«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կարծում է, որ իշխանությունը հակաքարոզչություն է սկսել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ՝ 40 տարվա վաղեմության պատմություններին նոր երանգներ տալով։ «Մարդ պետք է բարոյական սահմաններ ունենա, որ չանցնի և հինավուրց, Գյուլնազ տատու հեքիաթները նոր ինչ-որ երանգներով բան անի»,- ասաց նա:
Երեկ համացանցում հայտնվել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի լուսանկարները։ Այստեղ երևում է, որ դատավճիռը հրապարակվել է 1979 թվականին խորհրդային դատարանի կողմից: Դատավճռով Գագիկ Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության ու գողության կատարման համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Թե արդյոք Ծառուկյանը կրել է խորհրդային դատարանի նշանակած պատիժը, թե՝ ոչ, հայտնի չէ։ Խորհրդային դատարանի որոշման մեջ ասված է, որ որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չի, սակայն դատավճռից շուրջ 22 տարի անց` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ` 2001թ. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դատավճիռը բեկանվել է, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը` «կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», և նա արդարացվել է: Ըստ վճռի` «սպառված են լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները, հատկապես հաշվի առնելով նաև այն, որ դեպքից շուրջ 22 տարի է անցել»:
Ծառուկյանի թիմակից Աբովյանը պնդում է՝ անձնական ու քաղաքական հարթությունները խառնելը վկայում է այն մասին, որ ներկա իշխանությունը չի տիրապետում ո՛չ անձնական և ո՛չ էլ քաղաքական հարաբերությունների կանոններին.- «Ոչ ադեկվատ, հիստերիկ և բարոյական բոլոր սահմաններն անցած իրավիճակ է, և ցավում եմ, որ բոլոր այն խնդիրների դեմ պայքարելու տեղն այսօր ամբողջ իշխանական թիմը լծված է մեր դեմ պայքարի: Նվազագույնը բարոյականության շեմ, չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ, դե եթե խառնեցին, ի՞նչ ասեմ: Դա ցույց է տալիս և ավելորդ անգամ ապացուցում է այն թեզը, որ այն եռանդով, որով լծվեցին իրենք «Բարգավաճ Հայաստանի» դեմ կռիվ տալով, պարոն Ծառուկյանի դեմ կռիվ տալով, թող այդ նույն եռանդով լծվեն սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելով»:
Աբովյանի կուսակից Իվետա Տոնոյանն էլ ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր, թե իշխանությունը դիմել է ամենակեղտոտ մանիպուլյացիաներին, և հրապարակել մեկ այլ` Վճռաբեկ դատարանի որոշման լուսանկարը՝ ընդգծելով, որ այս գործով մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել: Իր հերթին Արման Աբովյանը շեշտեց՝ զարմանալի է, որ այս մի փաստաթուղթը նույն ջանասիրությամբ Ֆեյսբուքում չտարածվեց.- «Այս գործի շրջանակներում պարոն Ծառուկյանն արդարացվել էր դատարանի կողմից, չգիտես` ինչու դրա մասին չեն ասում»:
Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի։ Ըստ էության, ԲՀԿ-ն պահանջում է նաև վարչապետի հրաժարականը։ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն այսօր վերահաստատեց Ծառուկյանի խոսքերը.- «Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դիմակայել բոլոր այդ իրավիճակներին, խնդիրներին, և այո, ամբողջ կառավարությունը պիտի փոխվի»:
Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության` «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն սկսել է հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Թե որ ուժերի կամ գործիչների հետ, չեն մանրամասնում:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» ավելի վաղ հայտնել էին՝ «Բարգավաճ Հայաստանից» հանդիպման առաջարկ չեն ստացել։ ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը «Ազատությանը» փոխանցեց՝ կառավարության թերությունների մասին իրենք միշտ են խոսել։ Ծառուկյանի հանդիպումների օրակարգը, ըստ Սամսոնյանի, անհայտ է։ Ինքը` պատգամավորը չի պատերացնում՝ ինչ ասել է 100 տոկոսով փոխել կառավարությունը.- «Ենթադրենք` վարչապետին անվստահություն հայտնեն, հայտնեցինք, ո՞վ պիտի լինի հաջորդ վարչապետը, կամ այս մեծամասնության հետ կա՞ որևէ վարչապետի թեկնածու, ով պատրաստ է աշխատել այս որակի մեծամասնության հետ: Այստեղ խնդիրներ են ծագում: Մենք այս պահին կարծում ենք, որ վարչապետին անվստահություն հայտնելու դեպքում վարչապետի թեկնածու որպես այդպիսին պետք է լինի օրինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, իսկ ընդհանրապես մենք պատրաստ չենք այս քաղաքական մեծամասնության հետ նման ձևաչափով աշխատել»:
Իշխանական «Իմ քայլից» հայտնում են` այս պատմության մեջ դիտորդի դերում են։ Պատգամավոր Հրաչ Հակոբյանի խոսքով՝ թող համախմբվեն վարչապետի հրաժարականը պահանջող բոլոր ուժերը, և ժողովուրդն էլ կտեսնի՝ ովքեր են այս ծանր վիճակում թիկունքից հարվածողները.- «Որովհետև ժողովուրդն այսօր փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չվարակվի կորոնավիրուսով, որպեսզի առողջ լինի, և կան ուժեր, որոնք ստահոդ լուրեր են տարածում, մեկը ասում է` սուտ է, մեկն ասում է` դիմակ մի՛ կրեք, մեկն ասում է` դիմակ կրեք, բայց հերթ մի՛ կանգնեք, այսինքն` ամեն ինչ անում են այդ ուժերը, այդ անհատները, որպեսզի ժողովուրդը վարակվի, իսկ դա նշանակում է ժողովրդին թիկունքից հարվածել, և այս ստեղծված իրավիճակում ժողովրդի գերակշռող վստահությունը վայելող կառավարության հրաժարականը պահանջելը նույնպես թիկունքից հարվածել է»: