«ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հունիսյան հայտարարություններն ուժի մեջ են. Փաշինյանի գլխավորած կառավարությունը հարյուր տոկոսով պետք է փոխվի: Լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Որպեսզի նոր բաներ չասեմ, էն ինչ որ հնչեցվել ա հունիսի 5-ին և դրանից հետո ասվում ա, էդ բոլորը ուժի մեջ են», - ասաց նա:
Հիշեցմանը, որ Ծառուկյանն այս օրերին կուսակցական ակտիվի հետ հանդիպումներում հրաժարականից չի խոսում, միայն քննադատում է կառավարությանը, Մելքումյանն արձագանքեց. – «Էդ քաղաքական պայքարի զինանոցից չի, որ դու ամեն օր նույն բանը հայտարարես: Տենց չի: Ինքը քայլերով իրա օրակարգը կա, որի մասին դուք կտեղեկանաք: Մի շտապեք: Կգա պահը, ամեն ինչ դուք կտեսնեք»:
Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը շարունակում են ակտիվ քննարկումները իշխանափոխության օրակարգի շուրջ: Այդ օրակարգը ցանկանում են կյանքի կոչել արտահերթ ընտրությունների միջոցով:
Ի՞նչ շանսեր կան իշխանության տուն ճանապարհելու, ծրագիրը կյանքի կոչելու համար, ի՞նչ ուժերի օգնությամբ եմ իրագործելու:
Միքայել Մելքումյան. – «Էդ որ դուք ասում եք ինչ շանսեր կա, ինչ շանսեր չկա... Շանսը կյանքն ա ցույց տալիս: Էսօր ոչ մեկ նախօրոք չի ասում` ես ունեմ էսքան տոկոս շանս: Ոչ մի քաղաքական գործիչ էնքան կարճատես չի լինի, որ տենց բաներ ասի: Կյանքը ցույց կտա, թե էս պայքարը ոնց ա գնում, ինչ ուժգնությամբ ա գնում, ինչ պրոբլեմներ կան: Շատ բան կախված ա նաև իշխանության վարած քաղաքականությունից»:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով, ԲՀԿ-ի քաղաքական ակտիվությունը ինքնապաշտպանություն է: Կուսակցության առաջնորդին ու նրա մերձավորներին առնչվող քրեական գործերից հետո փորձում են պահպանել իրենց ընտրական ռեսուրսը. – «Շատերը փորձում են օգտագործել` հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն շատ թե քիչ ձայներ ունի հանրության շրջանում... մենք չգիտենք, թե հաջորդ ընտրություններում որքան կլինի, կամ կլինի թե չի լինի: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ին դարձնում են էն առանցքը, որի շուրջը նրանք հավաքվում են: Իսկ իրականում ԲՀԿ-ն մեկ խնդիր ունի, դա իր առաջնորդի հետ կապված խնդիրներն են: Գիտեք քրեական գործերի մասին...»
Գևորգյանի համոզմամբ, այս ուժերը չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ իրենց ծրագիրը կյանքի կոչվելու հեռանար ունի: Կորոնավիրուսի հետևանքներից կառչելով հեռու չեն գնա: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համաճարակը հանրության շրջանում բացասական տրամադրություններ ու դժգոհություններ ստեղծել է, բայց դա ընդդիմախոսների ճանապարհը չի հարթելու. – «Համավարակի հետ կապված տնտեսական դժվարությունները կան, հանրային որոշակի բացասական ֆոն կա, ու իրանք շտապում են, որովհետև շատ շուտով էդ ֆոնը վերջանալու ա, տնտեսական առաջընթացը նորից շարունակվելու ա Հայաստանում, և նրանք ընդհանրապես որևէ բազա չեն ունենա նույնիսկ տեսականորեն»:
Իշխանական պատգամավորն ասում է, որ իրենք նույնպես լինում են մարզերում ու լսում են մարդկանց բողոքները, բայց դժգոհողները հենց իշխանությանն են պարտադրում լուծել խնդիրները: Դժգոհություններն ու որոշ հիասթափությունները պարարտ հող ԲՀԿ-ի, Վանեցյանի ու ՀՅԴ-ի համար չեն ստեղծել:
Հայկ Գևորգյանը վստահ է, որ եթե նույնիսկ մարդիկ իշխանություններից հիասթափվեն, ապա ընտրությունը ԲՀԿ-ն ու նրա նոր դաշնակիցները չեն. – «Չի կարելի էդքան վատ մտածել մեր հասարակության մասին: Մեր հասարակության մեծագույն մասը շատ լավ հասկանում ա, թե ինչ ա տեղի ունենում, պահանջներն էլ, որ մեր նկատմամբ դրված են, դրանք լրիվ արդարացի են: Իհարկե դժգոհությունը կա, իհարկե տնտեսական ճգնաժամ, իհարկե սոցիալական խնդիրներ են առաջացել: Բայց դրանք էն բազան չեն ստեղծում, որ կարող ա ինչ-որ մեկին առիթ տա իրականում մտածել, թե հա, հեսա մեր իշխանությունից երես են թեքելու»:
Իսկ հնարավո՞ր է հեղափոխությամբ ձևավորված իշխանության դեմ խոսքից գործի անցնելու փուլում նոսրանան ԲՀԿ-ի շարքերը, Միքայել Մելքումյանն էլ լքի կուսակցությունը, ինչպես Ծառուկյանին մեղադրանք առաջադրելուց հետո արեց հնաբնակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Առավել ևս, որ մամուլում գրվեց, թե Բագրատյանին հաջորդելու է Մելքումյանը:
Միքայել Մելքումյան. – «Ես հիմնադիր եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ոչ մի դեպքում դուրս չեմ գալու: Որովհետև ես ոչ միայն քաղաքականություն իրականացնող, այլև քաղաքականություն մշակող անձ եմ, ինչո՞ւ պիտի դուրս գամ»:
Մելքումյանն ասածը հավաստիացնելու համար հիշեցրեց, որ այդպիսի կանխատեսումներ դեռ 2015-ի հայտնի դեպքերի ժամանակ էին արվում, բայց չիրականացան: