Մատչելիության հղումներ

Քննարկվել է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների ֆունկցիաները միավորելու առաջարկը. Եղիշե Կիրակոսյան


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների ֆունկցիաները միավորելու առաջարկը, «Ազատության» հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Հանձնաժողովի ներսում բավականին բուռն քննարկում է ընթացել այս կոնցեպտի վերաբերյալ՝ այսպես կոչված գերագույն դատարանի կամ բարձրագույն դատական մարմնի մասին, որը կմիավորի Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների ֆունկցիաները», - ասաց Կիրակոսյանը:

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ առաջարկը հեղինակել են հանձնաժողովի չորս անդամներ:

«Քննարկել ենք հիմնավորումները, այն պատճառները, թե ինչու է այս գաղափարը ծնվել և ինչ հիմնավորումներ կան այս գաղափարը ներկայացնելիս: Ներկայացված փաստաթղթերը, բնականաբար, ուսումնասիրելով հանձնաժողովը որոշել է, որ կարիք ունի մի քիչ ավելի մանրամասն հայեցակարգային դրույթները լսելու, քննարկելու: Այսինքն, եթե դիցուք մենք խոսելու ենք միասնական բարձրագույն դատական ատյանի մասին, ապա ինչպիսի կարգավորումներ են լինելու մանրամասն ներկայացված: Այսինքն պետք է հստակ իմանալ, թե լիազորությունները կոնկրետ այդ բարձրագույն դատական ատյանն ինչպես է իրականացնելու և՛ որպես բարձրագույն դատական ատյան, և՛ որպես սահմանադրական վերահսկողություն իրականացնող իրավական ատյան: Այդ պատճառով էլ հեղինակներին հանձնաժողովի կողմից առաջարկվել է, որպեսզի իրենք ներկայացնեն մանրամասն հայեցակարգ, որը կարծես մենք պայմանավորվել ենք, որ կստանանք արդեն օգոստոս ամսին», - հավելեց նա:

Հանձնաժողովը պատրաստվում է այս հարցով ներգրավել միջազգային փորձագետ, ում կարծիքը հաշվի առնելով, ըստ Եղիշե Կիրակոսյանի, հնարավոր կլինի առավել օբյեկտիվ որոշում կայացնել:

«Քանի որ համարում ենք, որ ներսում կան իրարամերժ, հակադրվող կարծիքներ, և կարիք կա անկողմնակալ միջազգային փորձագետի կողմից, որ գնահատվի իրավիճակը, և հասկանանք, թե հանձնաժողովն ինչպիսի որոշում կկայացնի: Բավականին հետաքրքիր քննարկում է ընթացել իրականում: Սա էլ առանձին մի հետաքրքիր ուղղություն և թեմա է, որը կարծում եմ, ինչ-որ մի փուլի պետք է հանրային քննարկման տանենք», - ասաց հանձնաժողովի նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

XS
SM
MD
LG