Մատչելիության հղումներ

Ազգային հավաքականն արժանապատիվ ֆուտբոլ կցուցադրի Մակեդոնիայի դեմ խաղում. Կապառոս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արժանապատիվ ֆուտբոլ կցուցադրի, Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանն ընդառաջ նախախաղային ասուլիսի ընթացքում հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսը:

«Հայաստանի հավաքականում կան ինչպես վետերաններ, այնպես էլ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք ապացուցելու բան ունեն և լի են խանդավառությամբ », - ասաց նա:

Վաղը կայանալիք խաղով Հայաստանը կսկսի պայքարը երկրորդ անգամ անցկացվող Ազգերի լիգայի խաղարկությունում։ Երկու հավաքականները միմյանց ճանաչում են, թիմերի միջև կայացած վերջին հանդիպումը 2 տարի առաջ էր, Երևանում դաշտի տերերը հաղթեցին խոշոր՝ 4.0 հաշվով։ Խոակին Կապառոսի խոսքո`վ այդ հաղթանակն այժմ ոչինչ չի նշանակում՝ մակեդոնացիներն ուժեղ են. - «Մեր օրերում նույնիսկ մեկ շաբաթում շատ բան կարող է փոխվել, ես նույնիսկ չեմ էլ անդրադառնում այդ խաղին, Մակեդոնիայի հավաքականում կան շատ լավ ֆուտբոլիստներ»:

Իսպանացի մարզչի գլխավորությամբ այս մրցավեճը Հայաստանի ընտրանու առաջին հանդիպումը կլինի։ Կապառոսը թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստների, այդ թվում` 7 նորեկների: Օրեր առաջ հրապարակված հայտացուցակի գլխավոր սենսացիան թիմի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն է: Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հենրիխն ասել է՝ լավ մարզավիճակում չէ, ուստի չի կարող միանալ հավաքականին, սակայն ֆուտբոլային հանրության պնդմամբ՝ հավաքականին չմիանալու պատճառն ամենևին էլ մարզավիճակը չէ, այլ ֆեդերացիայի հետ ունեցած խնդիրները։

Կապառոսի խոսքով՝ Մխիթարյանի բացակայությունը չի կարող չազդել թիմի վրա.- «Ունենք այն, ինչ ունենք,այժմ թիմը պետք է կարողանա ուժեղ թիմային խաղ ցուցադրել՝ կենտրոնանալով սեփական որակների վրա»: 64-ամյա մասնագետն ակումբներում աշխատելու մեծ փորձ ունի, սակայն Հայաստանի ընտրանին Կապառոսի մարզչական կարիերայի առաջին հավաքականն է։ Նա մարզել է իսպանական «Սևիլյան», Բիլբաոյի «Աթլետիկը», «Դեպորտիվոն», «Գրանադան», նրա ղեկավարությամբ խաղացել են գերաստղեր Սերխիո Ռամոսը, Ադրիանոն, Դանի Ալվեսը։ Այն հարցին, թե կկարողանա Հայաստանի հավաքական ներարկել իսպանական ֆուտբոլի համն ու հոտը, Կապառոսը պատասխանեց՝ իսպանականն ամբողջությամբ Հայաստան բերելն անհնար է. - «Անհնար է իսպանական ֆուտբոլի ոճն ամբողջությամբ կիրառել Հայաստանի հավաքականում, որովհետև տարբեր խաղացողներ են, ես ամենաբարձր մակարդակի վրա աշխատել եմ տարբեր թիմերով և կփորձեմ իմ փորձով օգտակար լինել»:

Մասնագետն ասաց՝ շատ մեծ խանդավառությամբ են մոտեցել այս հանդիպմանն ու Ազգերի լիգային. - «Մեր ֆուտբոլիստները ցանկանում են բարձր արդյունքների հասնել, մենք մեծ ցանկություն ունենք հնարավորինս լավ հանդես գալ այս մրցաշարում»: Հայաստանի հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի երրորդ՝ C դիվիզիոնում, ընտրանու մյուս մրցակիցները Վրաստանի ու Էստոնիայի թիմերն են։ Այն հավաքականը, որը խմբում առաջին տեղը կգրավի, կբարձրանա կարգով ավելի բարձր B դիվիզիոն։ Հաջորդ տարի էլ կսկսվի 2022 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլը: Կապառոսն ավելի վաղ հայտարարել էր՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար պետք է մեծ ցանկությամբ քայլ առ քայլ առաջ գնալ՝ վստահ լինելով, որ կարող են մրցակցել բոլոր թիմերի հետ։

Բուքմեյքերները վաղվա հանդիպման ֆավորիտ են համարում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքանին, Հայաստանի ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանն այլ կարծիք ունի, ասում է` մրցակցի միակ առավելությունը սեփական հարկի տակ խաղալու գործոնն է. -«Ֆավորիտը միայն, որ մենք իրենց դաշտում ենք խաղում, ու էս ինձ թվում է` մեր գրուպայում մեծ ֆավորիտներ չկան, որովհետև քաջ ծանոթ եմ Վրաստանի հավաքականին և Մակեդոնիայի հավաքականին, միայն Էստոնիայի հավաքականին ծանոթ չեմ, կծանոթանանք: Ինձ թվում է` առանձնացող ֆավորիտներ չկան մեզ մոտ»:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի էստոնացիներին, հոկտեմբերին էլ ընտրանին խաղեր կանցկացնի, որոնց Հենրիխ Մխիթարյանը խոստացել է մասնակցել։

XS
SM
MD
LG