AstraZeneca-ն դադարեցրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը

AstraZeneca դեղագործական ընկերությունը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը, երբ այն ստացած կամավորի մոտ անհասկանալի հիվանդություն է զարգացել:

Խոստումնալից պատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca- ի և Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից, COVID-19 դեմ պատվաստանյութերի առաջատար թեկնածուներից մեկն է:

AstraZeneca- ն սեպտեմբերի 8-ի իր հայտարարությունում նշել է, որ «դադարեցրել է պատվաստումները, որպեսզի թույլ տա անկախ հանձնաժողովին վերանայել անվտանգության տվյալները»: Բրիտանա-շվեդական ընկերությունը դա անվանել է «սովորական գործողություն»՝ նշելով, որ այն պետք է տեղի ունենա ամեն անգամ, երբ փորձարկման ընթացքում պոտենցիալ անհասկանալի հիվանդություն է ի հայտ գալիս:

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 27,6 միլիոնին, հիվանդությունից մահացել է 897,6 հազար մարդ, ապաքինվել՝ 18,5 միլիոնը: