Մատչելիության հղումներ

2008թ. հետընտրական հավաքներին ընդդիմադիրները զենք չեն կրել, հավաքները խաղաղ են եղել. ՀԱԿ ներկայացուցիչ


2008-ի հետընտրական բողոքի ակցիաների առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունից հակադարձում են սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե Մարտի 1-ի քրեական գործում կան12 տարի առաջ մայրաքաղաքի կենտրոնում անցկացված հանրահավաքների ոչ խաղաղ բնույթն ապացուցող նյութեր:

ՀԱԿ-ի իրավական հարցերով ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ իրենց թիմակիցներից և ոչ ոք հանրահավաքի վայրում զինված չի եղել. - «Ըստ էության, ապօրինի զենք և զինամթերքի մասին որևէ տվյալ չի ունեցել նախաքննական մարմինը կամ դատարանը»:

2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը երեկ դատարանում հայտարարել էր, թե տեղեկություններ կային, որ հետընտրական իրադարձությունների ժամանակ հարձակումներ էին նախատեսվում զորամասերի վրա՝ զենք հայթայթելու համար: Արմեն Խաչատրյանն աբսուրդային է որակում Օհանյանի այս գնահատականը` նկատելով` անցած տարիներին իրավապահները ո՛չ քննություն են իրականացրել, ո՛չ էլ նման տեղեկություններ են ստացել զորամասերի վրա ծրագրավորվող հարձակումների մասին։ Հակառակ դեպքում «մեզ վաղուց պատժած կլինեին», կարծում է Խաչատրյանը. - «Մենք տեսել ենք 10 օր խաղաղ հավաքի մասնակիցներ, որոնք մի հատ տերև չեն տրորել, մի հատ շենք չի վնասվել չէ՞ այդ ամբողջ ընթացքում»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի տվյալներով` անցած տարիներին զենք պահելու համար 6 քրեական գործ է հարուցվել իրենց ակտիվիստների նկատմամբ, բայց այդ զենքերը ոչ թե հանրահավաքի վայրում են հայտնաբերվել, այլ տարբեր քաղաքներում ու ըստ էության առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: «Դրանք շինծու գործեր էին, որով ակտիվիստներին ուզում էին մեկուսացնել հանրահավաքներից, - ընդգծում է Խաչատրյանը` շարունակելով, - օրինակ` Վանո Սիրադեղյանի եղբոր ու կարծեմ նրա փեսայի` 2 հոգու նկատմամբ գործ հարուցվեց, հետո դատապարտվեցին, մեկի տանը եղել է տոզի հրացան Նոյեմբերյանում, մյուսի տանը եղել է տոզի հրացանի փամփուշտ, Հուսիկ Բաղդասարյանինը` Մասիսում, Հովհաննիսյան Հովիկի փամփուշտների համար են դատել: Այդ փամփուշտները իբրև թե չեն համապատասխանել ինչ-որ կարգի և այլն: Ուզում եմ ասել` այն բոլոր գործերը, որոնք զենք-զինամթերքի 235-րդ հոդվածով են եղել, դրանցից որևէ մեկը չի վերաբերել Ազատության հրապարակում որևէ հավաքի մասնակցի»:

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչն ընդգծում է՝ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է արձանագրել, որ 2008 թ․ մարտի 1-ին Երևանի Ազատության հրապարակի հավաքը խաղաղ էր, և ոչինչ չէր կարող ենթադրել հակառակը։ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» որոշման մեջ նշվում է նաև, որ Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել որևէ համոզիչ ապացույց, որ 2008 թ․ մարտի 1-ին ընդդիմադիրները պետք է զենք բաժանեին հավաքի մասնակիցներին. - «Եվրոպական դատարանը փաստել է, որ տեղի է ունեցել ապօրինի, չհիմնավորված, անօրինական միջամտություն խաղաղ հավաքին»:

Երեկ դատական նիստի ընթացքում պաշտոնաթող նախագահն ու մյուս երեք ամբաստանյալները միջնորդեցին պարտադրել Մարտի 1-ի գործը քննող ՀՔԾ-ին իրենց տրամադրել բուն գործի նյութերը՝ մոտ 600 հատոր։ Դրանցում, ըստ ամբաստանյալների, կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հերքում են 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք ենթակաների՝ Զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի մեղադրանքը։

Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ երեկ «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ եղել են անգամ մոլոտովի կոկտեյլների մասին քրեական գործեր, որոնք կասկածի տակ են դնում հավաքների խաղաղ բնույթի մասին պնդումները. - «Որոնք վերաբերում են անձանց կողմից, որոնք ցուցարար են եղել, մոլոտովյան կոկտեյլների օգտագործմանը, քարերի օգտագործմանը, երկաթյա ձողերի օգտագործմանը, էտ ամեն ինչը չկա»:

Հակադարձելով Քոչարյանի փաստաբանին` ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը շեշտում է՝ եղել է մեկ քրեական գործ բենզինով լցված շիշը ոստիկանների ուղղությամբ նետելու և ոստիկանական ավտոմեքենան այրելու մասին։ Բայց, ինչպես և մյուս գործերը, դրանք, նախկին նախագահների ընդդիմադիրի գնահատմամբ, ապօրինի են։ Ավելի քան 20 գործով Հայաստանի վճռաբեկ դատարանն արդեն արդարացրել է նախկին ընդդիմադիրներին, հիշեցնում է Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանը պնդում է՝ ոչ ոք չի հերքում, որ մարտյան իրադարձություններն ինչ-որ պահից բախման վերածվեցին հենց այն ժամանակվա իշխանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելուց հետո։ Բայց բոլորին են հայտնի սադրիչները, որոնք կապ չունեին իրենց հետ։ Եվ այժմ Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի նաև սադրիչների հարցը. - «Հայտարարել են դատական քննության ընթացքում, որ իրենք Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել և եկել էին Երևան` խանութների թալանով, և նաև սադրիչներ են եղել, ովքեր մեքենաների հրկիզումով էին զբաղված, բախումներ էին հրահրում»:

«Ազատությունը» հարցում է ուղարկել գլխավոր դատախազություն՝ ճշտելու, թե արդյոք անցած 12 տարիների ընթացքում իրավապահները քննել են զորամասերի վրա հարձակման փորձերի, զենքով զինվորականների մասին Սեյրան Օհանյանի բարձրացրած հարցերը։

XS
SM
MD
LG