՝ այդ սցենարը օդում սավառնում է արդեն երկար տարիներ։ Արևմտյան ուժերը, որոնքը շատ մտահոգված են Մոսկվայի և Անկարայի չափազանց մտերիմ հարաբերություններով, այդ զարգացումները գուցե և շահեկան համարեն, սակայն ավելի շատ Միացյալ Նահանգների համար, բայց ոչ Եվրոպայի, քանի որ այդ դեպքում Եվրոպայի համար Ռուսաստանից էներգետիկ կախվածության վտանգը ավելի կմեծանա։

«Եվ կրկին էրդողանը». Der Spiegel

Գերմանական պարբերականը փորձում է պարզել, թե ինչ մտադրություններ ունի Թուրքիայի առաջնորդը՝ հայ-ադրբեջանական ռազմական բախումներին միջամտելով։

«Ամռանը Թուրքիան Ադրբեջանում զորավարժություններ անցկացրեց, դրանք ընկալվեցին որպես Հայաստանին ուղղված նախազգուշացում։ Չի կարելի բացառել, որ ռազմական տեխնիկայի և զորքի մի մասը դեռևս Ադրբեջանում է», - գրում է հեղինակավոր թերթը և հավելում, - «Վերջին տարիներին Էրդողանի ղեկավարությամբ թուրքական արտաքին քաղաքականությունը ավելի ու ավելի ագրեսիվ էր դառնում։ Դա կարելի է տեսնել Սիրիայում, Լիբիայում կամ Միջերկրական ծովի արևմտյան ափին։ Այժմ Անկարան առավել ակտիվ է միջամտում Կովկասում ստեղծված իրավիճակին»:

Թուրքիան խարխլում կովկասյան լեռնային տարածաշրջանում փխրուն հավասարակշռությունը․ Financial Times

«Ամեն անգամ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների պատճառով մարտական գործողություններ էին բռնկվում, Մոսկվայի պահանջով երկու հետխորհրդային պետությունները նստում էին բանակցությունների սեղանի շուրջ, սակայն այս անգամ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանի կոչերը դեռևս անուշադրության են մատնվում, մասամբ՝ Թուրքիայի պատճառով, որը կովկասյան լեռնային տարածաշրջանում խարխլեց փխրուն հավասարակշռությունը», - գրում է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը։

«Ադրբեջանի միջոցով Թուրքիայի աճող ներկայությունը Հարավային Կովկասում փաստ է, որը դուր չի գալիս Ռուսաստանին։ Ռուսական և թուրքական շահերն այստեղ ավելի շատ են բախվում, քան որևէ այլ տեղ։ Պուտինը և Էրդողանը երբեք իսկական դաշնակիցներ չեն եղել և երբեք չեն լինի», - Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի վերլուծական բաժնի ղեկավար Դմիտրի Թրենինի խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը։

XS
SM
MD
LG