«Ազատությունն» այսօր զրուցել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանի հետ։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից։
«Ազատություն». - Ի՞նչ մասշտաբների, ծավալների կբնորոշեք Թուրքիայի մասնակցությունը, ներգրավվածությունը կամ ինչպես Երևանն է բնորոշում, հրահրումը։
Ռուբեն Սաֆրաստյան. - Մի քիչ առաջ ծանոթացա հայտնի «Բլումբերգ» գործակալության հաղորդագրության հետ, որը հենվելով ՆԱՏՕ-ի հետախուզական տվյալների վրա, նշում է, որ եթե չլինի Թուրքիայի միջամտությունը, ապա ըստ ամենայնի հայկական զինված ուժերը հաղթանակի կհասնեն։ Շատ կարևոր վերլուծություն է։ Ես համոզված եմ, որ այդ լրատվությունն, իհարկե, որպես ՆԱՏՕ-ի անդամ հասել է և Թուրքիային, դրա համար, ես կարծում եմ, Թուրքիան պետք է որ շատ լուրջ խնդիր լուծի՝ կամ ինքը ներգրավվում է ավելի լայնածավալ այս ագրեսիայի մեջ ադրբեջանա-թուրքական՝ ավելի մեծ ծավալով, կամ թույլ է տալիս, որ Ադրբեջանը պարտվի։
«Ազատություն». - Պարոն Սաֆրասյան, միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ նախօրեին գրեցին սիրիացի վարձկանների մասին, չնայած Բաքվի և Անկարայի հերքումներին, սրանք այն վարձկաններն են, որոնք Էրդողանն Ասադի դեմ էր օգտագործում և հիմա կարելի է ասել, որ այս զինանոցը բերել է Հայաստանի դե՞մ։
Ռուբեն Սաֆրաստյան. - Այո, մի կողմից դրանք են, նույնիսկ նշվում են այն զինված խմբավորումների անվանումները, որոնք կռվում են Սիրիայում և Թուրքիայի ազդեցության տակ են գտնվում։ Բացի դրանից կան տվյալներ, որ այստեղ Ադրբեջանի Զինված ուժերի շարքերում ներգրավում են նաև Լիբիայից բերվող վարձկաններ էլի թուրքական ազդեցության տակ գտնվող։ Մեկ ինֆորմացիա էլ եղավ, որ կան տվյալներ, որ պակիստանից մասնակիցներ կան։ Այսինքն՝ ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է ստեղծել իր հսկողության տակ գտնվող, իրեն դաշնակից այդ ջիհադիստական խմբավորումներից բավական մեծ ջոկատներ, որ նրանք օգնեն իրենց դաշնակից Ադրբեջանին։
«Ազատություն». - Մեծ, ի՞նչ մասշտաբի մասին է։ Օրինակ՝ Reuters-ը մինչև 1000 վարձկանի մասին էր գրել։
Սաֆրաստյան. - Ես կարծում եմ, այո, ավելի մեծ թվեր էլ են, կարծում եմ, դեռևս չեն հասցրել այդքան մեծ թվաքանակի, դա ավելի ռեալիստական է, մինչև 1000, կարելի է այդպես գնահատել։
«Ազատություն». - Թուրքիային ինչի՞ է պետք պատերազմի մի նոր օջախ, առանց այն էլ Արևմուտքի հետ լարված հարաբերություններ ունի։ Վերջին առնվազն կես տարում մենք տեսնում ենք՝ տնտեսությունը լավ վիճակում չէ։
Սաֆրաստյան. - Ըստ էության, լուծում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բնույթի խնդիրներ, մասնավորապես փորձում է Հարավային Կովկասում իր դիրքը որպես այստեղ ազդեցություն ունեցող երկիր ուժեղացնել ի հաշիվ Ռուսաստանի։ Մենք այս քաղաքականությունը տեսել ենք տարիների ընթացքում, մինչ այդ Թուրքիան դա իրականացրել է ավելի խաղաղ ճանապարհով, մասնավորապես, ստեղծելով առանցք՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, որը և՛ տնտեսական, և՛ քաղաքական, նաև սկսում է ձեռք բերել ռազմական բնույթ, բայց հիմա որոշել են արդեն Ադրբեջանին հրահրելով ագրեսիայի, լուծել այս աշխարհաքաղաքական խնդիրը, որ ես ասացի։
Եթե մենք սա դիտարկում ենք Էրդողանի քաղաքականության ընդհանուր շրջանակներում՝ լինի դա Մերձավոր արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Միջերկրական ծովի շրջանում, ապա կարող ենք եզրակացնել, որ դա համապատասխանում է այն գործելակերպին, որը կիրառում է Էրդողանը Թուրքիայի ազդեցությունն ուժեղացնելու համար։ Օգտագործում է տարբեր տեսակի հակամարտություններ, տեղակայում է այնտեղ թուրքական զինված ուժեր կամ վարձկաններ և դրանով իսկ բռնի ուժի կիրառման ճանապարհով փորձում է ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ