Մատչելիության հղումներ

Փոմփեո. Հորդորում ենք վերսկսել առարկայական բանակցությունները համանախագահների հովանու ներքո


Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում են կառավարությունից:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` Խորհրդային Միությունից ձեր անկախության հռչակման օրվա կապացությամբ:

Միացյալ Նահանգները հանձնառու է զարգացնել մեր երկկողմ գործընկերությունը՝ դրանով իսկ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների կապերը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարգավաճման ցանկության վրա: Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի հետևողականությունը», - ասված է ուղերձում:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև` ԱՄՆ-ն ողջունում է թափանցիկության, օրենքի գերակայության և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի գործադրած շարունակական ջանքերը և կշարունակի աջակցել այդ հարցում:

«Մենք նաև կշարունակենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Չնայած COVID-19-ը այս տարի եզակի մարտահրավեր է նետել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների համագործակցությունը:

Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի», - ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG