Հուլիսին Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարազատները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ բարձրացնելով նրա կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և մի շարք այլ հարցեր, «Ազատության» հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը։
«Գանգատը արդեն ներկայացրել ենք, որը վերաբերում է նրան, որ նրա կյանքը և ֆիզիկական անձեռնմխելիությունը վտանգված է, քանի որ նա գտնվում է թշնամական միջավայրում և իշխանությունները չեն համագործակցում Հայաստանի իշխանությունների հետ՝ առնվազն գոնե տեղեկատվություն տրամադրելու հարցով: Ինչպես նաև խախտվել է նրա սեփական պատկերը պաշտպանելու իրավունքը, այսպես կոչված, կամ անձնական կյանքի հարգման իրավունքը: Մասնավորապես՝ գտնվելով խոցելի վիճակում բավականին երկար տեսանյութ են պատրաստել և հրապարակել են, ու դրան զուգահեռ նաև թույլ չեն տալիս, որ Նարեկը կապի մեջ մտնի հարազատների հետ այն դեպքում, երբ որ հենց Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ քրեական գործ չպիտի որ հարուցված լինի, որովհետև նա ապաստան է խնդրել: Եթե քաղաքացին ապաստան է հայցում, ապա քրեական վարույթն իր նկատմամբ պետք է կարճվի: Նաև ներկայացնում ենք անձնական կյանքի հարգման իրավունքը, վերջապես նաև խտրականության, ռասիզմի», - ասաց փաստաբանը:
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակիչը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետևից անվերադարձ գնացել, 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որից պարզ դարձավ, որ երիտասարդը մոլորվել ու գերեվարվել է, իսկ տեսանյութում նա Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ ուզում է երրորդ երկիր գնալ։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը բավարարել էր Սարդարյանի հարազատների՝ հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը, որով Ադրբեջանից պահանջում են մանրամասն տեղեկություն տրամադրել Նարեկի գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին, ապահովել նրա անվտանգությունը և կապը հարազատների հետ, եթե հարուցվել է քրեական գործ, ապա տրամադրել դրա վերաբերյալ նյութերը։ Ադրբեջանն այս տեղեկությունը պետք է փոխանցի մինչև սեպտեմբերի 2-ը։ Մինչ օրս դեռ որևէ պատասխան չկա:
«Բոլոր դեպքերում կպատասխանեն, բայց հարցն այն է, թե ինչպես կպատասխանեն, ինչ ծավալի ինֆորմացիա կտրամադրեն, արդյոք դա ճշմարտացի ինֆորմացիա է, թե ոչ: Հայաստանում հարուցվել է քրեական գործ նրան առևանգելու հիմքով, Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում են, թե Նարեկը հայցել է ապաստան, այս երկու հանգամանքները հակասում են իրար», - ասաց Արա Ղազարյանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» հայտնեց՝ օգոստոսի սկզբին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Սարդարյանին, տեղեկացել պահման վայրի, առողջական վիճակի մասին, ինչպես նաև ընտանիքին որդուց նամակ են փոխանցել։
Նարեկ Սարդարյանի ընտանիքը Ներքին Խնձորեսկում է, նա կին, երկու տղա, առողջական խնդիրներ ունեցող ծնողներ ունի: Փաստաբանների պնդմամբ՝ ընտանիքի անդամների հետ չմիջնորդավորված կապ, առանց Կարմիր խաչի, մինչև օրս չի եղել։
«Հիշեցնեմ, որ Եվրոպական դատարանն արդեն սահմանել է, որ անկախ նրանից, որ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանը պարտավոր է համագործակցել, եթե Հայաստանը դիմում է: Այսինքն հանուն քաղաքացու առողջության, անձեռնմխելիության, հանուն նրա կյանքի, պետությունները պարտավոր են համագործակցել», - նշեց փաստաբանը:
Ադրբեջանում այժմ հինգ Հայաստանի քաղաքացի է պահվում, այդ թվում՝ ըստ հայկական կողմի, այս շաբաթվա սկզբին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված Զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը։