«Պռոշյան կոնյակի գործարանի» սեփականատիրոջ խոսքով՝ պայթյունի պատճառը սխալ զոդումն է եղել

Պայթյուն ու հրդեհ Արմավիրի մարզում։ Արմավիր գյուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանի» 30 տոննա տարողությամբ ապակեպատ տարրան՝ ռեզերվուարը պայթել է, ինչն էլ հրդեհի է հանգեցրել։ 2 մարդ զոհվել է, 4 քաղաքացի` տարբեր աստիճանների այրվածքներ ստացել։

Պայթյունը եղել է կեսօրին մոտ, նաև մեծ մակերեսով տախտակամած է վնասվել ու մեկ բեռնատար մեքենա։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել 12-ից հետո, շուրջ մեկ ժամ անց փրկարարները հրդեհը մարել են՝ հրդեհաշիջման ընթացքում դուրս բերելով երկու դի։ Մահացածներից մեկը «Պռոշյանի կոնյակի գործարանի» այս մասնաճյուղի տնօրենն էր, մյուսն այստեղ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության ղեկավարը, որը տանիքն էր վերանորոգում. - «4 հոգի վիրավոր ունենք, երկուսը մեր ձեռնարկության աշխատող են, երկուսը` էլի իրենց ձեռնարկության աշխատողներ են: Աշտարակից էլ ունենք, ոնց որ մի զոհը Աշտարակից է: Մի տղան Արթիկից էր, ես չգիտեմ, բայց ինքը ստեղ էր ապրում, ես չգիտեմ` ինքը Արթիկ ա գրանցված, թե ստեղ»:

Գործարանի սեփանատեր Արմեն Գասպարյանի խոսքով՝ պայթյունը վերանորոգման աշխատանքներն իրականացնողների սխալից է եղել, զոդում են արել սպիրտով լի տարրաների կողքին. – «Իրականացված զոդում, ինձ թվում է` դա, որովհետև ստեղ գինիներ են, գինենյութեր են, տասնյակ տարիներ աշխատել ենք, ոչ մի նմանատիպ բան չի եղել, իրավունք չունի տենց բան լինի, եթե զոդումը ճիշտ կատարվի: Ինձ թվում է` սխալ զոդման հետևանքով ինչ-որ պայթյուն է տեղի է ունեցել և հրդեհ: Բայց տեսեք` պատուհանները տրաքել են, երևի ուժեղ է եղել էլի, այդքան շատ ուժեղ… որ շատ ուժեղ լիներ, շատ ավերածություններ կլիներ, բայց ով մոտիկ է եղել, իրենք վնասվել են էլի, հենց ով մոտն է կանգնած եղել ու տեսել է` իրենք վնասվել են: Այս մասնաճյուղն ունի մոտ 200-250 հոգի աշխատող»:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեն հաստատում է` գործարանի սեփականատիրոջ վարկածը. զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Տարբեր աստիճանների այրվածքներ ստացած 4 տուժածներն առաջին օգնությունը ստացել են Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, հաստատության ղեկավար Հարություն Զուռնաչյանը լրագրողներին հայտնեց՝ հիվանդերի վիճակը կայունացրել են։ «Ունենք երկու հիվանդի մոտ մոտ 60-70 տոկոս առաջին կարգի այրվածք, երկու հիվանդի մոտ` մարմնի մոտ 40-50 տոկոս առաջին, երկրորդ կարգի այրվածք: Երկու հիվանդների մոտ ունենք սրունք-թաթային կոտրվածքներ: Հիվանդներին կատարվել են հակաշոկային միջոցառումները, բոլոր միջոցառումները կատարվել են` վերքերի առաջնային վիրաբուժական մշակումները»:

Այն հարցին, թե տուժածների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, մասնագետն ասաց՝ հնարավոր չէ ասել, քանի որ այրվածքների մակերեսը շատ մեծ է. - «Ներկա պահին այս մեծ մակերեսով այրվածքների ժամանակ որևէ բան ասել հնարավոր չի»:

Նրանց տեղափոխել են Երևանում գործող այրվածքաբանության ազգային կենտրոն։ Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ բոլոր տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է։