Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում բուժում ստացող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր Ինստագրամում իր թիմակիցների նկարահանած տեսանյութն է հրապարակել ու բացատրել, թե ինչ ջրի շշի վրա են գերմանացի մասնագետները հայտնաբերել «Նովիչոկ» նյութի հետքերը:
Այդ շիշն ընդդիմադիր գործչի թիմակիցները գտել են Տոմսկի հյուրանոցի նրա համարում այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Նրա թիմակիցները, փաստաբանի հետ միասին գնացել են նրա հյուրանոցային համար և հավաքել ու տեսագրել այն ամենն, ինչ եղել է սենյակում, այդ թվում նաև ջրի պլաստիկ շշերը, որոնք էլ այնուհետև ուղարկել էին Բեռլին:
Նավալնիի թիմակիցներն, այսպիսով, վստահեցնում են, որ ընդդիմադիր գործչին թունավորել են Տոմսկի հյուրանոցում, ոչ թե օդանավակայանում:
"Проект" հետաքննական պարբերականը գրում է, որ հյուրանոցի նախասրահում և Նավալնիի համարի մուտքի մոտ կան տեսախցիկներ, որոնց ձայնագրությունները կարող են օգնել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, սակայն ուժայիններն առգրավել են հյուրանոցի տեսադիտարկման համակարգի բոլոր սերվերներն ու տեխնիկան:
Սեպտեմբերի 4-ին գերմանական Der Spiegel պարբերականը հայտնել էր, որ «Նովիչոկ»-ի հետքերը հայտնաբերվել են նաև Նավալնիի ջրի շշի վրա, ավելի ուշ թունավոր նյարդապարալիտիկ նյութի մասին տեղեկությունը հաստատել էին Ֆրանսիայի և Շվեդիայի փորձագետները:
Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Նավալնիի օրգանիզմում գտել են «Նովիչոկ» խմբի քիմիական թունավոր նյութի հետքեր, իսկ կանցլեր Անգելա Մերկելը կատարվածի շուրջ բացատրություն էր պահանջել Ռուսաստանից: Ռուսական իշխանությունները կտրականապես հերքում են իրենց մասնակցությունը ընդդիմադիր քաղաքական գործչի թունավորմանը:
Նավալնիի հետ կատարվածն իսկական ճգնաժամ է առաջացրել Ռուսաստանի և Եվրամիության առանց այդ էլ բարդ հարաբերություններում: Եվրախորհրդի պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են սառեցնել Ալեքսեյ Նավալնիի հետաքննությունների «հերոսների» եվրոպական հաշիվները: Այս մասին ասված է նախօրեին հրապարակված՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող բանաձևի նախագծում: Խորհրդարանականները կարծում են, որ Եվրամիության երկրները որքան հնարավոր է շուտ պետք է ընդլայնեն ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները: Եվրոպական պատգամավորները մտադիր են նաև ընդդիմադիր գործչի թունավորման միջազգային հետաքննություն նախաձեռնել՝ ներգրավելով Եվրամիությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:
Ռուսական «Կարևոր պատմություններ» օնլայն պարբերականը պարզել է, որ Ալեքսեյ Նավալնիին և նրա թիմակիցներին վերահսկել են Անվտանգության դաշնային ծառայության միանգամից մի քանի ստորաբաժանումներ, ընդ որում՝ քաղաքական գործիչը գերատեսչության հսկողության տակ է արդեն ավելի քան 10 տարի: Իրավապահները ոչ միայն կազմակերպել են Նավալնիի և նրա կողմնակիցների հսկողությունը, այլև տեղադրել են գաղտնալսող սարքեր այն տարածքներում, որտեղ այցելել են ընդդիմադիրները, կոտրել են նրանց էլեկտրոնային նամակագրությունը:
Նավալնու թունավորումը լուրջ ճգնաժամ է առաջացրել Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններում։ Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանը վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները Ալեքսեյ Նավալնիի թունավորման կապակցությամբ:
Այսօր Եվրոխորհրդարանում ընդունված բանաձևում ասվում է անհապաղ միջազգային հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ: Եվրապատգամավորները նաև լայնածավալ համագործակցության կոչ են անում Ռուսաստանի իշխանություններին՝ «միջազգային անկողմնակալ հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:
Բացի այդ, Եվրախորհրդարանը պահանջել է Ռուսաստանի նկատմամբ «որքան հնարավոր է շուտ լուրջ սահմանափակումների ցուցակ մշակել, ներառյալ «Հյուսիսային հոսք – 2»-ի շինարարության հնարավոր կասեցումը, և խստացնել գոյություն ունեցող պատժամիջոցները»:
Բանաձևի առաջարկները Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկելու են սեպտեմբերի 21-ին:
Ռուսաստանը կտրականապես հերքում է, թե Նավալնուն թունավորել են Ռուսատսանում «նովիչոկ» տիպի նյութով և պնդում է, որ Օմսկի հիվանդանոցում անցկացրած նրա անալիզներում թունավոր նյութերի հետքեր չեն հայտնաբերվել: Ռուսաստանցի փորձագետ Կիրիլ Մարտինովը համարում է, որ Մոսկվայի այս պահվածքը ստիպում է Եվրամիությանը գնալ կոշտ քայլերի:
«Այս անգամ Եվրամիությունը ստիպված է լինելու կոշտ արձագաքնել և կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում նաև կասեցնել «Հյուսիսային հոսք-2» գազտատարի շինարարության ավարտական աշխատանքները», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասում է ռուսաստանցի փորձագետը: