Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը


Եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը:

Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետևից անվերադարձ գնացել, 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որից պարզ դարձավ՝ երիտասարդը մոլորվել ու գերեվարվել է, իսկ տեսանյութում նա Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ ուզում է երրորդ երկիր գնալ։ Նարեկի կնոջ, ծնողների ու քրոջ անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է դիմել ընտանիք ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Մենք պահանջել էինք, որպեսզի Եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջի ձեռնարկել միջոցներ Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունն ապահովելու համար: Երկրորդ պահանջը՝ հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրը և առողջական վիճակի մասին, երրորդ՝ միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ հետ ապահովելու ուղղությամբ: Չորրորդ՝ Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը, և հինգերորդ՝ կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն», - ասաց Զեյնալյանը:

Եվրոպական դատարանը, հրատապ միջոց կիրառելու դիմումը բավարարելով, Ադրբեջանից պահանջում է տեղեկություն տրամադրել, թե որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում է գտնվում Նարեկը, առողջական ի՞նչ վիճակում է, արդյոք փաստաբան ունի՞, կա՞ հարուցված քրեական գործ, թե՞ ոչ: Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։ Արտակ Զեյնալյանն ասաց՝ պատասխանող երկիրը՝ Ադրբեջանը, պարտավոր է կատարել միջանկյալ միջոցը՝ իրենից սպասվող գործողությունների այս շղթան:

«Մենք վկայակոչել ենք նախկինում եղած փորձը, չակերտավոր ասած, բացասական փորձը, և դա է հանդիսացել, կարծում եմ, այն խթանը, որ նման ընդարձակ, հրատապ միջոց է պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից: Եվրոպական դատարանը նաև իր որոշման մեջ հիշեցրել է պատասխանող պետությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին, որ այդ միջոցը չկատարելը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի մեկ այլ հոդվածի խախտման, որը պարտավորեցնում է պետություններին չխոչընդոտել Եվրոպական դատարան դիմելու իրավունքին», - նշեց ընտանիքի ներկայացուցիչը:

Դատարանը նաև հիմնական գանգատին է առաջնահերթություն տվել և այն ներկայացնելու համար ժամկետ սահմանել: «Այս ամսվա ընթացքում: Միևնույն ժամանակ մենք նաև պետք է այս ընթացքում միջոցներ ձեռնարկենք այս հրատապ միջոցը կատարելու ուղղությամբ», - ասաց Զեյնալյանը:

Նարեկ Սարդարյանի ընտանիքը Ներքին Խնձորեսկում է, նա երկու փոքրիկ տղա ունի:

XS
SM
MD
LG