Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, ՊԵԿ նախկին նախագահը նիստին ներկա չէր

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, 9 տարբեր հանցագործությունների համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանն այսօր իր գործով դատական նիստին չէր մասնակցում, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվեց։

Արդեն շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող 64-ամյա Խաչատրյանն այսօր կալանավայրից նամակ էր հղել դատավորին. «Ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանից դիմում է ստացվել այն մասին, որ վերջինս առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին»:

Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից մեկը համարվող Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 22 միլիոն դոլար կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանի կողմից պետության պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։

Նախկինում սուպերնախարար տիտղոսով հայտնի Խաչատրյանի հետ մեղադրյալի աթոռին են նրա երկու որդիներն ու երկու եղբորորդիները, նրանցից երեքը հիմա հետախուզման մեջ են։ Այսօրվա նիստին մասնակցում էր Խաչատրյանի եղբորորդիներից Կարեն Խաչատրյանը, ով ևս կալանքի տակ է։ Վերջինս 2008-ից 2014 թվականները բարձր պաշտոն է զբաղեցրել ՊԵԿ-ում, և ըստ իրավապահների, հորեղբոր հետ այնպես է արել, որ կոմիտեի բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքի չգնան, բայց աշխատավարձ ստանան։

Խաչատրյաններն, ըստ մեղադրանքի, նաև կազմակերպել են, որ մաքսային 6 տեսուչներ աշխատանքի ժամերին ապահովեն մաքսայինի պետ Արմեն Ավետիսյանի անվտանգությունը։ Խաչատրյաններից որևէ մեկը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Գործով մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն այսօր դատավորին առաջարկեց նամակով պարզել՝ արդյո՞ք Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերին։

Դատական նիստի ավարտից հետո «Ազատության» հարցին՝ արդյո՞ք միտում տեսնում է ամբաստանյալի գործողություններում, դատախազը պատասխանեց. «Դեռևս վաղ է միտման մասին խոսելն, իմ կարծիքով, հետագա արդեն դատաքննությունը ցույց կտա միտում կա, թե չկա: Իմ կողմից կատարված միջնորդությունը դրան էր ուղղված, որպեսզի կարողանանք պարզել արդյոք միտում կա՞, թե՞ չկա, արդյոք ներկայումս, այսօրվա դրությամբ ի՞նչ առողջական վիճակում է գտնվում Գագիկ Խաչատրյանը և նրա ներկայանալուն ուղղված խոչընդոտներ կա՞ն, թե՞ ոչ»:

Ըստ փաստաբանների` Գագիկ Խաչատրյանը ողնաշարի լուրջ խնդիրներ ունի։ Ամիսներ առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անդրադարձել էր այս հարցին և պարտավորեցրել կառավարությանը Խաչատրյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն տրամադրել Հայաստանում, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժման միջոցով, նաև հնարավորություն տալ նրան կազմակերպել իր բուժումը օտարերկրյա մասնագետների կողմից Հայաստանում։

Երկու շաբաթ առաջ, ինչպես նաև այսօր դատախազը հայտարարեց՝ այժմ Խաչատրյանը ստացիոնար բուժման կարիք չունի։ Մինչդեռ փաստաբան Ամրամ Մակինյանը շարունակում է ահազանգել՝ պաշտպանյալը քայլելու հետ կապված խնդիրներ ունի։

«Իրականում Գագիկ խաչատրյանի առողջական վիճակն այսպիսին է երկարատև մասնագիտական բուժում նաև չստանալու պատճառով: Անձի առողջական վիճակը չի կարող լավանալ առանց մասնագիտացված բուժման, դա ավելի վատթարանում է, պարոն Խաչատրյանի վիճակն օրեցօր ավելի վատթարանում է՝ հենաշարժողական մեծ դժվարությամբ ու բավականին սրացած ցավերով: Գալ ու նստել դատական դահլիճում, դա պրակտիկորեն այս պահին առնվազն անհնար է», - նշեց Մակինյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո հայտնվելով մեղադրյալի աթոռին՝ նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ հայտարարեցին, թե ծանր հիվանդություններ ունեն և պետք է բուժվեն արտերկրում։ Գագիկ Խաչատրյանից բացի, իրենց հիվանդությունների մասին սկսեցին բարձրաձայնել Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա մտերիմ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանը, նույն գործով ամբաստանյալ և այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, Հանրապետականի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ հայտնի Սուրիկ Խաչատրյանը։