Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասի վրա դրած կալանքը դատարանի որոշմամբ հանվեց։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում մասնակի բավարարեց 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահի պաշտպանների դիմումը։ Մոտ վեց միլիոն դոլարի արժողությամբ գույքի վրա դրված կալանքը կպահպանվի։
Դատական նիստի ավարտից հետո «Ազատության» հետ զրույցում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պարզաբանեց դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը. «Ինչո՞ւ 6 միլիոն, որովհետև Քրեական օրենսգիրքը թույլ է տալիս կաշառք ստացած 3 միլիոն դրամի չափով որպես պատիժ բռնագրավում նշանակել և նույնքան գումարի չափով բռնագանձման հնարավորություն է տալիս: Երկուսը միասին ստացվում է 6 միլիոն դոլար և դրան ավելանում են նաև դատական ծախսերը»:
Մեկ բնակարան և երկու դրամական հաշիվ՝ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «Սիստեմա» ընկերության անկախ տնօրենն է։ Այդ պաշտոնում նախկին նախագահի տարեկան աշխատավարձը կազմել է 250 հազար դոլար։ Անցած նիստերից մեկում հենց Քոչարյանն էր թվարկել իր ունեցվածքը։ Ավելի վաղ փաստաբանները նաև հայտարարել էին, որ արգելանքը դրվել է` հաշվի չառնելով այն, թե, օրինակ, արդյոք երկրորդ նախագահն ունի՞ բաժնետոմսեր, արժեթղթեր։ Փաստաբան Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գույքի մի մասը կմնա կալանքի տակ, հետևաբար գոհ չեն այսօրվա որոշումից։
«Քանի որ տիկին Դանիբեկյանը հրապարակեց հենց որոշմամբ կոնկրետ տեղեկություններ, դրա համար այն իրականացվեց դռնփակ, ես այդ պատճառով չեմ կարող մանրամասների անդրադարձ կատարել կրկին, թեև դատախազն անդրադարձել է, իմ մոտեցումն այլ է: Բայց ես մի բան կարող եմ ասել, որ ամեն դեպքում մասնակի բավարարումը ինքնին հենց ենթադրում է, որ դրա հետ ասել, որ մենք ամբողջությամբ համաձայն ենք, չեմ կարող, որովհետև հիմքը հիմնական, որը ներկայացվել էր այն էր, որ տիկին Դանիբեկյանը ոչ որպես վարույթ իրականացնող մարմին, այլ որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր գտել էր, որ կալանադրված գույքը և առհասարակ կալանքի որոշումը գույքի վրա ապօրինի է, անհիմն է և իրավունքների խախտում է», - նշեց Վարդևանյանը:
Նույն պահանջով դատարանին է դիմել նաև ամբաստանյալներից Արմեն Գևորգյանը։ Այսօրվա դատական նիստին թե՛ Գևորգյանը և թե՛ մյուս ամբաստանյալները դիմեցին դատարանին՝ խնդրելով՝ Հատուկ քննչական ծառայությունից պահանջել և իրենց տրամադրել Մարտի 1-ի մայր գործի ողջ նյութերը՝ մոտ 600 հատոր։
Դրանցում, ըստ ամբաստանյալների, կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հերքում են սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի և 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի մեղադրանքը։
Այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանը պնդեց, թե այս քրեական գործը ծաղկաքաղի արդյունքում է ձևավորվել։
«Այն խորհրդակցությունը, որը ես արել եմ փետրվարի 23-ին նախագահականում, հետևանք է «Երկրապահ կամավորականում» գործընթացների, դա էր քննարկվում, բայց այդ «Երկրապահ կամավորական» ընկերությունը ինչ կատարում էր, մեկ փաստաթուղթ չկա այս քրեական գործում», - ասաց երկրորդ նախագահը:
Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց՝ տեղեկություններ կային, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ հարձակումներ էին նախատեսվում զորամասերի վրա՝ զենք հայթայթելու համար։
«Քանի որ 0038 հրամանը 79 հոդվածի մեջ էսպես ծայրից ծայր գնում է և բանակի դերակատարությունը նշում է որպես բացասական երևույթ, բայց խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերից, բացի նրանից, որ ինչ է կատարվում «Երկրապահների միությունում», ավելացվել է նաև այն, որ շատ զինվորականներ, ընդ որում՝ բարձրաստիճան զինվորականներ այդ օրերին, ըստ Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության, և նաև զինվորականներն են շատերը տեսել՝ հանրապետությունում շրջում էին զենքով, խմբերով, ընդ որում՝ դրանց մեջ կային զորամասերի հրամանատարների և այդ տեղեկությունները ոչ մի տեղ մենք չենք հանդիպել», - ասաց Օհանյանը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը թեև պնդում է, թե մեղադրանքն ինքնին անհիմն է, բայց իրենց չտրամադրված նյութերում կան տեղեկություններ, որ մարտյան իրադարձությունների ժամանակ նաև ոչ խաղաղ ակցիաներ էլ են եղել։ Նման տեղեկատվությունն, ըստ փաստաբանի, թույլ կտան հերքել մեղադրանքն առհասարակ։
«Հիմա եթե դատախազությունը պնդում է խաղաղ ցուցարար ձևակերպումը, արդյո՞ք նույն ժամական չպետք է տրամադրի բոլոր այն ապացույցները, որոնք հերքում են խաղաղ ցուցարար գաղափարը և այդ հանգամանքը: Նեղ շրջանակ ապացույցների նեկայացնելու միակ շարժառիթը եղել է տպավորություն ստեղծել իրենց մեղավորության հիմնավորվածության, որը ևս չի ստացվել», - նշեց փաստաբանը:
Մեղադրող դատախազները այս հարցի շուրջ դիրքորոշում կհայտնեն հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին: