Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ կոնֆլիկտ չկա, նա պատրաստ է հաջորդ ամիս գալ Երևան ու միանալ թիմին, Էստոնիայի ընտրանու դեմ այսօր կայանալիք հանդիպումից առաջ հայտարարեց ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
«Դատելով նրա հետ ունեցած զրույցից՝ կարող եմ ասել, որ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է գալ Երևան ու նվիրումով խաղալ հավաքականի և երկրի համար», - վստահեցրեց մարզիչը:
Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Մխիթարյանն ընտրանու այս հավաքին չի միացել: Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հենրիխը Կապառոսին ասել է՝ լավ մարզավիճակում չէ, ուստի չի կարող միանալ հավաքականին, սակայն ֆուտբոլային հանրության պնդմամբ՝ հավաքականին չմիանալու պատճառն ամենևին էլ մարզավիճակը չէ, այլ՝ ֆեդերացիայի հետ ունեցած խնդիրները: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի օրը՝ սեպտեմբերի 5-ին Մխիթարյանը մասնակցում էր «Ռոմա»-ի ընկերական հանդիպմանը և նույնիսկ գոլի հեղինակ էր դարձել:
Իսկ Էստոնիայի հետ այսօր Երևանում կայանալիք հանդիպմանն ընդառաջ՝ Կապառոսը երեկ երեկոյան ասաց, որ կարևոր է իր սաների հուսալի խաղը պաշտպանությունում:
«Երկու թիմերն էլ նման տակտիկական դասավորություն են կիրառում՝ խաղում են 4-4-2 սխեմայով: Բնականաբար, երկու թիմերն էլ նվիրումով կխաղան և կփորձեն գոլային պահեր ստեղծել», - նշեց մարզիչը:
Հայաստանի ու Էստոնիայի հավաքականներն այսօր Երևանում կմրցեն Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրի շրջանակում: Երեք օր առաջ Սկոպյեում կայացած առաջին մրցավեճում Հյուսիսային Մակեդոնիան Հայաստանին հաղթեց 2:1 հաշվով: Այդուհանդերձ, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Կապառոսի գլխավորությամբ հավաքականի առաջին խաղը, այն էլ՝ մի քանի նորեկներով համալրված լինելու պարագայում, վատ որակի չէր:
Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Վրաստանը և Էստոնիան ընդգրկված են Ազգերի լիգայի՝ ուժեղությամբ երրորդ C դիվիզիոնի 2-րդ խմբում, խմբի հաղթողը կբարձրանա կարգով ավելի բարձր B դիվիզիոն:
Իսպանացի մասնագետի խոսքով՝ խմբում ընդգրկված բոլոր թիմերը հավասար հնարավորություններ ունեն:
«Մարզական բախտի գործոնը կարող է դեր խաղալ: Ցանկացած հաջող և անհաջող գործողություն կարող է վճռորոշ լինել հանդիպման ելքի համար», - նշեց Կապառոսը:
Ըստ մարզչի, հավաքականում սերնդափոխություն է պետք՝ նոր խաղացողների ներգրավմամբ:
«Նորեկները շատ են, և ես ուրախ եմ, որ ընտրության հնարավորություն ունեմ: Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի հավաքականը լավ խաղա», - ընդգծեց իսպանացի մասնագետը:
Նորեկներից մեկը՝ Ռուսաստանում հանդես եկող Արշակ Կորյանը մակեդոնացիների հետ հանդիպմանը Մխիթարյանի դիրքում էր խաղում, ասաց՝ առաջին հանդիպմանը խանգարեց միմյանց հետ խաղալու փորձի պակասը:
«Եթե պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ ունենայինք, հավանաբար կկարողանայինք ավելի լավ խաղալ», - նշեց Կորյանը:
Էստոնացիների դեմ խաղի հնարավոր կազմի, այս կամ այն ֆուտբոլիստի՝ մեկնարկային կազմում լինել-չլինելու վերաբերյալ հարցերին 64-ամյա գլխավոր մարզիչը պատասխանեց. - «Որոշում կայացելու համար դեռ ժամանակ կա»: