Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, պատմել է իր առողջական վիճակի մասին: Ինստագրամում նա, մասնավորապես, գրել է, որ դեռևս չի կարողանում ինքնուրույն օգտվել հեռախոսից, իսկ ջուր լցնելն ու խմելը վերածվում է «ատրակցիոնի»:
Ենթադրաբար «Նովիչոկ»-ով թունավորված Կրեմլի կոշտ քննադատը նաև պատմել է, որ որոշ ժամանակ առաջ չէր ճանաչում մարդկանց և չգիտեր՝ ինչպես խոսել: Նրա խոսքերով՝ խնդիրներ դեռ շատ ունի, սակայն բժիշկները լուծել են ամենակարևորը՝ «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածել են մեկի, ով կարողանում է արագ թերթել Ինստագրամի էջերը և առանց մտածելու հասկանալ՝ որտեղ դնել «լայքեր»:
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ 44-ամյա Նավալնին թունավորվել է Ռուսաստանում ստեղծված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով, ինչը հաստատել են նաև երկու անկախ եվրոպական լաբորատորիաներ:
Ռուսաստանի իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը Կրեմլի կոշտ քննադատի հետ տեղի ունեցած միջադեպին, նաև հավաստիացնում, թե երկրի տարածքում չկան «Նովիչոկ»-ի պաշարներ, դրանք ոչնչացվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության կանոնակարգերին համապատասխան։
Անցած օրերին Նավալնիի թիմակիցները, ինչպես նաև "Проект" պարբերականի հետաքննող լրագրողները պարզել են, որ ջրի շիշը, որի վրա գերմանացի մասնագետները հայտնաբերել են «Նովիչոկ» տեսակի թույնի հետքերը, գտնվել է Նավալնիի հյուրանոցային համարում: "Проект"-ը պնդում է, որ Նավալնին օդանավ է նստել արդեն թունավորված։