Սահմանադրական դատարանը նախագահ ու փոխնախագահ կընտրի վաղը

Սահմանադրական դատարանի շենքը

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը հետաձգվեց վաղը: Այսօր մոտ երեք ժամ տևած նիստի ընթացքում այդպես էլ հերթը չի հասել նախագահի թեկնածուի առաջադրման հարցին:

Նիստի ավարտից հետո ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին հայտնեց, որ ժամեր շարունակ քննարկել են մեկ հարց` նիստը լրագրողների համար դռնբաց անցկացնելու հարցը: Դատավորների մի մասը դեմ է եղել դրան, և այդ որոշումը չի ընդունվել: Թե ովքեր են դեմ եղել, Շաթիրյանն անուններ չհնչեցրեց: Ասաց, որ անձամբ ինքը դեմ չէր, որ նիստը լրագրողների համար դռնբաց լինի:

Էդգար Շաթիրյան. – «Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը ընդմիջվեց` պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը ժամը 11-ից: Ըստ էության, Սահմանադրական դատարանը անցում չի կատարել օրակարգի հարցերին` նախագահի և փոխնախագահի ընտրությանը: Քննարկման առարկա են դարձել կազմակերպական և տեխնիկական հարցեր: Այդ թվում` մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքները, որոնք առնչում էին նիստի լուսաբանմանը լրատվամիջոցների կողմից: Սահմանադրական դատարանը տևական քննարկումներից հետո նպատակահարմար չհամարեց դիմում-խնդրանքի բավարարումը: Ամեն դեպքում նիստը տեսաձայնագրվելու է Սահմանադրական դատարանի աշխատակազմի կամ աշխատակազմի ստորաբաժանումների կողմից... Բավական երկար էս հարցը քննարկվեց: Շրջանառվեցին աշխատակարգային որոշումների երկու նախագծեր: Առաջինը վերաբերում էր լրատվամիջոցների դիմումները բավարարելուն, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը: Հավանության չարժանացավ այս գաղափարը: Եվ երկրորդը վերաբերում էր աշխատակազմի կամ ստորաբաժանման կողմից նիստը տեսաձայնագրելուն: Այս որոշումը արժանացավ հավանության»:

Շաթիրյանն մեկ անգամ էլ նշեց, որ թեկնածուներ չեն առաջադրվել. – «Ես ի սկզբանե ասացի, որ բովանդակային քննարկում թե' դատարանի նախագահի, թե' փոխնախագահի մասով չի ծավալվել»:

Նիստին մասնակցում էր նաև Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Մասնավորապես, հետաքրքրվեցինք, թե արդյոք սահմանադրական փոփոխություններն առ ոչինչ համարող Թովմասյանը պատրաստվում է աշխատել նոր ձևավորված դատարանում:

«Ոչինչ չունեմ ասելու», - արձագանքեց նա: - «Երբ որ կունենամ բան ասելու և կունենամ հրապարակային ասելու, թույլ տվեք ես որոշեմ երբ ասեմ և ինչ ֆորմատով ասեմ»:

Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ովքեր են հավակնում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին: Առաջադրումները լինելու են նիստի ընթացքում:

Հարցին, թե ինչու այդքան երկար տևեց հարցի քննարկումը և ինչպիսին էր մթնոլորտը, Էդգար Շաթիրյանն արձագանքեց. – «Ժամանակի հիմնական մասը տրամադրվեց լրատվամիջոցների կողմից ներկայացված դիմում-խնդրանքների քննարկմանը: Եղան տարբեր մոտեցումներ, յուրաքանչյուրը ներկայացրեց իր դիրքորոշման հիմնավորումները: Այնպես չէ, որ մոտեցումը դրական կամ բացասական է, վերջ, և որևէ մեկը այդ առնչությամբ ասելիք չուներ: Նաև օրենսդրական կարգավորումների լույսի ներքո այս հարցը դիտարկվեց, որքանով էր դա թույլատրելի: Ինչևէ, դատարանը նպատակահարմար չհամարեց դիմում-խնդրանքի բավարարումը»:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր է հունիսից, երբ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտան, և Հրայր Թովմասյանը զրկվեց նախագահի պաշտոնից: