Բաքուն վերստին Կրեմլից պարզաբանում է պահանջում Հայաստանին զենքի մատակարարումների առնչությամբ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Տրված պատասխանները Ալիևի վարչակազմին չեն գոհացրել:

Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով վերստին պարզաբանում է պահանջում Կրեմլից` Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ:

«Տրված պատասխանները մեզ չեն գոհացրել», - շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Երեկ էլ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևն է այս մասին ծավալուն հոդված հրապարակել ռուսական «Ինտերֆաքս»-ում: «Ադրբեջանը մշտապես ձգտել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնել այնպես, որպեսզի կողմերից որևէ մեկի շահերը չտուժեն: Աշխարհքաղաքական կարևորություն ունեցող բազմաթիվ որոշումներ կայացնելիս Ադրբեջանը գործել է առավելագույնս անկեղծ այդ գիծը պահելու համար, մինչդեռ, ցավոք, Ռուսաստանից մեր մի շարք սպասելիքները չարդարացան», - ասել է Միլի մեջլիսի պատգամավորը:

Հարցը շաբաթներ առաջ անձամբ նախագահ Իլհամ Ալիևն էր բարձրացրել ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Պաշտոնական Բաքուն հաղորդել էր, որ Ալիևը դժգոհել է, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված բախումներից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է ուղարկել Հայաստան՝ Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով: Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ընդգծել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի հիմնական նպատակն էր պարզել հենց այդ հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:

Կրեմլը, հաղորդելով երկու նախագահների հեռախոսազրույցի մասին, այդ թեմային ընդհանրապես չէր անդրադարձել: Այդուամենայնիվ, օրեր անց Մոսկվան Բաքու էր գործուղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ով տեղում հավաստիացրել էր, թե Ռուսաստանի գործողություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, և որ իրենք ընդամենը շինարարական աշխատանքներ են իրականացնում Գյումրիի 102-րդ ռազմակայանում:

«Այդ բացատրությունը մեզ չի գոհացրել», - Շոյգուին ճանապարհելուց հետո հայտարարել է Ալիևի օգնականը: «Մենք մեր բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանը չենք ստացել և պարզաբանումներ ենք ակնկալում, թե ինչու է Հայաստանը շարունակում ինտենսիվ զինվել: Փաստարկները, թե այդ ինքնաթիռներով իբր շինանյութ է տեղափոխվում, մեզ չեն համոզում՝ դրա համար կարող էր բեռնափոխադրման այլ տարբերակ ընտրվել», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:

Երեկ նույնն է պնդել նաև պատգամավոր Ազայի Գուլիևը, ով միաժամանակ նշել է՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպե՞ս կարող է միջնորդ պետությունը զբաղվել խնդրի կարգավորմամբ և զուգահեռաբար զենք ուղարկել Հայաստան: Ադրբեջանցի օրենսդիրը, սակայն, չի պարզաբանել՝ ինչու Բաքվում այս մասին չէին մտահոգվում, երբ ադրբեջանական բանակն էր Ռուսաստանից զենք-զինամթերք գնում:

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի տվյալներով, մասնավորապես, 2013-17 թվականներին ադրբեջանական բանակն իր նոր սպառազինությունների կեսից ավելին՝ 65 տոկոսը ձեռք էր բերել հենց Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից: