Մատչելիության հղումներ

«Կխնդրեմ ամպագոռգոռ հայտարարություններով չվախեցնել». ԿԳՄՍ նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ։ Արայիկ Հարությունյանն այս մասին հենց ասուլիսին հայտարարեց։ Նախարարը պատրաստ է հրաժարական տալ այն դեպքում, երբ զգա` իրենք սխալ ուղղությամբ են գնում։ «Ես կխնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով և էսպես հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել` ոլորտը բարեփոխելու, ես այդ առաքելությունը ներկայում իրականացնում եմ», - ասաց նա:

Գերատեսչության նախաձեռնությունները վերջին շրջանում հանրային բուռն քննարկումների առիթ են դառնում, նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում նրա ընդդիմախոսները։ Այսօր արդեն հարցը նաև խորհրդարան է հասել։ Նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստանինն» է։ Խմբակցությունում դժգոհ են Հարությունյանի աշխատանքից։ Ընդդիմադիրները նույնիսկ «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ պաստառ էին բերել նիստերի դահլիճ։

«Արայիկ Հարությունյանին իշխանության ներսում այս դահլիճում նստած 88 հոգին հանդուրժում են միայն նրա համար, որ ինքը ընդամենը հեղափոխության առաջնորդներին մեկն է, այլ արժանիք որպես ոլորտի պատասխանատու այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ իսկ պատճառով լռում են, բայց ես ուզում եմ նորից դիմել իմ գործընկերներին Ազգային ժողովում, որտեղ մենք միասին աշխատում ենք, որ կրթությունն այն հարցն է, որ իրենք չպիտի լռեն», - հայտարարեց Անի Սամսոնյանը:

«Լուսավորը» խորհրդարանում առաջարկում է ընդունել որոշում, որպեսզի վարչապետը քննարկի Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Խմբակցությունը գործող իշխանությունից ավելի վաղ երկու նախարարի պաշտոնանկության հարց էր բարձրացրել, սակայն Ազգային ժողովը նման որոշում չէր ընդունել։

Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու հարցին, ասաց` Ջուլֆալակյանի հետ վերջին ամիսների ընթացքում որևէ քննարկում չի ունեցել, նա հնարավորություն ուներ այդ հարցերը բարձրացնելու համար. - «Հնարավոր է, որ այդ քննադատության, կոնկրետ քննադատության մի մասը ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր այսպես ասած` դիրքորոշումներում այն փաստերը, որոնք դրա հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը»: Արսեն Ջուլֆալակյանը իր՝ մանդատից հրաժարվելու որոշումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով էր պայմանավորել։

XS
SM
MD
LG