Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում այսօր տեղի ունեցած պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, կա առնվազն 2 զոհ, ևս 4 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այրվածքներ ստացած 4 անձանց արդեն իսկ տեղափոխել են Երևան. – «Առաջին բուժօգնությունը ստացել են Արմավիրի բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվեցին Երևան` հավելյալ զննություն անցնելու համար և բուժօգնություն ստանալու համար: Բժշկական տերմինոլոգիայով կդժվարանամ պատասխանել, բայց շատ ծանր վիճակում չէին: Ես նոր վերջացրեցի իմ հանդիպումը հիվանդանոցի ղեկավար կազմի հետ, իրանք փոխացեցին, որ շատ ծանր վիճակում չէին գտնվում: Հետևաբար, իմ ունեցած տեղեկություններով, իրանց կյանքին վտանգ չի սպառնում»:
Գործարանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին հրդեհը մարվել է. – «Հրդեհը մարվել է անմիջապես տեղում: Փրկարար ծառայության հասնելուն պես հրդեհը մարվել ա: Բարեբախտաբար, որովհետև գործարանի տեխնիկական հատվածները, պահեստային հատվածները, եթե փրկարարները շուտ չհասնեին և արյումը չմարեր, հնարավոր է ամբողջ գործարանը այրվեր: Այս պահին աշխատակիցները տարհանվել են: Իմ այցի ժամանակ մարզային փրկարար ծառայությունը, իրավապահ մարմինները` ոստիկանությունը, քննիչները աշխատանք էին իրականացնում»:
Մարզպետի փոխանցմամբ, հրդեհի պատճառը դեռ չի պարզվել: