Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայասատան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների հարցը քննարկելու նպատակով։
Այսօր առավոտյան տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, Պուտինի հետ հեռախոսազրույից ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։
«Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։
Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, սպառազինության մատակարարումների շուրջ քննարկումները հիշատակված չեն։
«Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարման համատեքստում նախագահները քննարկել տարածաշրջանային խնդիրները։ Ռուսական կողմը ընդգծել է իրադրության սրմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։