Սահմանադրական դատարանում (ՍԴ) արդեն երրորդ օրն է՝ շարունակվում է բարձր դատարանի նախագահի ընտրությունը: Միակ թեկնածուն ինքնառաջադրված Երվանդ Խունդկարյանն է, ով մինչև Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը շուրջ 20 տարի աշխատել է Վճռաբեկ դատարանում:
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ միայն դատավոր Հրայր Թովմասյանն էլ իր հերթին առաջադրել էր ՍԴ նախագահի ներկայիս պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, այդուհանդերձ, վերջիս ինքնաբացարկ էր ներկայացրել: Դրանից հետո, Թովմասյանի խոսքով, իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ բարձր դատարանի նախագահի պաշտոնում Խունդկարյանին ընտրելու պայմանավորվածություն կա, ինչի պատճառով էլ լքել է քննարկումը:
Այսօր ՍԴ նախկին նախագահը նիստի մեկնարկից ժամեր անց եկավ Սահմանադրական դատարան, վերահաստատեց նիստին ու քվեարկությանը չմասնակցելու իր նախկին հայտարարությունը, ավելին, ասաց՝ տեղեկություն ունի, որ քաղաքական շրջանակներում իր երեկվա հայտարարություններից հետո սցենարներ են փոխվել:
«Իմ ունեցած չճշտված տեղեկություններով, երեկվա իմ հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ իրենց համար քննարկվել են, բայց որ սցենարով էլ գնան միևնույն է», - նշեց Թովմասյանը:
Լրագրողների հարցին՝ այսինքն հնարավոր է նորից առաջադրումներ լինե՞ն, ՍԴ նախկին նախագահը պատասխանեց. «Այո»:
«Երբ որ ես հասկանամ՝ զրո ազդեցություն է, որևէ պայմանավորվածություն չկա, Սահմանադրական դատարանն ինքնուրույն է այդ ամբողջն անում, այդ դեպքում, բնականաբար, կշարունակեմ մասնակցել», - ընդգծեց Հրայր Թովմասյանը:
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ իր կարծիքով ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք կա և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Դատավոր Էդգար Շաթիրյանն ասաց՝ մյուս դատավորների հետ կապված որևէ մեկնաբանություն տալ չի կարող, միայն իր անունից կարող է ասել՝ ինքը չի կիսում Հրայր Թովմասյանի տպավորությունը՝ Խունդկարյանին ՍԴ նախագահ ընտրելու շուրջ եղած պայմանավորվածության վերաբերյալ:
«Ինձ մոտ նման տպավորություն չի ձևավորվել», - ասաց Շաթիրյանը:
«Ազատության» հարցին՝ այլ արժանի թեկնածու չէ՞ր տեսնում կազմում, որ որևէ մեկին չառաջադրեց, դատավորը պատասխանեց. «Ես ի սկզբանե ներքուստ որոշել էի առնվազն տվյալ փուլում ոչ ինքնառաջադրվել, ոչ էլ որպես Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրել որևէ դատավորի թեկնածությունը»:
Աշխատակարգային նիստը երեկ ընդմիջվել էր Խունդկարյանին հարցեր տալու փուլում: Դատավոր Արևիկ Պետրոսյանն ասաց՝ հարցեր տալու իր հերթն էր հասել և դրանց պատասխանները լսելուց հետո միայն այսօր որոշում կկայացնի:
Նկատենք՝ մեկ ամբողջ աշխատանքային օր դատավորները միայն որոշում էին՝ ՍԴ նախագահի ընտրությունը բաց, թե փակ ֆորմատով էին անելու: Նման երկարատև քննարկումն ամենևին էլ դատարանի բազմաբևեռ լինելու մասին չէ, ասում է Պետրոսյանը:
«Սա քաղաքական մարմին չէ, որպեսզի մենք մտածենք այստեղ բազմաբևեռություն կա, բազմաբևեռություն չկա, պետք է լինի կամ չպետք է լինի, պետք է բացառվեն այդպիսի երևույթները միանշանակ, որովհետև դա հակասահմանադրական, հակաօրինական իրավիճակ կհանդիսանա», - նշեց Պետրոսյանը:
Բացի բարձր դատարանի նախագահից, պետք է ընտրվի նաև փոխնախագահ, թե ինչ հավանական թեկնածուներ կան այս պաշտոնի համար, դատավորները փակագծեր չեն բացում, չի բացառվում, որ այսօր անգամ չհասցնեն քննարկել այդ հարցը:
Ի դեպ, Թովմասյանն ասաց՝ փոխնախագահի ընտրությանն ինքը կմասնակցի: