Պեսկով. «Նավալնիի թունավորման հարցով հետաքննության հնարավորությունները սահմանափակ են»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ջրի շիշը, որն, ըստ Գերմանիայի և արևմտյան այլ պետությունների փորձագետների պնդումների, դարձել է Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառը, գուցեև կարող էր համարվել իրեղեն ապացույց, սակայն Նավալնիի աջակիցներն այն դուրս են տարել Ռուսաստանից:

«Այստեղ ավելի շատ հարցեր են, քան պատասխաններ, դժբախտաբար, հետաքննություն կատարելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակված են, որոշ իրեր դուրս են տարվել Ռուսաստանից, մենք չունենք ստուգումների արդյունքներին ծանոթանալու որևէ հնարավորություն, դա է՛լ ավելի է բարդացնում հետաքննությունը»,- անցած ուրբաթ օրն ասել է Պեսկովը:

Նավալնիի աջակիցների փոխանցմամբ, նրանք այդ շիշը և մի շարք այլ իրեր վերցրել են Տոմսկ քաղաքի հյուրանոցից, որում թունավորման նախօրեին հանգրվանել էր ընդդիմադիր գործիչը:

Գերմանացի փորձագետները պնդում են, որ շշի վրա հայտնաբերել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի հետքեր:

Ալեքսեյ Նավալնին հիմա բուժվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Արևմտյան երկրների ղեկավարները Մոսկվայից պահանջում են հետաքննել Նավալնիի թունավորման հանգամանքները: Նրանք Նավալնիի հետ տեղի ունեցածը համարում են ընդդիմադիր գործչին ֆիզիկապես ոչնչացնելու փորձ: