Խաշթառակցի երեխաները տեղափոխվեցին Երևանի մանկան տուն

19 օր Մուրացան համալսարանական կլինիկայում անցկացնելուց հետո Խաշթառակցի երեխաները 5 եղբայր ու մի քույր տեղափոխվում են Երևանի Մանկան տուն:

«Լավ էր ստեղ», - միջանցքում աշխույժ պտտվում էր քույրը. – «որ ստեղ ամեն ինչ ուտըմ ենք»:

Հիվանդասենյակում խառը իրավիճակ է, իրերն են հավաքում, հիմնականում նվեր ստացած խաղալիքներ: Փոքրիկները կամավորների գրկին են, մեծերին էլ չեն ասել, թե նրանց ուր են տեղափոխում:

Միայն 9-ամյա նարեկն էր գլխի ընկել և շատ անտրամադիր էր. – «Մեզ մանկատուն են տանըմ»:

Այստեղ էր նաև երեխաների տատիկը՝ Էմմա Հակոբջանյանը: Նա մանկատունը լավ լուծում է համարում, եթե ստացվի հետո էլ Իջևանի մանկատուն տեղափոխեն, իր համար ավելի հեշտ կլինի. – «Ինձ էդպես հարմար ա, որ կարողանամ էրեխեքի հետ շուտ-շուտ շփվեմ: Բայց Նարեկը լացացնում ա ինձ...»

Հակոբջանյանների ընտանիքում, ինչպես հետո պարզվեց, մկնդեղից բոլորն էին թունավորվել: 6-ամյա Սերգեյը «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում այդպես էլ գիտակցության չգալով մահացավ: Բռնությո՞ւնն էր պատճառը, թե՞ թունավորումը... Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրվել երեխայի պապին ու հորաքրոջը։

6-ամյա Սերգեյի մայրը երեկ է մահացել. 28-ամյա Անուշը Խաշթառակից արգանդային արյունահոսությամբ տեղափոխվել էր «Միքայելյան» վիրաբուժական կենտրոն, բժիշկները հաստատել էին, որ արյան մակարդելիության խնդիր է, այսինքն` թունավորման հետևանք: Մոտ երկու շաբաթ առաջ կինը Իջևանի բուժկենտրոն էր տեղափոխվել, այնտեղից` Սևանի հոգեբուժարան:

Բժիշկները շեշտում են, որ մկնդեղային թունավորման դեպքում երկարատև հակաթունային թերապիա է անհրաժեշտ, արդյո՞ք հոգեբուժական հաստատությունում կինն ստացել է այդ բուժումը։ Առողջապահության նախարարությունից փոխանցում են, թե ուղեկցող էպիկրիզում նման ցուցում չի եղել։

«Մանկատուն տեղափոխվող երեխաների դեպքում էլ անհրաժեշտ է բուժում», - շեշտում է համալսարանական կլինիկայի թունաբանության բաժնի ղեկավար Մարինե Գրիգորյանը: - «Երկու շաբաթվա ընթացքում շարունակական ստացել են հակաթունային թերապիա, մակարդելիությունը կարգավորող դեղամիջոց, որը պետք է շարունակեն ստանալ անգամ դուրսգրումից հետո: Որովհետև առնետների դեմ այդ հակամակարդիչ դեղամիջոցը ունի երկարատև ազդեցություն, և անհրաժեշտ է, որ երեխաները, բոլորը, և ընդհանրապես ընտանիքի մնացած անդամները վերահսկվեն Արյունաբանական կենտրոնում»:

Եթե տան փոքրերը մկնդեղի կարմիր հատիկները որպես կոնֆետ են ծամել, ապա մեծե՞րն ինչու են թունավորվել: Թոռներին այցի եկած տատիկի կապտուկները տեսնելով՝ բժիշկները հետազոտել ու տեսել են, որ նա էլ մկնդեղային թունավորում ունի:

Օգոստոսի 18-ին ձերբակալված, ապա կալանավորված պապը 10 օր թունավորված և անազատության մեջ է եղել, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Արմենիա» բուժկենտրոն: Տիկին Էմման պնդում է, որ ամուսնու թունավորման հավանականության մասին իրավապահներին ի սկզբանե է ասել:

Թունաբանության բաժնի ղեկավարը ենթադրում է, որ տան մեծերը հավանաբար թույնի դոզան ստացել են սննդի միջոցով. – «Տատիկը շփվել է այդ թույնի հետ, թույնը նաև մաշկի միջոցով կարող է ներծծվել: Ինքը թույնի հետ շփվելուց հետո ձեռքերը չի լվացել, և դա կարող էր պատճառ դառնալ»:

Հոգեկան առողջության ու զարգացման խնդիրներ ունեցող մեծահասակների խնամքին մնացած երեխաներն այժմ ունեն այլ կարգավիճակ. նրանք առանց ծնողական խնամքի են, նրանցից հրաժարվել են ծնողները և խնամակալ տատիկը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյան.«Դեռևս որդեգրման ենթակա չեն, որովհետև ծնողները չեն համաձայնել որդեգրման գործընթաց սկսելուն»:

Մարտիրոսյանն ասաց, որ պետք է այնպես անեն, որ քույր-եղբայրներով միասին մնան: Սակայն մանկատունը լավ լուծում չէ. – «Ամենաքննարկվող տարբերակը իրենց համայնքում խնամատար ընտանիքներում երեխաներին տեղավորելն է, Խաշթառակում կամ կից համայնքներում, որպեսզի երեխաները գոնե իրենց տանը մոտ լինեն և տատիկին մոտ լինեն»:

Երեխաները հիվանդանոցի միջանցքում տեսան մեկ տարեկան եղբորը ու բառացիորեն փոքրիկի գլխին լցվեցին: Փոքրը իրենցից մոտ 20 օր առանձին է եղել, կարոտել էին, գրկել ատամիկներն էին ստուգում, փորձարկում, թե արդյոք արդեն քայլում է:

Հիվանդանոցի բակում մեքենան երկար է սպասում:

Խաշթառակի ողբերգությունը, որ պայթեց օգոստոսի կեսին` սկզբում ծեծված 6-ամյա երեխայի, ապա թունավորումների մի ողջ շղթայով, շարունակվում է: Տան մահացած հարսը, ծանր վիճակում գտնվող պապը և երեխաները, որ իրենց գյուղն ու տունն են ուզում:
Դեպքը դատապարտեցին ու մտահոգվեցին բազմաթիվ կառույցներ , գերատեսչություններ: Իսկ դեպքը շարունակվում է ...