Մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանում հայտնված հայ սպան դիվերսանտ է։ Ըստ հայկական կողմի` մարտական հենակետը ստուգելու նպատակով Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել է ու մոլորվել: