Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը վարչապետը չի քննարկի։ Խորհրդարանը 84 դեմ, 35 կողմ ձայներով մերժեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը։
Նախարարի՝ դահլիճում չլինելու փաստը դուր չեկավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
«Լուսավորի» այս առաջարկի արդյունքում լարվածության նոր ալիք սկսվեց «Բարգավաճ Հայաստան»-ի և իշխող ուժի միջև։ Երեկ իր եզրափակիչ ելույթում սեռական դաստիարակության թեմային անդրադառնալով՝ Արայիկ Հարությունյանը կոշտ ակնարկներ հնչեցրեց հորմոնները չզսպելու և սեռական բռնություն կիրառելու հետ կապված։ ԲՀԿ-ն սա վանկարկումներով ընդունեց և բոյկոտեց հետագա նիստը։ Ծառուկյանը ժամանակին մեղադրվել է բռնաբարության մեջ և տարիներ անց արդարացվել։ ԲՀԿ-ականները ակնհայտ են համարում նախարարի ակնարկները։
Այսօր արդեն այս առճակատումը այլ մակարդակ ստացավ։ Առավոտյան վարչապետ Փաշինյանը ըստ էության նախարարի ելույթը խրախուսող գրառում կատարեց իր էջում. «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»:
Վարչապետի գրառմանը հաջորդեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը. «Ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ Ծառուկյանի գրառումը ուղղված չէ վարչապետին, ինքը գրառման մեջ այլ հասցեատեր է տեսել. «Ծառուկյանի էջում, որը որ հայտնվել է, վերաբերում է Պետրոսյան Գևորգին, որի հետ կապված մամուլում, ինչպես նաև տարբեր տեղերում տեղեկություններ են պտտվում, որ ինքը առողջական խնդիրներ է ունեցել մշտապես»:
ԲՀԿ-ից չեն մանրամասնում՝ ում է նկատի ունեցել Ծառուկյանը, բայց չեն բացառում, որ գրառման հետքերով սահմանադրական փոփոխությունների նախագիծ կներկայացնեն:
«Ով որ պետք է, որ իրեն տեսներ, իրեն գտներ այդ գրառման մեջ, վստահաբար տեսել է և գտել է, սրան ավելացնել որևէ բան չեմ կարող», - ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ազատության» հարցին՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի՞ն էր ուղղված, Տոնոյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ով որ պետք է, որ իրեն գտներ, իրեն տեսներ, հասկանար, որ հասցեատերն ինքն է այս հաղորդագրության, վստահաբար դա տեղի է ունեցել»:
Նախարարի երեկվա ելույթից հետո ԲՀԿ-ն հիմա ավելի համառորեն է պահանջում նրա հրաժարականը, չեն բացառում նույնիսկ փողոցային ակցիաները։
«Պարոն Հարությունյանի պաշտոնավարումը մեզ համար բացարձակ անընդունելի հանգամանք է: Մենք կառավարության 100-տոկոսանոց հրաժարականի անհրաժեշտության մասին խոսել ենք դեռևս ամիսներ առաջ, մեր ծրագրերում և պլաններում որևէ բան չի փոխվել», - ասաց Իվետա Տոնոյանը:
Դեռ երեկ ԲՀԿ-ն չէր բացառում Արայիկ Հարությունյանի դեմ իրավական գործընթաց սկսելու տարբերակը։ Հարցը դեռ քննարկում են փաստաբանների հետ:
«Ազատության» հարցին՝ իրավական գործընթացի դեպքում իրենց համար որպես պատասխանող նաև Նիկոլ Փաշինյանին տեսնո՞ւմ են, Տոնոյանն արձագանքեց. «Մենք ինքնին գործընթացի հնարավորությունն ենք հիմա իրավաբանների հետ քննարկում՝ հասկանալու համար նյուանսները: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ երբ որ կհնչի հասցեական դիտարկում, գնահատական և կլինի այդ դուխի առկայությունը, և նրանք անվանական ինչ-որ բան կասեն «Բարգավաճ Հայաստանի» կամ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, վստահաբար պատասխանը չի ուշանա»:
Հետաքրքիր է, որ երկու կողմից էլ բարեկրթության նորմերը չանցնելու հորդորներ են հնչում ու պնդում, որ հակառակ կողմը բազմիցս է անցել կարմիր գիծը։ Չնայած այս պնդումներին՝ 7-րդ գումարման ԱԺ-ում և ոչ մի դրվագով էթիկայի հանձնաժողովի ձևավորվման նախադեպ չկա։
ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեցինք նաև՝ իրենց համար այդքան քննադատելի քաղաքական ուժի ու գործչի հետ կապված այս մտահոգությունները առկա չէի՞ն, երբ հետհեղափոխական շրջանում համատեղ հուշագիր էին ստորագրում: «Այդ տեղեկությունները պարոն Ծառուկյանի հետ կապված, որ նա դատապարտված է եղել բռնաբարության համար եկեղեցու տարածքում, ինչպես նաև կողոպուտի, հայտնվել են շատ ուշ, քան ձեր նշած իրադարձությունները, ուստի կարծում եմ՝ հետադարձ քրեական գործը եղել է ավելի վաղ, բայց դրա մասին որևէ մեկը տեղեկություն չի ունեցել, չի հրապարակվել: Եթե իմանայինք... ես չեմ կարող նման հարցերին պատասխանել: Կա իրողություն, հեղափոխություն է տեղի ունեցել, իր փուլերն են եղել, տարբեր դերակատարներ են եղել՝ փոքր, մեծ և այլն, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել, և բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց վերմակի չափը», - պատասխանեց Սիմոնյանը:
Նկատենք, նման զարգացումներ ստացած քննարկման պատճառ է դարձել ֆեյսբուքյան մի օգտատիրոջ տարածած այն կեղծ տեղեկատվությունը, թե 1999 թվականին հրատարակված «Սեռական առողջության այբբենարան» վերնագիրն ունեցող գրքով դասավանդելու են տարրական դասարաններում։ Գրքի համահեղինակ, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Խաչիկյանը պարզաբանել էր, որ գրքույկը նախատեսված չի եղել դպրոցական ծրագրի համար, այն տրամադրվել է մասնագիտական սեմինարի շրջանակում, որի մասնակիցները եղել են 16 տարեկանից բարձր անձինք, և որ գրքույկները ոչնչացվել են՝ մասնակիցների կողմից բացասական արձագանքից հետո։ Նախարարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ գրքույկը դպրոցական ծրագրում ներառված չի, ինչպես և ներառված չի «սեռական դաստիարակություն» անունով որևէ առարկա։
«Իմ քայլից» վստահ են՝ քննադատության այս կեղծ ալիքը օգտագործելով էլ Արայիկ Հարությունյանի հրաժարականի օրակարգ է ձևավորվել։ ԲՀԿ-ն հակադարձում է՝ իրենք երբևէ գրքի մասին գրառում չեն արել, պարզապես մտահոգվում են սեռական դաստիարակություն գաղափարից ընդհանրապես։