Զինված ուժերից բացի, Հայաստանի իշխանությունները նախատեսում են նաև աշխարհազոր ստեղծել՝ մինչև 100 հազար աշխարհազորայինով։ Դա է պատճառը, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել. նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
Ըստ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի, աշխարհազորին կամավոր սկբունքով կարող են անդամակցել մինչև 70 տարեկան քաղաքացիները։
Փոխնախարարը շեշտում է, որ իրենք ուսումնասիրել են արտասահմանյան փորձը, սակայն առաջարկվող փոփոխությունը զուտ հայկական է. – «Գտնում ենք, որ այն մոդելը, որը առաջարկված է այս փուլի համար, օպտիմալն է՝ զենք ստանալը, գործողության մասնակացելը և զենքը հետ վերադարձնելը։ Ինչ վերաբերում է մարզումների պարբերականությանը, ես կարծում եմ, որ դրա մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ դա արդեն կկարգավորվի ենթաօրենսդրական ակտերի միջոցով և ըստ բյուջետային հնարավորությունների»։
Ինչո՞ւ առաջացավ աշխարհազորի ստեղծման անհրաժեշտությունը: Պաշտպանության փոխնախարարը, ի թիվս այլ գործոնների, նաև տարածաշրջանային զարգացումներն է մատնանշում։ Պաշտպանական գերատեսչության մշակած նախագծում խոսվում է ռազմական գործողությունների տեղանքի փոփոխության հավանականության մասին, անգամ` մինչև երկրի տարածքի խորքը. – «Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»:
Իրավապաշտպան Նինա Կարպետյանցը Պաշտպանության նախարարության առաջարկը վիճահարույց է համարում, հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, երբ Հայաստանն ունի կանոնավոր բանակ, իսկ փորձն էլ ցույց է տվել, որ պատերազմական իրավիճակներում հանրությունն արագ է մոբիլիզացվում. – «Կյանքը ցույց է տալիս, որ ամեն ինչ չի, որ հնարավոր է կանխատեսել, և ամեն ինչ չի, որ հնարավոր է կանխել: Բացառել տարբերակ, որ որևէ իրավիճակում կարող են մարդիկ կարող են զինված հայտնվել փողոցում ու ինչ-ինչ իրադարձությունների մասնակից դառնալ, այ դա պետք է կանխել իրականում»:
Իրավապաշտպանը նաև չի բացառում, որ աշխարհազորայինները կարող են ներգրավվել ներքաղաքական իրադարձություններին. – «Միանշանակ որևէ մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ պահի ներքաղաքական ինչ-որ իրադարձությունների մասնակից կարող են դառնալ այդ խմբերը, այդ կազմավորված, կարգավորվող խմբերը: Սա շատ-շատ վտանգավոր տենդենց կարող է լինել: Էն դեպքում, երբ գիտեք, որ բանակը, օրինակ, ներքին կյանքում որևէ գործողությունների մասնակցել չի կարող: Մենք դրա համար ունենք ոստիկանություն»:
Նախատեսվում է, որ աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով:
Աշխարհազորային զորամիավորման հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևանում`վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Աշխարհազորին պահեստազորայինները չեն կարող անդամակցել։
Փոխնախարարը նաև նշում է՝ աշխարհազորայինները միայն մարտական գործողություններին չեն մասնակցելու. – «Կան էլի շատ լուրջ խնդիրներ, ինչպիսին տարհանման կազմակերպումն է, քաղաքացիական պաշտպանության կազմակերպումն է, որոնք ևս պետք է իրականացվեն ի օժանդակություն այն զորքերի, այսինքն` ոստիկանության զորքերն են, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներն են, ԱԻՆ-ի փրկարար ծառայությունը... ի աջակցություն այդ ստորաբաժանումների»։
Աշխարհազորին, ըստ Գաբրիել Բալայանի, կարող են նաև կանայք անդամակցել, սակայն նրանք առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի։