Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ճապոնիայի կայսր Նարուհիթոն, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը և Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:
Սալոմե Զուրաբիշվիլին իր ուղերձում ընդգծել է, որ Վրաստանը մեծապես կարևորում է բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների զարգացումը գործընկեր և բարեկամական երկրի՝ Հայաստանի հետ: «Վստահ եմ, որ մեր երկու կառավարությունների միջև գերազանց համագործակցությունն ու ակտիվ փոխգործակցությունը հետագայում էլ կշարունակվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Համավարակը մարտահրավեր էր մեր երկու երկրների համար, սակայն լիահույս եմ, որ համակարգված ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի դուրս գալ այս համաշխարհային ճգնաժամից, և կկարողանանք հաղթահարել հետագա սոցիալական ու տնտեսական դժվարությունները», - մասնավորապես ասված է Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
«Չինաստանն ու Հայաստանն ավանդաբար բարեկամական երկրներ են, որոնք միմյանց հաստատուն աջակցություն են ցուցաբերում երկու երկրների առանցքային շահերից բխող հարցերում: COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մեր ժողովուրդների միջև եղած խոր ու անկեղծ բարեկամությունը: Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել՝ բազմաոլորտ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար», - Արմեն Սարգսյանին գրել է Սի Ծինփինը:
«Երևանի և Հռոմի միջև հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային: Դրանք արտացոլված են մեր արգասավոր համագործակցության մեջ, որից մեր երկրները պարտավոր են լիարժեք քաղել կարևոր հնարավորություններ: Այս առումով առաջնային է մնում համերաշխությունը: Բարդ մարտահրավերների պարագայում, ինչպիսին է պահպանվող համավարակը, որը նաև ստիպեց վերակազմակերպել ցանկալի և շատ սպասված Ձեր այցը, Հայաստանը և Իտալիան կարողացել են դիմակայել արտակարգ իրավիճակին և հաստատել դրական համագործակցություն ու փորձի փոխանակում առողջապահության բնագավառում: Հուսով եմ, որ նաև Եվրամիության աջակցության շնորհիվ, որում Իտալիան ևս ավանդ ունի, հնարավոր կլինի նոր վստահությամբ նայել ապագային և զարգացման ու բարգավաճման ուղուն», - իր ուղերձում գրել է Սերջիո Մատարելլան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Իրաքի նախարարների խորհրդի ղեկավար Մուստաֆա Ալ-Քազիմին, նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, փոխանցում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: