Ծառուկյանը պատրաստվում է «մեծ հանրահավաք կազմակերպել», «Իմ քայլից» արձագանքում են

Ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է «մեծ հանրահավաք կազմակերպել» և խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

«Եվ մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու», - ԲՀԿ առաջնորդն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ հանդիպում է ունենում կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ։ Բացօթյա հանդիպմանը Ծառուկյանը տեղեկացնում է, որ իր աշխատակիցներին հանձնարարել էր ժողովրդի հետ շփվել, նրանց հուզող հարցերը լսել։ Հիմա էլ հետևություն է արել՝ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր հարցերի պատասխաններն ինքը պատրաստ է տալ. - «Այսօր խնդիր, պրոբլեմ չկա, որ լուծում չունենա, միայն լիարժեք հարկավոր է տիրապետել խնդիրը, պրոբլեմը և դրա լուծումները տալ»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ


«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս ելույթի մեջ արտառոց բան չի տեսնում։ Նկատում է՝ հին տրամաբանության գործելաոճ է, և հիշում՝ նախկին քաղաքական գործիչները, այդ թվում` նախագահները, բիզնեսմենները, որոնք հիմա մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ, քաղաքական գործունեության տեսիլք են ստեղծում՝ ենթադրելով, թե դա իրենց հետագայում կօգնի պաշտպանված լինել։ «Իրենց բոլորին թվում է, որ դա օգնելու է իրենց խույս տալ երկրից փող գողանալու, մարդ ծեծելու, մարդ առևանգելու, ռազմավարական օբյեկտները սեփականաշնորհելու, ընտրակաշառք բաժանելու և այլ գործերի մեջից փորձելու են դրանով խույս տալ, բայց կարծում եմ` թյուր կարծիք ունեն, թեպետ միևնույն ժամանակ հասկանում եմ` իսկ այլընտրանքը ո՞րն է իրենց համար, եթե դա չանեն, բա ի՞նչ անեն», - ասում է Սիմոնյանը:

Ամիսներ շարունակ պարբերաբար հանդիպումներ են ունենում Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները։ Հայտարարում են, թե քննարկում են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։ «Իմ քայլից» ասում են՝ այս հավաքներն ու հանդիպումները ևս իրենց չեն անհանգստացնում. - «Ցանկալի կլինի, որ արտախորհրդարանական դաշտում ընդդիմադիր լուրջ ուժեր ձևավորվեն, բայց այսօր ես նման միտում չեմ տեսնում, նաև Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի պատճառով, որոնք իրենց մոտ եղած ֆինանսական ռեսուրսների և ոչ միայն հաշվին դաշտը լցրել են և չեն թողնում, որպեսզի առողջ ուժերը կայանան ընդդիմադիր դաշտում»:

«Իմ քայլից» ասում են` անհամբեր սպասում են խորհրդարանում Ծառուկյանի քննադատությանը

Կրթություն, գյուղատնտեսություն, վարկեր, համավարակ, Գագիկ Ծառուկյանը այսօր հրապարակած բացօթյա հանդիպման տեսանյութում մատնանշեց՝ այս բոլոր ոլորտներում իշխանությունը ձախողել է։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարին, գնահատականը ևս խիստ էր՝ անարդյունք պայքար, տարածաշրջանում ամենավատ ցուցանիշն ունենք: Մեծահարուստ Ծառուկյանն անհանգստություն հայտնեց արտակարգ դրության ժամանակ սոցիալական լուրջ խնդիրների բախված մարդկանց համար։ Ուշագրավ է, որ Ծառուկյանի խոսքի զգալի մասը կրթական խնդիրներին էր վերաբերում՝ երեխաները ինչո՞ւ պետք է զրկվեն դասամիջոցից, դիմակ կրեն դասի ժամանակ, ինչո՞ւ 18 միավոր ստացած շրջանավարտները բուհ չընդունվեցին, կրթական նոր չափորոշիչներն էլ բարկության պատճառ դարձան. - «Լիարժեք ստորագրություն էլ ենք հավաքելու և մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու, ով դրան դեմ է, ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվի, Հայ գրականությունը հանվի, Հայոց պատմությունը հանվի, պատմություն թողեն ընդհանուր ասենք թե ըստ դասախոսի տեսության, մենք դա չենք կարող թույլ տալ, և ասում եմ` մեր երեխաները պիտի կրթվեն, դաստիարակվեն»:

«Իմ քայլը» բաց է բոլոր թեմաներով բանավեճերին, հորդորում են հանրահավաքներով իրենց չվախեցնել, «անհամբեր սպասում են խորհրդարանում Ծառուկյանի քննադատությանը», «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով՝ հատկապես հետաքրքրված է կրթական ոլորտի մասին Ծառուկյանի վերլուծությամբ։

«Կապված պահից ընտրվում է մի ինչ-որ օրական թեմա, որը կարող է մարդկանց հուզի: Դերակատարները վաղուց ապացուցել են, որ իրենք չեն, որ դրա մասին պետք է խոսեն, և իրենց ազնվության վրա ըստ իս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծագույն կասկած ունեն, որովհետև իրենց անցած ճանապարհով իրենք բազմիցս ապացուցել են, որ իրենք որևիցե կապ չունեն վերոհիշյալ թեմաների հետ, որովհետև տասնամյակներ շարունակ լռել են, հարմարվել են, այլընտրանք են եղել և միշտ ելք են գտել բոլոր ստեղծված իրավիճակներում, որպեսզի պահպանեն իրենց դիրքը, ունեցվածքը կամ որևիցե այլ բան»: