Ռուսաստանի նախագահական աշխատակազմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ մականուն են տվել` «Մորուք», և հատուկ ուշադրությամբ հետևում են նրա ամեն մի քայլին, պնդում է «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին:
Հետաքննության հեղինակներն ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից: Թե ինչ ճանապարհով` «Դոսյե»-ն չի մանրամասնում: Հայտնի է միայն, որ խորհրդային տարիներին ԿԳԲ-ի սպա Չերնովը 2012-ից ղեկավարում է Կրեմլի` Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ և մշակութային կապերի վարչությունը: «Իրականում, այդ կառույցը ստեղծվել է ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու և Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար», - պնդում է «Դոսյե»-ն՝ հավելելով. - «Գեներալն իր ամենամեծ հաջողությունը արձանագրել է Հայաստանում, որտեղ «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործում՝ և՛ ակնհայտ, և՛ շատ ընդհատակյա»: «Նրանք արմատներ են գցել համարյա բոլոր պետական կառույցներում` կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, Արտաքին գործերի նախարարությունում», - պնդում է զեկույցն ու օրինակ բերում՝ 2018-ին, երբ Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, ռուսամետ Հայկ Բաբուխանյանն այցելել էր Ղրիմ, Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը, ինչը շատ արագ հայտնվել է Կրեմլում:
2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ «Դոսյե»-ի տրամադրության տակ եղած փաստաթղթերի, գեներալ Չերնովի ենթակաները սկսել են հատուկ ուշադրությամբ հետևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանցից մեկը` ոմն Սվետլանա Մաքսիմովա, զեկուցել է. - «Մինչև օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: Թե ով է այդ Միշան, և որն է կոշտ սցենարը` չի հստակեցվում:
Մեկ այլ զեկուցագրում էլ նույն Սվետլանա Մաքսիմովան գրում է. - «Ստացվում է` Փաշինյանը իր չափերը չի ճանաչում, դե, դե, սպասենք, տեսնենք, ինչպես է սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արևմտամետ ձրիակերների բացահայտեց»:
Ըստ «Դոսյե»-ի ուսումնասիրած փաստաթղթերի, գործակալ Մաքսիմովան հետևում է նաև հայաստանյան այլ, իրենց բնորոշմամբ՝ արևմտամետ քաղաքական գործիչների, օրինակ` Հանրային խորհրդի ղեկավար Ստեփան Սաֆարյանին:
Մաքսիմովայից բացի. Փաշինյանի մասին Կրեմլին տեղեկագրեր է ուղարկում նաև մեկ այլ աղբյուր, որը հանդես է գալիս «Կանդիդատ» («Թեկնածու») ծածկանվան տակ: «Կոմպրոմատներից» մեկում վերջինս գրել է. - «Փաշինյանը զերծ է մնում ետխորհրդային միասնությունից, նա անգամ չմեկնեց Մոսկվա` Հաղթանակի շքերթին մասնակցելու», մյուսում էլ՝ պնդել, թե Փաշինյանի օրոք «ամերիկամետ քաղաքական գործիչներն են եկել իշխանության»:
«Ռուսաստանի այդ բարեկամ-գործակալները քողազրկվելու ու բացահայտվելու վախ չունեն, քանի որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց է հայտնի որպես ռուսականի` Լյուբլյանկայի մասնաճյուղ, ղեկավար կազմում էլ շարունակական փոփոխություններ են ու խառնաշփոթ, որն ուղեկցվում է աղմկոտ պատմություններով», - նշում է «Դոսյե»-ն: Այս շարքում հետաքննությունը հիշատակում է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին, ով, ըստ նախաքննության, ինքնասպան եղավ այս տարեսկզբին, ապա` Արթուր Վանեցյանին: «Վերջինս ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում աշխատեց մոտ մեկ տարի, պաշտոնանկությունից հետո դարձավ Փաշինյանի կոշտ քննադատը, և հիմա նրան հաճախ են տեսնում Մոսկվայում` ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ», - փաստում է «Դոսյե»-ն:
Ուշագրավ են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք ԱԱԾ ղեկավար Կարլոս Պետրոսյանի մասին տեղեկությունները: Ըստ «Դոսյե»-ի, մոտ հինգ տարի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության թիվ մեկ պատասխանատուն պաշտոնաթողությունից անմիջապես հետո Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել` հատուկ կարգով, և մինչ այժմ ապրում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ հաջողել է բնակարան գնել 200 միլիոն ռուբլով` ավելի քան երկուսուկես միլիոն դոլարով: Բացի այդ, ըստ «Դոսյե»-ի, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար , գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը նաև առանձնատուն է ստացել մերձմոսկովյան Մալախովկայում, ընդ որում՝ անձամբ նախագահ Պուտինի կարգադրությամբ: Թե որ ծառայությունների դիմաց` դժվար է կռահել, քանի որ Պուտինի այդ որոշումը գաղտնի է եղել: Հայտնի է միայն, որ այդտեղ` Պետրոսյանի հարևանությամբ է ապրում նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության` ФСБ-ի նախկին փոխտնօրեն, գեներալ-գնդապետ Վիկտոր Կոմոգորովը:
Հետաքննության մեջ նշվում է նաև մեկ այլ ուշագրավ փաստ. Ռուսաստանի նախագահական աշխատակազմում` գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունում, ի թիվս այլ փաստաթղթերի եղել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը: «Ծառուկյանը հաճախ է լինում Մոսկվայում, անցած տարի փետրվարին էլ նրա կուսակցությունը համագործակցության արձանագրություն է ստորագրել Պուտինի «Եդինայա Ռոսիա»-ի հետ», - հիշեցնում է «Դոսյե»-ն: «Կրեմլի այս գործընկերը բավական բուռն կենսագրություն ունի», - նշում է հետաքննությունն ու մանրամասնում. - «1979-ին խորհրդային ոստիկանության ծառայող Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության համար և պատիժը կրել Նիժնի Տագիլում` ոստիկանների համար նախատեսված "Красная Утка" կալանավայրում»:
Թե երբ և ինչ նպատակով է Ծառուկյանի անձնագրի պատճենը հայտնվել ու պահվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի թղթապանակում, հետաքննությունը չի մանրամասնում, բայց փաստում է, որ նա ժամանակին աջակցել էր Փաշինյանին, իսկ հիմա դարձել է նրա գլխավոր ընդդիմախոսն ու հրաժարականն է պահանջում:
Քաղաքական գործիչներից, ներդրված գործակալներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, ըստ հետաքննության, Կրեմլի հետ սերտորեն աշխատում են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը` Լազարևյան ակումբը, օրինակ, ձևավորվել է Թավշյա հեղափոխությունից հետո, ռուսական կողմից, ըստ «Դոսյե»-ի, այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդամակցողների շարքում են Զորի Բալայանը, ով տարիներ առաջ նամակ էր գրել նախագահ Պուտինին, ու պնդել` Ղարաբաղի հարց չկա, կա Ռուսաստանի հարց, Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով մինչ օրս ամեն շաբաթ ակումբի կայքում քարոզչական հոդվածներ է հրապարակում, որոնցից մեկն, օրինակ, վերնագրված է` «Գլոբալիստների նախագիծը`Նիկոլ Փաշինյանը, ֆիասկո ապրեց. ինչ է լինելու հետո»:
Ակումբի առաջին լիագումար նիստում` 2018-ի նոյեմբերին, ելույթ էր ունեցել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկօրյա այդ հավաքն, ի դեպ, անցել էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ» խորագրի ներքո: