Մատչելիության հղումներ

Վերլուծաբան․ Ծառուկյանը իշխանության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու հայտ է ներկայացնում


Կառավարության հրաժարականը պահանջող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր տարածած հայտարարությամբ նույն Կառավարությանը հորդորում է լրջանալ ու աշխատել:

ԲՀԿ-ից չեն հստակեցնում, թե արդյո՞ք Կառավարության հրաժարականը շարունակում է մնալ իրենց օրակարգում, թե՞ ոչ:

Կորոնավիրուսով վարակված և ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանը խոստանում է առողջանալուն պես մեծ ասուլիս կազմակերպել ու բոլոր հարցերին պատասխանել:

Մինչ այդ, Ծառուկյանը հայտարարության ծավալուն մի մասը հատկացրել է տնտեսական ու սոցիալական խնդիրներին, իսկ իշխանություններին ասում է, որ Ծառուկյանից վախենալ պետք չէ: «Վախենալ պետք է հարյուր հազարավոր անաշխատանք մնացած քաղաքացիներից», - գրել է ԲՀԿ առաջնորդը, որն առաջարկում է նաև իր անձնական կապերն ու հեղինակությունը երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:

«Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել», - ասում է Ծառուկյանը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Ծառուկյանի հայտարարությունը առանց մեկնաբանության թողեց. – «Այս պահին նպատակահարմար չեմ տեսնում մեկնաբանություն տալը: Եթե անհրաժեշտություն առաջանա, հետագայում կմեկնաբանեմ»:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծիքով, այս հայտարարությամբ Ծառուկյանը իշխանության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու հայտ է ներկայացնում, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը այդպես էլ չի խոսում Կառավարության հրաժարականի մասին. – «Ծառուկյանը հիշեցնում էր, որ ինքը եղել է կամուրջ սոցիալական լարվածություն ունեցող զանգվածի և իշխանության միջև մշտապես: Այսինքն` ներքաղաքական բուֆերի իր դերակատարումն էր հիշեցնում: Եվ էստեղ կարող ենք դիտարկել, թե արդյոք սա ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին, որ ինքը պատրաստ է հրաժարվել կտրուկ և կոշտ պահանջներից այն պայմանավորվածության դիմաց, որ շարունակի այդ բուֆերային դերակատարումը: Որովհետև մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն իր մի քանի արձագանքներում բավական բաց կերպով դնում էր Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստանը» ընդհուպ քաղաքական դաշտից դուրս բերելու խնդիրը»:

Արտաքին քաղաքական հարցերում իրեն առավել քան զուսպ դրսևորած կուսակցության առաջնորդը հայտարարության մի հատված էլ նվիրում է հայ-ռուսկաան հարաբերություններին` մասնավորպես ասելով. - «Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել»:

Բադալյանը այստեղ կամուրջ ծառայելու Ծառուկյանի պատրաստակամությունն է տեսնում. – «Ծառուկյանը չէր խոսում նաև էդ հակառուսականության սրվող ալիքի և դրա դեմ կանգնելուն պատրաստ լինելու տոնայնությամբ, այլ խոսում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը պետք է լավ լինի, և ինքը ամեն ինչ կանի դրա համար»:

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Բադալյանը նկատում է` քաղաքական առևտուրը չի կարող բխել հասարակության և Հայաստանի շահերից, ու այս իմաստով կարևոր է համարում իշխանության արձագանքը. – «Ես կարծում եմ, հեռանկարային իմաստով պետք է քննարկելի լինի Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից պարզապես դուրս գալու խնդիրը: Տվյալ դեպքում հենց Գագիկ Ծառուկյանի մասին է խոսքը, այսինքն մարդ, որը խոշոր սեփականատեր է և դե ֆակտո զբաղվում է բիզնեսով, այդ մարդը չպետք է լինի քաղաքականության մեջ: Դա բխում է ընդհանրապես բոլորի շահերից, եթե այդ շահերը ներառում են Հայաստանը, Հայաստանի հանրային շրջանակը, հետաքրքրությունները և Հայաստանի անվտանգությունը: Այս տեսանկյունից, կարծում եմ, խնդիրը անգամ Ծառուկյանն էլ չէ, այլ սկզբունքն է, որ Հայաստանում խոշոր սեփականատերը և բիզնեսմենը չպետք է անմիջապես ներգրավված լինի քաղաքականության մեջ»:

Վերլուծաբանը պատահական չի համարում նաև Ծառուկյանի հայտարարության ժամանակահատվածը: Այսօր վարչապետ Փաշինյանը հրապարակեց ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ խոսում էր նաև ներքին դիմակայության զարգացման մասին: Իսկ վերջերս կալանքից ազատված ու Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկումներ է ունենում ու անելիքների մասին է խոսում:

«Ես կարծում եմ, Քոչարյանն ու Ծառուկյանը այս տեսանկյունից գտնվում են մրցակցային դաշտում, այստեղ կա նաև նրանց փոխհարաբերության հարց: Եթե Քոչարյանը մնում է ակտիվ քաղաքականության մեջ և փորձում է զբաղվել դրանով, Ծառուկյանի մոտ առաջանում է խնդիր նրա հանդեպ դիրքավորման: Ոչ այնքան իշխանության, որքան հենց նրա հանդեպ դիրքավորման»:

Հունիսի 5-ին Ծառուկյանը Կառավարության 100 տոկոսի հրաժարականը պահանջեց, իսկ դրան հաջորդած քրեական գործերը որակեց քաղաքական հետապնդում: Անձեռմխելիությունից զրկված Ծառուկյանին չնայած դատախազության միջնորդությանը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները որոշեցին չկալանավորել: Դատարաների որոշումներից հետո սա Ծառուկյանի առաջին հանրային հայտարարությունն էր։

XS
SM
MD
LG