Բելառուսում ոստիկանները գիշերով երկաթյա պատնեշներ են շարել և արգելափակել մուտքը Մինսկի կենտրոնական հրապարակ, որտեղ ցուցարարները պատրաստվում էին այսօր հերթական հանրահավաքն անցկացնել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:
Բազմահազարանոց ցույցերը սկսվել են ամսվա սկզբին տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նա վեցերորդ անգամ անընդմեջ հռչակվեց նախագահ` ձայների գերակշռող մեծամասնությամբ: Ընդդիմությունը, ինչպես նաև արևմտյան երկրները, մինչդեռ, պնդում են, որ քվեարկությունն ազատ ու արդար չէր:
Երեկվա ցույցին մասնակցել է մոտ 10,000 մարդ, հիմնականում` կանայք, որոնք քայլերթ են անցկացրել քաղաքի կենտրոնով` «կանանց հավաքականը բռնապետության դեմ» կարգախոսով: Ոստիկանները կրկին ուժ են կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են, այդ թվում` լրագրողներ:
Ավելի վաղ` երեկ, կառավարությունը հավատարմագրերից զրկել էր արևմտյան լրատվամիջոցների տասնյակ թղթակիցների, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին, որոնք լուսաբանում էին հետընտրական ցույցերն ու ոստիկանության բռնությունները ընդդիմադիրների դեմ: