Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել

Թունավորման դեպքերի թիվը հասել է 46-ի, որից 17-ը՝ մահվան ելքով:

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է գրանցվել, այսօր հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝ 7 մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այս պահին երկրի տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։ Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը:

Նրանցից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որոնց պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից: