Գերագույն դատարան ստեղծելու մասին քննարկում՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների մասնակցությամբ

«Չեմ բացառում նաև մի մոդել, որի արդյունքում նույնիսկ Վահե Գրիգորյանը կարող է չհայտնվել նոր դատարանում, կարևորը հավասարության սկզբունքի պահպանումն է», - այսօր Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման թեմայով քննարկմանը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանը։

Նա 15 հոգուց բաղկացած հանձնաժողովի այն 8 անդամներից մեկն է, ով կողմ է քվեարկել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու ու փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հայեցակարգը դեռ հրապարակված չէ, այսօր այս հարցի շուրջ հանձնաժողովականների մասնակցությամբ առաջին հանրային քննարկումն էր։

«Մենք ուզում ենք շեշտել, որ այս նախաձեռնությունը բացարձակապես ապաքաղաքական է: Ինչ վերաբերում է նրան, թե ապագայում արդյոք կարո՞ղ է ստացվել մի իրադրություն, որ Հրայր Թովմասյանը չհայտնվի նոր դատարանում, ես չեմ բացառում նույնիսկ մի իրադրություն կամ մի մոդել, որով կարող է շարժվել հանձնաժողովը այդ անցումային դրույթները ստեղծելիս, որ նույնիսկ Վահե Գրիգոյանն էլ չհայտնվի նոր դատարանում: Իմ կարծիքով մենք հիմա դրան չպետք է անդրադառնանք, որպեսզի չքաղաքականացնենք այս հարցը: Այնուամենայնիվ սկզբունքը մեկը պետք է լինի, մոտեցումը պետք է հավասար լինի՝ կա՛մ երկուսն էլ պետք է հայտնվեն, կա՛մ երկուսն էլ պետք է չհայտնվեն, կա՛մ երկուսն էլ պետք է մեխանիկորեն առնվազն թեկնածու դիտվեն», - ասաց Մազմանյանը:

Իշխանությունները շահագրգռվա՞ծ են այս փոփոխությունը ներառել սահմանադրական փոփոխությունների նախագծում և տեսականորեն հավանակա՞ն է, որ ՍԴ դատավորներից ոմանք, օրինակ՝ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, չհայտնվեն գերագույն դատարանում, այս հարցը «Ազատությունը» ուղղեց հանձնաժողովի բոլոր ներկա անդամներին։ Հայեցակարգին թե՛ կողմ, թե՛ դեմ բոլոր անդամները կոչ արեցին չքաղաքականացնել գաղափարը:

«Զուտ մասնագիտական քննարկմանը ի՞նչ քաղաքական տարր կա», - ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վիգեն Քոչարյանը:

«Եթե մոդելը կյանքի կոչվեց, ամեն ինչ կախված է լինելու, բնականաբար, անցումային դրույթներից: Ես, օրինակ, չեմ բացառում, որ տեսականորեն կարող է լինել մի այնպիսի կարգավորում, որ Գերագույն դատարանը ձևավորվի գոյություն ունեցող Սահմանադրական դատարանի բազայի վրա», - նշեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մեկ այլ անդամ Լևոն Գևորգյանը:

Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արմեն Մազմանյանն ասում է՝ թե՛ Վճռաբեկ, թե՛ Սահմանադրական դատարանների գործառույթները իրենք լիարժեքորեն ցանկանում են պահպանել, այս փոփոխությամբ լուծում են սահմանադրական արդարադատության ապակենտրոնացման հարցը։

«Եթե կուզեք մեր այս պրոեկտով մենք փորձելու ենք նաև ազատականացնել նաև դատարանն այդ տեսանկյունից: Սա ինչ-որ առումով նաև դատարանի ապասովետականացման նախագիծ է՝ դատարանին քննադատական մտածողությամբ օժտել, խոսքն ընդհանուր իրավասության դատարանի մասին է, դատարանին մոտեցնել Սահմանադրությանը», - նշեց Մազմանյանը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը հանձնաժողովի այն անդամներից է, ով դեմ է այս գաղափարին. կարծում է՝ միավորված դատարանը աննախադեպ մեծ լիազորություններ է ստանում։

«Մենք ունենում ենք դատարան, որը համ լուծում է կոնկրետ գործերի վախճանը, համ մեկնաբանում է օրենքները, ցանկության դեպքում այդ օրենքները հակասահմանադրական է ճանաչում, որոշում է ընտրությունների արդյունքները և այլ մոտ տասնյակից ավելի լիազորություններ: Ներկայիս գործող համակարգում այդ իշխանությունը ապակենտրոնացված է», - ընդգծեց Քոչարյանը:

Հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերի վերջին ունենալ փոփոխությունների նախնական հայեցակարգ, հանրաքվեի դրվող նախագիծն էլ պետք է պատրաստ լինի 2021-ի ամռանը։