Բալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Լուկաշենկոյի և նրա պաշտոնյաների դեմ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդա, արխիվ

Լատվիան, Լիտվան և Էստոնիան այսօր կհայտարարեն մի խումբ բելառուսցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին, որոնք առնչություն ունեն Բելառուսի նախագահական ընտրությունների կեղծմանը և բողոքի խաղաղ ցույցերը ճնշելուն: Պատժամիջոցների ցանկում կընդգրկվի նաև Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը, նրան կարգելվի մուտք գործել Բալթյան երկրներ, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Եվրամիության անդամ երկրներն ավելի վաղ պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել բելառուսական իշխանությունների դեմ, սակայն ցանկը, որն առայժմ չի հրապարակվել, տարաձայնությունների տեղիք է տվել, մասնավորապես Բելառուսի հարևան երկրների իշխանությունները պնդում էին, որ «սև ցուցակում» լինի նաև Լուկաշենկոյի անունը:

Բելառուսում արդեն երեք շաբաթ է երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել և դաժան ծեծի, խոշտանգումների են ենթարկվել կալանավայրերում:

Արևմտյան երկրները չեն ճանաչել Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը նախագահական ընտրույթյուններում ՝ հորդորելով երկխոսություն սկսել ընդդիմության հետ: