Մատչելիության հղումներ

ՊՆ-ն ծառայողական քննություն է իրականացնում գերեվարված սպայի դեպքի առիթով 


ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը Երևանում
ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը Երևանում

Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է իրականացնում՝ Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու կապակցությամբ, այսօր «Ազատությանը» փոխանցեց պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է սպա Գուրգեն Ալավերդյանի լուսանկարները և պարագաներ, որոնք իբր հայտնաբերվել են նրա մոտ, ինչը իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել և չխեղաթյուրել իրականությունը: Վստահ ենք, որ կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի, իրականացվում է ծառայողական քննություն, և բոլոր մանրամասները վեր կհանվեն: Ըստ մեր տվյալների, Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է», - հավելեց Ստեփանյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության օգտոստոսի 23-ի հաղորդագրության համաձայն, նույն օրը առավոտյան՝ 05։45-ի սահմաններում, հայկական կողմը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով նահանջել է, մարտի ընթացքում գերեվարվել է հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ղեկավար Գուրգեն Ալավերդյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանում հայտնված հայ սպան դիվերսանտ է։ Ըստ հայկական կողմի, մարտական հենակետը ստուգելու նպատակով Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել է ու մոլորվել:

Կարմիր խաչ. ներկայում Ադրբեջանում պահվում է հինգ հայաստանցի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այսօր «Ազատության» հետ զրուցում ասաց, որ սպա Գուրգեն Ալավերդյանի հարցով կոմիտեն արդեն երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։

Ի դեպ, ըստ Ամատունու, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, ներկայում Ադրբեջանում պահվում է հինգ հայաստանցի. – «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տվյալ հարցով գտնվում են երկխոսության մեջ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան իշխանությունների հետ» Սովորաբար, որպես մարդասիրական հարցերով չեզոք միջնորդ, նման իրավիճակներում Կարմիր խաչի դերն է ստանալ հնարավորություն անհապաղ այցելելու անձանց, որպեսզի հնարավորություն ստեղծվի պարբերական այցերի միջոցով ստուգել նրանց պահման պայմանները, իրենց հանդեպ վերաբերմունքը և օգնել այդ անձանց պահել կապը իրենց ընտանիքի անդամների հետ: Նպատակը սա է, երկխոսությունը հաստատված է»:

Հարցին, թե Կարմիր խաչի ներկայացուցիչները երբ հնարավորություն կունենան այցելելու Ալավերդյանին, Ամատունին արձագանքեց. – «Տարբեր են լինում հանգամանքները, տարբեր են լինում ժամկետները: Ժամկետներ որոշակի համապատասխան տվյալ իրավիճակին ամրագրված չեն որևէ օրենսդրության կամ ընթացակարգերի մեջ: Խոսքը այստեղ գնում է անհապաղի մասին, ինչքան հնարավոր է արագ որևէ ստեղծված իրավիճակում` հաշվի առնելով հանգամանքները»:

Ադրբեջանում այս պահին հայ գերիների թվի մասին հարցին, Զառա Ամատունին պատասխանեց. – «Մենք այցելում ենք բոլորին, ովքեր որ այնտեղ պահվում են: Ինձ թվում է, բաց ինֆորմացիա է դա, կարելի է հետաքրքրվել: Մի քանի հոգի, ովքեր որ այնտեղ են, մենք միշտ այցելում ենք պարբերաբար: Արդեն հինգն են»:

«Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե ներկայում քանի ադրբեջանցի է պահվում Հայաստանում։ Պատասխան դեռ չունենք։

Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում երևացող զինվորական համազգեստով տղամարդը ներկայացվում է որպես հայկական դիվերսիոն հետախուզական խմբի ղեկավար Գուրգին Ալբերյան, ում ադրբեջաներենով ծաղրում, դիմում են հայհոյախառն արտահայտություններով։

Հայաստանի մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով, տեսանյութից ակնհայտ է դառնում, որ Գուրգեն Ալավերդյանի իրավունքները կոպիտ կերպով խախտվում են. – «Ընդ որում, ակնհայտ է, որ դրանք ուղեկցվում են նրա էթնիկ պատկանելությանը վերաբերող ատելության խոսքով, հայ լինելու, հայկականության հետ որևէ առնչություն ունենալու: Եվ այդ տեսանյութով ծայրից ծայր կարմիր թելով անցնում է ատելության խոսքը: Սա շատ մտահոգիչ երևույթ է: Ես պետք է ասեմ, որ այս մտահոգիչ փաստերը մենք արձանագրել ենք, համապատասխան վերլուծություններով ես երեկ և այսօր դիմել եմ միջազգային համապատասխան կառույցներին, մարդու իրավունքների հանձնակատարներին, Կարմիր խաչի գրասենյակին և այլն, նաև օմբուդսմաններին միջազգային մի շարք հաստատություններում, որպեսզի մենք կարողանանք և' ուշադրություն հրավիրենք այդ խնդրին, և' առավել ևս ցույց տանք իրավունքների այդ կոպիտ խախտումները: Այստեղ շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեր սպան իր նկատմամբ այդպիսի վերաբերմունքի ժամանակ արդեն գտնվել է Ադրբեջանի իրավազորության ներքո: Ակնհայտ է, որ էստեղ պատասխանատվության նաև պետք է կրի հենց պետությունը»:

XS
SM
MD
LG