«Գերագո՞ւյն դատարան, թե՞ Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններ» բանավեճը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում շաբաթվա ավարտին ավատվեց հօգուտ Գերագույն դատարանի ձևավորման։
Ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ՝ 8 կողմ-7 դեմ, մասնագիտական հանձնաժողովը հավանություն տվեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման:
Հանձնաժողովին որպես քաղհասարակության ներկայացուցիչ անդամակցած Դանիել Իոաննիսյանը մեկն է կողմ քվեարկածներից։ Նրա կարծիքով, այս քայլով սահմանադրականացվում են բոլոր դատարանները, ավելի պարզ՝ սահմանադարական արդարադատությունը չի դառնում անհասու մի բան, պետք չի լինի սպասել տարիներ, սպառել դատական բոլոր ատյաները և միայն Սահմանադրական դատարանում քննել դատական ակտի սահմանադրականության հարցը։
«Ինչ-որ դատարան համարել ա, որ ինչ-որ բան հակասահմանադրական ա, ուրեմն էդ մարդու նկատմամբ, ում գործի շրջանակներում դա քննվել ա, դա պիտի կիրառվի, մեխանիզմների պիտի ապահովվեն, որ դա կիրառվի: Մենք ունենք բազմաթիվ գործեր, որտեղ որ Սահմանադրական դատարանը ունի վճիռներ, իմիջիայլոց պետք է ասեմ, որ ոչ այնքան վատ վճիռներ, օրինակ, պետական ծառայողական գաղտնիքի հետ կապված, զրպարտության, վիրավորանքի հետ կապված, որոնք որ դատարանները բանի տեղ չեն դնում որպես կանոն: Մենք այս խնդիրներն ենք լուծում, և դատարանները այժմ կիմանան, որ դա իրենց վերադաս դատարանի մոտեցումն է». – «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Իոաննիսյանը:
Գործընթացները դեռ հստակեցված չեն, տարբեր սցենարներ են մշակվում։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 15 անդամներից 7-ը, այդուհանդերձ, համաձայն չեն այս փոփոխուոթյուններին։ Թե ովքեր են այդ 7 դեմ քվեարկածները, Իոաննիսյան չի ասում։ Ակնարկում է, որ որոշում է կայացվել՝ ով ցանկանա, նա կխոսի։
Իր դժգոհությունն այս հարցի շուրջ Ֆեսյբուքում արդեն իսկ գրել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը, որ դեմ է քվեարկել առաջարկին՝ պնդելով, թե ներկայացված հիմնավորումների իրավական բաղադրիչը նման համակարգային փոփոխություն կատարելու համար համոզիչ չէ. - «Սահմանադրական կարևոր ինստիտուտները լուծարելու և դրա տեղը նորը ձևավորելու համար պետք է ներկայացվեին լուրջ փաստարկներ և հիմնավորումներ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվեին այն խնդիրները, որոնք կարելի է լուծել բացառապես գործող ինստիտուտները լուծարելու և ոչ թե շուրջ 25 տարի գործող ինստիտուտները բարեփոխելու եղանակով»:
Բովանդակային հարցեր Ղամբարյանը չի բարձրացնում։ Իոաննիսյանից էլ տեղեկանում ենք, որ հիմնական բողոքները կապված են եղել դատավորների գրագիտության աստիճանից մինչև դատական բարձրագույն այդ կառույցի կարևորության հարցը։
Մտահոգության կա, որ բոլոր դատավորները՝ մասնավորապես առաջին ատյանի, չեն կարող մեկնաբանել Սահմանադրությունը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նաև որպես խորհրդարանի գործունեության նկատմամբ վերահսկողութոյւն իրականացնող մարմնի կարևորությանը, Իոաննիսյանն ընդգծում է՝ սա պետք է ընկալել ոչ թե Սահմանադրական դատարանի վերացում, այլ այս ատյանի, Վճռաբեկին միաձուլումով, ուժեղացում. – «Նրա գործառույթներն արդեն Գերագույն դատարանն է իր վրա վերցնելու, և նաև, ինձ թվում է, մի շարք կարգավորումներով այնպես կարվի, որ այդ գործառույթները և այդ վերահսկողությունը լինի իրական, լինի խորքային և լինի գործուն: Եվ վերահսկողության սահմաններում իրականացված որոշումները չմնան թղթի վրա, որ այդ վերահսկողությունը չլինի պայմանավորված ինչ-որ քաղաքական բաներով»:
Նկատենք, որ այս փոփոխության հետ կապված բողոքներ հնչում են հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչներից, ովքեր պնդում են, թե փոփոխությունը քաղաքական ենթատեքստ ունի։
Մասնավորապես, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, որ ևս դիմել էր այս հանձնաժողովում աշխատելու համար և չէր ընտրվել, Ֆեյսբուքում գրել էր, թե այս որոշումով մտադիր են քանդել տասնամյակներ գործող ու ձևավորված կառույցները. - «Երբ դու չկայացած ես, քանդելուց բացի այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ»։
Դանիել Իոաննիսյան. – «Մենք, այո, ինչ-որ առումով քանդում ենք այն մոդելը, որը չի բխում Հայաստանի հանրության և Հայաստանում արդարադատության արդյունավետության շահերից»:
Նա նաև հիշեցնում է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները բավականին լավ հարաբերություններ ունեն ներկայիս դատական համակարգի անդամների հետ, ու այստեղ նաև ընդհանուր շահեր կան. – «Այդ ներկայացուցիչներից շատերը պաշտպանում են իրենց թիմակիցների թալանածը, կամ թալանածի համար պատասխանատվության չկանչվելը, որում իրենց որոշակի առումով օգնում են դատական մարմինների տարբեր օղակներ»:
Դեռևս չի քննարկվել, թե ինչ է լինելու Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների կազմերի հետ։ Իոաննիսյանը կողմ է Գերագույն դատարանը լրիվ զրոյից կազմելու գաղափարին. – «Եվ այսպես նաև կատարվի որոշակի առումով վեթինգը գոնե դատական իշխանության բարձրագույն ատյաններում»: