ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի հարցը ԱԺ-ում փոխադարձ մեղադրանքների առիթ դարձավ

Այսօր Ազգային ժողովը քննարկում էր կառավարությանն ուղղված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը, որով ընդդիմադիր խմբակցությունը պահանջում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նախ խոսեց նախարարը, ասաց` խելամիտ առաջարկները հաշվի կառնեն, բայց ներքաղաքական շահարկումներին տեղի չեն տա։ Անուն առ անուն թվարկեց համայնքների անունները, որտեղ վերանորոգման աշխատանքեր են եղել ու շարունակեց. - «Այս համայնքները չեն հավատալու կոյուղաջրերի հետ խաղալը չարաշահողներին, իմ խրտվիլակով ամբողջ Հայաստանը շրջած և փոքր թվով մարդկանց աջակցությունը ստացածներին, երրորդ ուղու մանիպուլյացիաներով շարունակ զբաղվողներին, տուկի թելով գերողներին»:

Ելույթից հետո հարցեր հնչեցին հիմնականում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։ Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց` նախարարը վաղվա ինչպիսի՞ քաղաքացի է ուզում ունենալ: «Ազատություններն իմացող, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի, և հենց այս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ եթե մենք ունենք այսպիսի քաղաքացի, պարոն Գորգիսյան, այլևս այդ խմբերը կամ քաղաքական ուժերը որևէ աջակցություն չեն կարող ունենալ հանրության մեջ, որովհետև այն արժեքները, որոնք նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից և աջակցություն չեն ցուցաբերելու այդ խմբերին», - պատասխանեց նախարարը:

«Պարոն Հարությունյան, Ձեր ասածից դուրս է գալիս, որ Դուք ուզում եք ունենալ սերունդ, որոնք կուենան կոնկրետ քաղաքական կողմնորոշում, կմերժեն կոնկրետ քաղաքական ուժերին կամ մոտեցումները», - ասաց Գորգիսյանը:

«Մենք ուզում ենք, որ ունենանք մի քաղաքացի, որն ազատ է, գիտի իր իրավունքներն ու պարտականությունները: Դուք ասում եք` ուզում եք, որ կոնկրետ քաղաքական ուժի հետևորդ դառնա, այսինքն` ձեր հետևնորդներն այս որակները չպե՞տք է ունենան, Դուք ա՞յդ եզրակացությունն արեցիք այս ամեն ինչից», - շարունակեց Արայիկ Հարությունյանը: Գորգիսյանը հակասություն է տեսնում ազատության մասին նախարարի խոսքի ու ուսուցիչների վախի մթնոլորտի մասին ունեցած իր տեղեկությունների մեջ. - «Մարդիկ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չէ, այլ իրենց բարեկամինն, այսպես ասենք, որովհետև Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը»:

«Լո՞ւրջ եք ասում, հա՞, երբեք, ամենայն պատասխանատվությամբ եմ Ձեզ ասում` 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այդքան ազատ չի եղել, որքան հիմա է», - եղավ նախարարի արձագանքը:

Հարցերին հաջորդեցին ելույթները։ «Լուսավորից» Անի Սամսոնյանը հայտարարեց, որ սուպերնախարարի հավակնություններ ունեցող Արայիկ Հարությունյանը ձախողել է իր ենթակայության բոլոր ոլորտներում. - «Ձեր պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո կրթության հիմնահարցերը թողած` Դուք պատերազմ հայտարարեցիք մասնավոր «Այբ» դպրոցին և պարտվեցիք այդ պատերազմում: Դուք հրապարակային և ոչ հրապարակային սկսեցիք նվաստացնել մանկավարժներին, ծաղրել նրանց կարողությունները, Դուք հայտարարեցիք, որ ապակուսակցականացնում եք դպրոցները, բայց կառավարման խորհուրդներում հանրապետականներին դանդաղ փոխարինեցիք ՔՊ-ականներով»:

Քիչ չէին ելույթների համար հերթագրված իմքայլականները, որոնք հերթով մոտենում էին ամբիոնին ու իրենց աջակցությունը հայտնում Արայիկ Հարությունյանին: Նման հնարավորություն բոլոր ցանկացողները չունեցան. հարցապնդման քննարկմանը հատկացված էր 90 րոպե։ «Իմ քայլից» Սարգիս Խանդանյանն անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի ծագումնաբանությանը։ Ժամանակին նման պահանջ էին առաջ քաշել ՀՅԴ -ից, այսօր էլ առանձին նախաձեռնող խմբեր կան, որոնք պարբերաբար ակցիաներ են անցկացնում այս նույն պահանջով. - «Շրջանառվող այս օրակարգը այս դահլիճում չի ձևավորվել, այլ սպասարկում է կամ կրկնօրինակում է որոշ մերժված, հակահետադիմական, տեղ-տեղ հակապետական ուժերի օրակարգին»:

«Իմ քայլից» Արթուր Հովհաննիսյանն ափսոսանք հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցությանը անվստահություն հայտնելու ընթացակարգ չկա, ու անվստահություն հայտնեց ընդդիմադիրների հայերենի իմացությանը` մատնանշելով «Լուսավորի» կողմից ԱԺ դահլիճ բերված «Քայլ արա՛, դուխով հեռացիր» պաստառը. - «Ձեր հայերենի իմացությանը, որովհետև շեշտը, օրինակ, «արա» բառի վրա չի դրվում, և դա իմանալ գոնե պետք էր կրթության նախարարին անվստահություն հայտնելուց առաջ: Պարոն նախարար, Ձեզ հաջողություններ եմ մաղթում Ձեր գործում և հեղափոխական արդյունքներ»:

Խմբակցությունների անունից ելույթների ժամանակ «Լուսավորը» հաստատեց հրաժարականի մասին իր պնդումը, ԲՀԿ-ն էլ հայտարարեց «Լուսավորին» միանալու մասին։ Արայիկ Հարությունյանի եզափակիչ ելույթի ժամանակ «Լուսավոր Հայաստան»-Արայիկ Հարությունյան առճակատումը վերածվեց ԲՀԿ-Արայիկ Հարությունյան հակամարտության: ԲՀԿ-ակաները անձնական վիրավորանք որակեցին նախարարի որոշ հայտարարություններ. - «Ինչ-որ այլասերվածությունից եք խոսում, չգիտեմ` ինչից եք խոսում: Գիտե՞ք` այս չափորոշիչներն ինչի մասին են, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն: Այ դա է սովորեցնելու: Ինչ վերաբերում է այդ դասագրքին, ժողովուրդ ջան, սա 98 թվի դասագիրք է, դասագիրք չի, մեթոդական...»: Դահլիճից աղմկում էին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց լռություն պահպանել. - «Նորմալ քաղաքական բանավեճ է ընթանում, առաջարկում եմ` պարոն Հարությունյանն արագ ամփոփի, հետո պիտի դեռ լսենք տիկին Կոստանյանին…»:

Նախարարը շարունակեց. - «98 թվի գիրք է, այդ ֆրակցիայի ներկայացուցիչները պնդում են, որ մենք այս գիրքը պետք է մտցնեինք դպրոց, կատարյալ սուտ»:

Ելույթից հետո ԲՀԿ-ն հայտարարեց ԱԺ հարցուպատասխանը բոյկոտելու մասին և չբացառեց նախարարի դեմ իրավական գործընթաց սկսելու հավանականությունը։ Հստակեցնող հարցին, թե հորմոնները զսպելու նախարարի հայտարարության մեջ ԲՀԿ պատգամավորները Գագիկ Ծառուկյանին ուղղված ակնարկ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ, հնչեց պատասխան` կրկին լսել նախարարի ելույթը, և ամեն ինչ ակնհայտ կլինի։ Ծառուկյանը տարիներ առաջ մեղադրվել է բռնաբարության մեջ, հետո էլ արդարացվել։

«Տարօրինակ ակնարկներով համեմված ելույթներ ունենալու փոխարեն` ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը համենայն դեպս պատմության մեջ մնալու է որպես միակ նախարարը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի պատասխանատուն, ով այսպես հպարտությամբ իր աշխատասենյակում տրանսգենդերի էր ընդունում»:

Հարցապնդման քննարկմանը զուգահեռ ԱԺ-ի դիմաց անցկացվում էր բողոքի ակցիա Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Նախարարի անվստահության հարցը կքվեարկվի վաղը առավոտյան։

Հարցի քննարկման ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, որևէ խմբակցություն չի կարող միևնույն հարցապնդումով կառավարությանը կրկին դիմել կամ քննարկված հարցապնդման արդյունքով ներկայացնել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: