Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով այսօրվա դատական նիստին դատարանը հետաձգեց 2008-ի արյունալի իրադարձությունների հիմնական գործի 600 հատորը պաշտպանական կողմին տրամադրելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը։
Նախկին նախագահի պաշտպաններին է հատկացվել գործի մոտ 88 հատորը։ Սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանը պնդում է՝ հիմնական գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) իրենց չի տրամադրել ամբողջ գործը, և որ դրանցում առկա են Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հերքող բազմաթիվ ապացույցներ։
Մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը հայտարարեցին՝ այդ տվյալների տրամադրումը կարող է վնասել նախաքննության գաղտնիությանը։ Դատախազները նաև շեշտեցին՝ եթե մյուս կողմը այնպիսի տեղեկություններ ունի, որը կօգնի իրենց, ցանկացած պահի կարող են դրանք ներկայացնել դատարան: «Մեր բողոքը բավարարվել է, և ըստ էության, չլուծող դատական ակտը դեռևս պահպանում է իր օրինական ուժը, և դրանով իսկ փաստված է, որ փուլային կառուցակարգերով պայմանավորված` քրեական գործի նախաքննության ընթացքում գտնվող գործով որևէ դատարանի միջամտությունն անթույլատրելի է, և դրանով պայմանավորված չի կարող սահմանվել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը` հրապարակային դարձնելու այն քրեական գործի նյութերը, որոնք դեռևս նախաքննության փուլում են», - ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս որոշմամբ դատարանը զրկում է իրենց գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից, այնինչ, բավարարման դեպքում մինչև այս գործում առկա նյութերի քննությունն ու վկաներին լսելուն, կհասցնեին ծանոթանալ 600 հատորներին։ Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը, հակադարձելով դատախազների փաստարկներին, պնդեց՝ եթե իրենց տրամադրվեին բոլոր նյութերը, նախաքննության գաղտնիք չէր խախտվի, քանի որ դրանք քննելիս նիստը փակ կանցկացվեր։
Ամբաստանյալի աթոռին հայտնված երկրորդ նախագահի փաստաբանները այս գործի հարուցման հենց սկզբից հայտարարում են՝ չկա որևէ ապացույց, որ կհիմնավորի Քոչարյանի մեղադրանքը։ Հարցին` այս դեպքում ինչո՞ւ եք պահանջում հիմնական գործի նյութերը, Խուդոյանը պատասխանեց. - «Քանի որ դատարանը մի շարք միջնորդությունների քննություն հետաձգել է, այդ թվում` կարճման իրավական հիմքերի մասով, մենք հիմա մտել ենք փաստերի հետազոտման դաշտ, իսկ փաստերը հետազոտելիս պետք է տեսնենք` մեղադրանքի մեջ ինչ ձևակերպումներ են, ու արդյոք այդ ձևակերպումները համապատասխանում են փաստերին: Հիմա եթե մեղադրական եզրակացությունը երևի մի քանի նիստ հետո դատախազությունը կհրապարակի, կտեսնենք: Երբ այնտեղ նշվում է խաղաղ ցուցարար, մենք դրան պետք է հակադարձենք այն տվյալներով, որ այդ ցույցերը ոչ ամբողջությամբ են խաղաղ եղել»:
Հարցին, թե ձեռքի տակ եղած նյութերում չկա՞ն, որ ոչ խաղաղ ցուցարարներ էլ են եղել, նա արձագանքեց. - «Մենք ունենք որոշ բաներ, բայց ամբողջական նյութերը Հատուկ քննչական ծառայության մոտ են, ուրիշ ոչ մի տեղ Հայաստանի Հանրապետությունում այդ նյութերը չկան»:
Դատավորն այսօր նաև մերժեց Մարտի 1-ի գործով քննիչ Հրաչ Մուշեղյանին գործից հեռացնելուն և նրա հավաքած ապացույցները անթույլատրելի ճանաչելուն վերաբերող փաստաբանների միջնորդությունը։
Ըստ փաստաբանների` դրանք հավաքվել են Քոչարյանի իրավունքների խախտումներով։ Փաստաբան Խուդոյանը հիշեցրեց, որ քննիչ Մուշեղյանի որոշմամբ կալանք է դրվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև նրա որդիներ Սեդրակ և Լևոն Քոչարյանների գույքի և հաշիվների վրա։ Մինչդեռ այս գործը քննող Աննա Դանիբեկյանը Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը ճանաչել է նրա իրավունքների խախտում։ Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ քննիչ Մուշեղյանը պետք է հեռացվի գործի վարույթից. - «Քննիչ Մուշեղյանը ենթակա է եղել բացարկի: Վերջինս չի հանդիսացել լրիվ և օբյեկտիվ, համալիր նախաքննությունն իրականացրած և ապացույցներ հավաքագրած անձ, ինչի մասին վկայում են բազմաթիվ այն խախտումները, որոնք քննիչ Մուշեղյանը թույլ է տվել նախաքննության ընթացքում»:
Մեկ այլ միջնորդություն էլ ներկայացրեց փաստաբան Հայկ Ալումյանը։ Նա միջնորդեց փոփոխել դատարան հրավիրված վկաների ցանկը և ևս 126 մարդու լսել։ Ըստ Ալումյանի` այս գործում կա 984 անձ, որոնցից 872-ը վկա են, իսկ 102-ը` տուժող, իսկ 10-ն էլ տուժողների իրավահաջորդներն են։ Իսկ իր ներկայացրած 126 անձինք, թեև ճանաչվել են տուժող, բայց դատարան չեն հրավիրվել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց այս հարցի քննությունը հետաձգել և որոշում կայացնել գործի նյութերը ուսումնասիրելու ժամանակ։ Հաջորդ դատական նիստը կանցկացվի սեպտեմբերի 29-ին։