Մատչելիության հղումներ

Վերաքննիչում այսօր նախատեսված է Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դիմումների քննությունը


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանում է դատարան, Երևան, 21-ը հունիսի, 2020թ.
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանում է դատարան, Երևան, 21-ը հունիսի, 2020թ.

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կսկսվի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին առնչվող դիմումների քննությունը։ Բողոքներ են ներկայացրել ինչպես ընտրակաշառքի գործով մեղադրյալ Ծառուկյանի պաշտպանները, այնպես էլ Դատախազությունը։

ԲՀԿ առաջնորդը դատական նիստին չի մասնակցի, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Օրերս հայտնի դարձավ, որ ընդդիմադիր գործիչը վարակվել է կորոնավիրուսով։

«Հիմա, էս պայմաններում, դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք նպատակահարմար է գտնում շարունակել դատական նիստը, թե՞ հետաձգել մեկ այլ հերթի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խաչատրյանը:

Փաստաբանն ասաց՝ Ծառուկյանը ցանկություն ուներ մասնակցել Վերաքննիչի նիստին ու իր խոսքն ասել, բայց քանի որ բուժման մեջ է, դատարան գալ չի կարող, դատարանը պետք է որոշի՝ առանց նրա՞ քննել գործը, թե՞ սպասել ԲՀԿ առաջնորդի ապաքինմանը։

«Դե, ֆիզիկապես դատական նիստին չի կարող ներկա գտնվել, սակայն էդ դատական նիստը չեմ կարծում, որ հենց վաղը կավարտվի, որովհետև ծավալուն քննություն պետք է ընթանա: Հնարավոր է նաև՝ մեկ այլ դատական նիստ նշանակվի, ու էդ դատական նիստին ներկա գտնվի: Ամեն դեպքում, հիմա բուժում է ստանում պարոն Ծառուկյանը ու, ինձ թվում է, մոտ ապագայում արդեն կապաքինվի», - նշեց Էմին Խաչատրյանը՝ հավելելով. - «Փաստ արձանագրենք, որ առաջին ատյանի դատարանում պարոն Ծառուկյանը ակտիվ մասնակցել է գործի քննությանը, դիրքորոշում է հայտնել կալանավորման միջնորդության վերաբերյալ, բացի դրանից՝ ելույթ է ունեցել: Էս պարագայում, իմ կարծիքով, ցանկություն ունի նաև Վերաքննիչ դատարանում իր դիրքորոշումը հայտնել: Սակայն էդտեղ քննվելու է նաև դատախազի բողոքը, ինչպես նաև երեք պաշտպանների բողոքները՝ երեք բողոք: Էս պայմաններում դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք նպատակահարմար է գտնում շարունակել դատականի նիստը, թե՞ հետաձգել մեկ այլ հերթի»:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք տալը կազմակերպելու համար։ Նա և նրա կուսակիցները պնդում են, թե սա քաղաքական հետապնդում է, քանի որ այս գործը հարուցվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանը հայտարարեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի։ Իշխանությունից հակադարձում են՝ ո՞վ է տեսել, որ քաղաքական հալածյալը գտնվի ազատության մեջ, բացի այդ՝ ընտրակաշառքի մասին փաստերը իրավապահները հայտնաբերել են դեռ փետրվարին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու շաբաթ առաջ մերժեց Ծառուկյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։ Դատավորը թեև եզրահանգել էր՝ կան հիմնավոր կասկածներ, որ Ծառուկյանն առնչություն ունի մեղադրանքին, բայց դա չի խանգարում, որ նա գտնվի ազատության մեջ։ Վերաքննիչ բողոքում Դատախազությունը վիճարկում է հենց այս հանգամանքը, հայտարարելով՝ նման ազդեցության լծակներ ունեցող մարդը չի կարող ազատության մեջ գտնվել և չազդել գործով անցնող անձանց վրա։ Ծառուկյանի փաստաբաններն էլ համաձայն չեն առաջին ատյանի դատարանի այն գնահատականին, թե կա հիմնավոր կասկած, որ Ծառուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպել է ընտրակաշառքի բաժանումը։ Փաստաբանները, միևնույն ժամանակ, վիճարկում են այն հանգամանքը, որ այս գործը հարուցել և քննում է ԱԱԾ-ն ու ոչ թե Հատուկ քննչական ծառայությունը։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն այս օրերին կտրականապես հերքում են, թե 2017 թվականի ընտրություններում Ծառուկյանի առաջնորդած դաշինքը ավելի քան 428 հազար քվեն ստացել է կաշառքի և տարատեսակ աջակցության շնորհիվ։

2017-ի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարած Իշխան Զաքարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ԱԱԾ-ում հարցաքննված Զաքարյանը ցուցմունք է տվել, որ տեղյակ չի եղել ընտրակաշառքի բաժանման մասին, զբաղված է եղել բացառապես քարոզչական գործունեությամբ։

«Որևէ մասնակցություն չի ունեցել այդ պրոցեսին, այն, ինչ որ ներկայացվում է, որևէ մասնակցություն ինքն ուղղակիորեն չի ունեցել: Ինքը ընդհանրապես տեղյակ չի եղել, չի առնչվել այդ երևույթին, թե բաժանվել է, չի բաժանվել, ինքը տեղյակ չի եղել: Ինքը զբաղվել է ընդամենը բովանդակային առումով, այսինքն՝ քարոզչական պաստառների, բուկլետների բովանդակային ձևավորում և նման հարցերով է զբաղվել», - վստահեցրեց Հակոբյանը:

Իշխան Զաքարյանի հետ կապվել չհաջողվեց։ Նրան պատկանող հեռախոսահամարին պատասխանող տղամարդն ասում էր, թե սխալ ենք զանգահարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG