Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահ Շթայնմայերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին


Հայաստանի Անկախության տոնի առթիվ ն նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Այս տարի Covid-19-ի համավարակի հետևանքները ստվերում են այնքան ուրախալի այս օրը: Եվս մեկ անգամ պարզ է դառնում՝ փոխկապակցված աշխարհում համընդհանուր խնդիրների լուծման համար բոլոր պետություններն ունեն միմյանց կարիքը:

2018 թվականի հայաստանյան խաղաղ փոփոխությունները և դրանցից բխած զարգացումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն իր ապագան կերտելու հարցում լի է լավատեսությամբ և հաստատակամությամբ: Ուստի վստահ եմ, որ Հայաստանը արդյունավետորեն կհաղթահարի նաև ներկայիս մարտահրավերները: Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին:

Ձեզ և Ձեր համերկրացիներին հետայսու ևս մաղթում եմ, որ խաղաղ ու բարիդրացիական միջավայրում շարունակեք զարգացնել Ձեր երկիրը, և հույս ունեմ շուտով կրկին հանդիպել Ձեզ»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն:

«Դաշնային խորհրդի անունից սիրով Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Միաժամանակ, մեր համերաշխությունն եմ հայտնում առողջապահական ճգնաժամի այս օրերին: Մեր երկու երկրների միջև լավ հարաբերությունները կարող են օգնել մեզ՝ միասին դիմագրավելու համաշխարհային մեծ մարտահրավերներին: Այս կապակցությամբ վստահություն եմ հայտնում, որ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության գերազանց կապերը կշարունակեն խորանալ նաև հետագայում», - մասնավորապես ասված է Շվեյցարիայի նախագահի ուղերձում:

Ինդոնեզիայի նախագահը, իր ուղերձում ընդգծելով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վստահություն է հայտնել:

XS
SM
MD
LG