Մատչելիության հղումներ

Խաշթառակցի երեխաները պատմում են` թե՛ ծեծվել են, թե՛ մկնդեղ կերել


«Պապիկը մեզ չի ծեծել, մաման, ինքն ա միշտ մեզ ծեծել, բացի Նարեից: Նարեին կամաց ա խփում, ինձ ա ծեծում, Արթուրին ու Սերգոյին»:

Հակոբջանյանների ընտանիքում մեծացող բոլոր 7 երեխաներն էլ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ճանաչվել են տուժողներ:

«Ես մկնդեղ չեմ կերել, մենակ Սերգոն ու Նաիրին են կերել, էն փոքրը»: «Չեմ կերել, կարող ա ճաշիս մեջ լցրած լինեն», - ասում են նրանք:

Երեխաները ծեծվե՞լ են, մկնդեղ ե՞ն կերել, թե՞ երկուսը միասին, այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Երեկ ձերբակալվել է խաշթառակցի 28-ամյա Մարիաննան՝ իր հինգ և եղբոր երկու անչափահասներին ձեռքերով, ոտքերով, փայտով պարբերաբար ծեծելու կասկածանքով, մինչև այդ էլ երեխաների պապն էր ձերբակալվել:

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում պատմում էին, որ տան մեծահասակները, տատիկից բացի հոգեկան առողջության ու զարգացման խնդիրներ ունեն, և երեխաները մեծանում են բառացիորեն առանց խնամքի: Յոթ երեխաները բոլորն էլ այժմ երևանյան բուժհաստատություններում են՝ երկուսը` «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում, վեցամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազմաթիվ վնասվածքներ, անգիտակից է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Երեխաներից հինգը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում են: Հիվանդանոցի մանկական վերակենդանացման և թունաբանության կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանն ասում է. - «Քանի որ առանց ծնողների ուղեկցության են բերվել երեխաները, մենք անամեստիկ տվյալներ չենք ունեցել ի սկզբանե, բայց երեխաների խոսքերով իրենք օգտագործել են մկների համար նախատեսված դեղեր»:

Գրիգորյանի խոսքով` հինգ երեխաներից չորսը էկզոգեն թունավորում ունեն, հակաթույն ստացել են և դեռ պետք է ստանան, քանի որ ենթադրաբար մկնդեղը օրգանիզմում երկար է մնում. - «Արյան մակարդելիությունը խաղտող ազդեցություն, և դրա հետևանքով առաջանում են մարմնի վրա տարբեր հատվածներում, հատկապես շփման տեղերում կապտուկներ»:

Իսկ ամենափոքրը՝ մեկ տարեկան տղան, նորածնային վերակենդանացման բաժնում է, ոչ թե թունավորման պատճառով, այլ որ 24-ժամյա խնամք է պետք: Այստեղ գտնվող հինգի վիճակն էլ բժիշկ Գրիգորյանը բավարար է գնահատում, բայց և շեշտում՝ նրանք դուրսգրումից հետո էլ պետք է հսկողության տակ լինեն. - «Հետագա դիսպանսեր հսկողությունը կատարվելու է արյունաբանների կողմից Յոլյանի անվան արյան փոխներարկման ինստիտուտում»:

Չորսն էլ նույն պալատում են, քրոջն ու եղբայրներին կառավարում է երեխաներից ամենամեծը` 9-ամյա տղան, բոլոր հարցերով նրան են դիմում: Համալսարանական կլինիկայի բժիշկներին նաև ուսանողներն են միացել, բուժում, խնամում, գուրգուրում ու զբաղվում են երեխաների հետ: «Մեզ լավ են նայում,- ամփոփում է մեծը. - Առավոտյան վեր են կենում, հատակը մաքրում են, որ կեղտոտ չմնա, մեր մասին հոգ են տանում: Երբ որ մեկը ոտաբոբիկ է լինում, ասում են` գնացեք, կոշիկները հագեք, որ չմրսեք, չհիվանդանաք, առավոտյան հաց են տալիս, ճաշին, մեկ էլ երեկոյան: Մեզ միշտ հետևում են իրենք: Երեկ էլ մի բժիշկ ինձ ու Նարեին իջեցրեց, որ ձկնիկներին ներքևում տեսնենք»:

Տնեցիներից միակը, ում հետ կապ է պահպանում հեռախոսով, տատիկն է, բոլոր երեխաները միաձայն են ասում՝ տատիկին ենք սիրում. - «Մենակ տատիկին»:

Տղան մի քիչ սրտնեղած էր՝ առավոտից տատիկի հետ խոսել չէր կարողացել, բայց համբերատար է, գիտի, որ տատիկն անընդհատ ցուցմունքներ է տալիս: Մի քիչ ուշ, բայց կապը ստացվեց. - «Ջան, ո՞նց եք, ի՞նչ եք անում..»:

Բոլորն էլ խելոք են մնում երեխաներից ավագի հսկողության ներքո, ինքն էլ սմարթֆոնով ռազմաշունչ երգեր է միացնում ու ձայնակցում. - «Ընկեր Գուլակյանը էտքան երգեր էր տվել, էս խի՞ մտքիցս ընկավ»:

Տատիկից հետո տղայի մյուս լուսավոր կետը ընկեր Գուլակյանն է` Խաշթառակի միջնակարգ դպրոցի դասվարը, հեռախոսն էլ ինքն է տվել, որ հեռավար սովորի:

Ի՞նչ է լինելու այս երեխաների ապագան, քանի դեռ նրանց տան մեծերը կամ ձերբակալված են, կամ ցուցմունքներ են տալիս, զուգահեռ դատաբժշկական փորձաքննություններով դեռ պետք է պարզվի՝ արդյոք նրանք բռնության պահին գիտակցել են, թե ինչ են անում։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ երեխաների ճակատագիրը քննարկելու, նաև ճշտելու՝ արդյոք համայնքապետարանի խնամակալության հոգաբարձության մարմինն ու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժինը չեն թերացել:

«Միակ թերացումը, եթե որպես այդպիսին գնահատենք, այդտեղ է եղել է, որովհետև չի կարող ուշադրության կենտրոնում գտնվող ընտանիքում այսպիսի դեպք կատարվել: Այլ բան է, երբ որ դու չիդենտիֆիկացնես, որ այդ ընտանիքը խնդիր ունի, բայց այլ բան է, երբ որ նույնականացվում է, որ այդ ընտանիքը խնդիր ունի», - ասաց Տավուշի մարզպետը:

Մարզպետ Չոբանյանը շեշտում է` ընտանիքը սոցիալական աջակցություն պարբերաբար ստացել է թե տեղական իշխանությունից և թե հասարակական կազմակերպություններից, բայց փաստ է՝ պետք էր ավելի խորանալ, նույնիսկ եթե ընտանիքում բռնություններից բողոքող չի եղել: Ինչ վերաբերում է երեխաների ապագային, Հայկ Չոբանյանը շեշտեց` նրանք առայժմ տուն չեն գնա. - «Հույս ունեմ, որ առավելագույն կապաքինվեն երեխաները, ընտանիքի անդամները, և ավարտից հետո մեր նախնական որոշմամբ իրենք որոշակի վերականգնողական ընթացք կանցնեն այլ խնամքի հաստատությունում: Զուգահեռաբար մեր ծառայություններն ու կազմակերպություններն աշխատում են ընտանիքի հետ»:

Երեխաներից մեծը խնամքի հաստատություն գնալու հեռանկարի մասին լսել է, առարկություն չունի. - «Որ էնտեղ լինեմ, մեկ ա` տատիկը գալու ա, ինձ տեսնի»:

XS
SM
MD
LG