Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը այսօր Ազգային ժողովում երդմամբ ստանձնեց նոր պաշտոնը. - «Երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»:
Այսօր ավելի վաղ Խունդկարյանը վայր էր դրել Վճռաբեկ դատարանի նախագահի և Քաղաքացիական ու վարչական պալատի դատավորի լիազորությունները: Ավելի քան քսան տարի աշխատանքից հետո Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Խունդկարյանը նաև դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը` միաժամանակ հրաժարվելով այդ միության նախագահի պաշտոնից: Այս պաշտոններն անհամատեղելի էին ՍԴ դատավորի կարգավիճակի հետ:
Խունդկարյանի հետ ընտրված երկու դատավորները` Նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի ու Կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի երդմամբ ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնել էին երեկ: Այսպիսով Սահմանադրական դատարանի ամբողջական կազմը ձևավորված է, և 10 օրվա ընթացքում դատավորներն իրենց կազմից պետք է ընտրեն ՍԴ նոր նախագահ:
Մամուլը չի բացառում, որ այդ պաշտոնի հավանական թեկնածուն հենց Երվանդ Խունդկարյանն է: Ազգային ժողովի քննարկումների ժամանակ պատգամավորներն ամենաշատ հարցերն հենց այս դատավորին էին ուղղել: Իսկ Կառավարության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հանդես են եկել նրա հասցեին ուղղված քննադատությամբ` Խունդկարյանին համարելով նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձ, ով դատական համակարգի նկատմամբ վստահության պակասի մեղավորներից մեկն է:
ՍԴ նոր դատավորների ընտրությունը բոյկոտած ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, այսօր արձագանքելով վարչապետի վերջին ընդարձակ գրառմանը, հռետորական հարց հնչեցրեց` միգուցե իշխանությունների սխալներից մեկն էլ Երվանդ Խունդկարյանի այսօրվա երդո՞ւմ էր. – «Սա լեգիտիմ ընտրված միակ իշխանությունն ա, որը իրա սխալները չի ընդունում... Ինչ սխալ իրանց ասվել է, իրանք չեն ընդունել: Հետ գնացեք նայեք: Բայց հիմա ասում ա` հա, դե արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում ո՞րն ա սխալ: Որ նոր պարոն Խունդկարյանը երդվեց էստեղ, կարո՞ղ ա էդ նկատի ունի, որ սխալ են արել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր էջում հրապարակել էր երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթի տեքստը: Ծավալում ելույթում վարչապետը ըստ էության խոսել էր աշխատանքի ընթացքում սխալվելու հավանականության մասին` ասելով. – «Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա»:
Երեկ Փաշինյանն անպատասխան թողեց փոփոխված Սահմանադրական դատարանի մասին «Ազատության» հարցը:
Ավելի վաղ նա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանի ճգնաժամը վերացել է. – «Կարծում եմ, որ էն, ինչ որ տեղի ա ունեցել Ազգային ժողովում, կարևոր բան ա տեղի ունեցել` Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել ա, փակվել ա: Արդյո՞ք սա նշանակում ա, որ ձևավորվել ա իդեալական Սահմանադրական դատարան: Ոչ, չի նշանակում, որ ձևավորվել ա իդեալական Սահմանադրական դատարան»:
Սահմանադրական դատարանի աշխատակազմից «Ազատությանը» փոխանցեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված է աշխատակարգային նիստ, որի օրակարգում ներառված է նաև Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը:
Բարձր դատարանում թափուր տեղերն առաջացան հունիսին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո, երբ ՍԴ նախագահի պաշտոնը կորցրեց Հրայր Թովմասյանը, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորներ ուղարկվեցին թոշակի: