Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը պահանջում է, որ հեղափոխական կառավարությունն ընդունի նախորդ կառավարության սխալն ու շտկի իրավիճակը


Armenia-Director "A1+" Mesrop Movsesian, 11Dec2019
Armenia-Director "A1+" Mesrop Movsesian, 11Dec2019

«Ա1+» -ն ընդդեմ Հայաստանի կառավարության գործով դատական նիստն հերթական՝ արդեն 4-րդ անգամ անցավ առանց պատասխանող կողմի՝ կառավարության ներկայության։ 18 տարի առաջ եթերից զրկված «Ա1+»-ը պահանջում է, որ հեղափոխական կառավարությունն ընդունի նախորդ կառավարության սխալն ու շտկի իրավիճակը:

«Ա1+-ի» սեփականատեր «Մելտեքս» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով, կառավարությունն այսպիսի վարքագծով պարզապես արհամարհում է այս գործընթացը. – «Նրանք դիտավորյալ չեն գալիս նիստին, բոյկոտում են, և դա շատ վատ է: Մանավանդ նոր Հայաստանում: Եթե տեղի է ունեցել նախկին իշխանությունների կողմից ժողովրդի իշխանության բռնազավթում, որի քաղաքական գնահատականը դեռ չի տրվել, ապա դա սկսվել է «Մելտեքսի» գործից: Գոնե ներկա եղեք այս նիստին: Ներկայացրեք ձեր առարկությունները կամ պնդումները, կամ միգուցե դուք համաձայնե՞ք, որ տեղի է ունեցել խախտում: Չէ՞ որ ի վերջո մենք վիճարկում ենք դեպքեր, որոնք տեղի են ունեցել ոչ թե այսօր, այլ նախկինի նախկին իշխանությունների օրոք»:

Հիմա դատարանում վիճարկում են 7 վարչական ակտեր, որոնք կայացվել են 2003 թվականին: Պահանջում են դրանք առոչինչ ճանաչել, այլ ոչ թե անվավեր։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը պատմել էր, որ այն ժամանակ ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը պարզապես հրահանգ է ստացել «վերևներից»։

«Ա1+»-ը փակվեց «Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, ժամանակն է, որ հեռուստաընկերության դեմ որոշումներ ընդունած նույն դատավորներն այսօր ինքնամաքրման ճանապարհ անցնեն», - ասել էր «Ա1+»-ի հիմնադիրը։

Հիշեցնենք, 2002-ին դեկտեմբերին տնտեսական դատարանը՝ դատավոր Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ, վարույթ էր ընդունել «Ա1+» և «Նոյյան Տապան» ընկերությունների մրցակիցների («Դար-21», «ԱրմենԱկոբ», «TV-5», «Երևան», «Էվ») համատեղ հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի։ Մեկ տարի անց դատարանը մերժել էր հայցը։

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը կայացրած վճիռները բողոքարկել էր ՄԻԵԴ-ում, որն էլ 2008-ին վճռել էր՝ Հայաստանին պարտավորեցրել «Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ընկերությանը վճարել 30 հազար եվրո։

«Ազատության» հարցին, թե արդյոք այսօր նշմարվում է այդ ինքնամաքրման ճանապարհը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ ՍԴ դատավոր ընտրվեց հեռուստաընկերության հայցը մերժած Խունդկարյանը, Ա1+ի ղեկավարը նախ արձագանքեց, որ գոհ է գործով դատավոր Դանիել Դանիելյանի աշխատանքից, իսկ Խունդկարյանի մասին հարցին փիլիսոփայորեն պատասխանեց. – « Դրանով կարելի է արդեն ենթադրել, որ ինքնամաքրման ճանապարհ դատաիրավական համակարգը արդեն սկսել է անցնել: Նույն ճանապարհին է նաև Խունդկարյանը, որը կնքահայր դարձավ դատավարությունների շարքին, մերժման: Իսկ հիմա երևի ինքնամաքրման ճանապարհ ա ընտրել... Իսկ իրան նշանակելը... ճիշտն ասած, ինձ համար միևնույն է որտեղ իրեն կնշանակեն, միայն թե մաքրված ինքը այնտեղ նստի»:

Թեև բողոքարկվող որոշումները 7-ն են, բայց 17 տարիների ընթացքում 13 մրցույթի են մասնակցել։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ այդ մրցույթներում հաղթող էին ճանաչվում ընկերություններ, որոնք որևէ կերպ հայտնի չէին ո՛չ լսարանին, ո՛չ լրագրողական հանրությանը։ Այսօր, ի լրումն արդեն իսկ ներկայացված հայցի, ևս երկու միջնորդություն ներկայացվեց, որոնց նպատակն է հիմնավորել, որ «Ա1+»-ի փակումը քաղաքական որոշում է եղել, հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է խտրական մոտեցում։

Արա Ղազարյան. – «Բավական դժվար գործ է սա: Մենք պետք է ապացուցենք մի բան, որը առերևույթ չի երևում: Մենք չենք կարող տեղեկանք բերել, ասենք, Նախագահի աշխատակազմից, որ տեղի է ունեցել նրա նկատմամբ խտրականություն կամ կուլիսների հետևում է տեղի է ունեցել գաղտնի քաղաքական պայմանավորվածություն: Բոլորը գիտեն, որ դա տեղի է ունեցել»:

Ամենայն հավանականությամբ հաջորդ տարի հեռուստաընկերությունների լիցենզիաների նոր մրցույթ է հայտարարվելու: Մեսրոպ Մովսիսյանն ասում է, որ մասնակցելու են։

Դատական նիստի ժամանակ փաստաբան Ղազարյանը, պատասխանելով դատավորի հարցին՝ իսկ եթե հանկարծ նորից չհաղթեն, կասեք, որ նոր իշխանությունները և՞ս խտրական վերաբերմունք ցուցաբերեցին «Ա1+»-ի նկատմամբ, պատասխանեց, որ քաղաքական կուրսը փոխվել է, մեջբերեց վարչապետի խոսքերը ազատ մամուլի, ազատ դատական համակարգի վերաբերյալ. – «Քաղաքական իշխանության նոր քաղաքականությունը բացառում է խտրական վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ այսօր:

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 17-ին։

XS
SM
MD
LG