Շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով, լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են Օմարից մինչև Արաքս, ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս ներկայացրեց, թե ինչ մարտավարություն են իրենք ընտրել այս փուլում. - «Մեզ պետք է կարողանալ հակառակորդին զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես ունեցել ենք 92-94 թվականներին, այլ տարբերակ չկա այս փուլում, որովհետև դեռ քաղաքական կոմպրոմիսների, զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»:
Արայիկ Հարությունյանի խոսքով` երեկ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, թե մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ գրավել են, դրա համար բացը լրացնելու համար ավելի քան միայն 50 տանկ և այլ զրահատեխնիկա օգտագործել են: «Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել նաև Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել», - նշեց նա` հավելելով. - «Իրոք, Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները, և բոլոր մասնագետներն ասում են` դա օրերի խնդիր չէ: Եվ այն, որ սուտասան, խաբեբա ղեկավարությունն Ադրբեջանի հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, դա հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին, որ ստում է:
Այսօր երբ տեղադրում էինք հակառակորդի խոցված տեխնիկան, դրանք այնպիսի տեխնիկաներ են, որոնք հարձակողական են` տանկեր, անօդաչուներ, ուղղաթիռներ»:
Տարածվող լուրերը, թե հայկական կողմը հետ է վերցրել 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված Լելե Թեփե բարձունքը, Հարությունյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց. - «Այսօր արդեն Լալա Թափի թե Լալա Լագի՝ որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Մենք կարող է վաղը ունենանք նահանջ, կամ հակառակը՝ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ»:
Արցախի նախագահը շեշտեց, որ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը փորձում են վնասազերծել հակաօդային ուժերը, որպեսզի կարողանա խոցել քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները:
«Մենք այս պատերազմը հաղթելու ենք, համոզված եղեք», - ասաց նա` նշելով, որ նաև բազմաթիվ կամավորներ ունեն:
«Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ: Եվ լկտիությունը Թուրքիայի դուք ամեն օր տեսնում եք: Այո, մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է, խնդիրը միայն Արցախը չէ, դա մենք բոլորս պետք է իմանանք», - ասաց նա ու հավելեց, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք Ադրբեջանը չի գրավել, հայկական կողմն էլ առաջխաղացում չի ունեցել, սակայն կարողացել է վնաս հասցնել մեծ քանակի զինտեխնիկայի, ինչպես նաև մյուս կողմը մեծաքանակ կորուստներ ունի:
«Մենք պետք է շատ ավելի ծանր, երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք, ի՞նչ անենք, հակառակորդն իր ամբողջ զինվորական ուժերը շարունակում է օգտագործել: Մենք հնարավորություն ենք ունենալու ցույց տալու, առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա միայն հաշվում ենք, դրա համար մենք դիրք ենք տալու, թե դիրք ենք վերցնելու, պետք չէ դրան անդրադառնալ», - ասաց նա:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝ ասելով, որ քննարկումները շարունակվում են: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Արցախի համար այս պահին ամենակարևորը անվտանգությունն է:
«Մենք պետք է հաղթենք պատերազմում: Հաղթելուց հետո կամ հաղթելու ընթացքում արդեն քաղաքական որոշումների առումով մենք ճիշտ որոշումներ կկայացնենք», - հայտարարեց Արցախի նախագահը: