Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ն հերքում է, թե Ադրբեջանում գերեվարված հայ սպան դիվերսանտ է


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, թե Ադրբեջանում երեկ գերեվարված հայ սպան դիվերսանտ է, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը։ Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը երեկ տեղեկացրեց, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Թե շփման կոնկրետ որ հատվածում է դեպքը տեղի ունեցել, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը չի մանրամասնում։ Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ տարածած հայտարարության մեջ տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին` առավոտյան 05.45-ի սահմաններում, հայկական կողմը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով նահանջել է։

Մարտի ընթացքում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, գերեվարվել է հայկական դիվերսիոն- հետախուզական խմբի ղեկավարը։ Ուշագրավ է, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը գերի ընկած Գուրգեն Ալավերդյանին ներկայացնում է որպես ավագ-լեյտենանտ Գուրգին Ալբերյան։ Ի դեպ, ադրբեջանական մի քանի կայքեր տեսանյութ են տարածել, որտեղ կադրում երևացող զինվորական համազգեստով տղամարդը ներկայացվում է որպես հայկական դիվերսիոն հետախուզական խմբի ղեկավար։ Տեսանյութում զինվորականի դեմքը ծածկված է գլխարկով, իսկ տեսանյութի ավարտին արդեն հրապարակված է լուսանկարը։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը մինչդեռ պնդում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. - «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է, որևէ դիվերսիա տեղի չի ունեցել, պարզապես փորձ է արվում մոլորվածին ներկայացնել որպես դիվերսանտ»:

Առ այս պահը հայտնի չէ` որտեղ և ինչ վիճակում է օգոստոսի 22-ից մոլորված համարվող հայ սպան։ Ո՛չ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ո՛չ էլ Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչությունը դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնում:

Նշենք, որ Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան` ժամը 05:00-ին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը, ինչպես նաև խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի ետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ։

Ուշագրավ է, որ զորավարժությունների նախօրեին Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Հանդիպման ընթացքում, Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակի փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Ի դեպ, Մոսկվայում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո վաղը Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնելու է Բաքու։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների իրար հաջորդող հանդիպումները, քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, փոխկապակցված են և պայմանավորված Տավուշում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողություններով և դրա արդյունքում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակով։ Վերլուծաբանը հիշեցնում է ՝ տավուշյան գործողություններից հետո Ալիևը զանգահարեց Վլադիմիր Պուտինին և դժգոհեց Հայաստանին 400 տոննա ռազմական բեռ մատակարարելու փաստի առթիվ։ Ապա Թուրքիան բավական ագրեսիվ արձագանքեց Հայաստանի գործողություններին` փորձելով մեծացնել իր ազդեցությունը Ադրբեջանում և պայմաններ թելադրել տարածաշրջանի մյուս կարևոր դերակատար Ռուսաստանին։ Այժմ, ըստ Բադալյանի, Մոսկվան փորձում է զսպել Թուրքիայի ազդեցության մեծացումը. - «Շոյգուի այցը և նաև հիմա սպասվում է նոր արտգործնախարար Բայրամովի այցը Մոսկվա ամսի 26-ին, սրանք կարծում եմ` այս ուղղությամբ աշխատանքներ են, որտեղ Ադրբեջանը փորձում է բալանսավորել իր որոշակի անկախությունը Թուրքիայից, և Ռուսաստանն էլ, իհարկե, փորձում է թույլ չտալ, որ Անկարան ամբողջությամբ կլանի Ադրբեջանը ռազմա-քաղաքական իմաստով»:

Մոսկվայի կողմից Ադրբեջանի ռազմական, ապա և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ սպասվող հանդիպումներն, ըստ վերլուծաբանի, իհարկե կարող են և՛ ռազմատեխնիկական, և՛ քաղաքական պայմանավորվածությունների հանգեցնել, ինչը Հայաստանից պահանջում է զգոնություն և հետևողական աշխատանք, որպեսզի Մոսկվան մնա իր դաշնակցային պարտավորությունների շրջանակում։

Վերլուծաբանն ընդգծում է՝ կարող ենք Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցը Մոսկվա ռազմական դիվանագիտության կանխարգելիչ քայլ համարել Շոյգուի վաղը Բաքու կատարելիք այցից առաջ:

XS
SM
MD
LG