Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել և չի էլ պատրաստվում ներկայացնել. խոսնակ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել և չի էլ պատրաստվում ներկայացնել, «Ազատության» հետ զրույցում պնդեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` ընդգծելով՝ արձակուրդից հետո Թորոսյանը վերադառնալու է բնականոն աշխատանքի։

Նշենք, որ վերջին օրերին մամուլն ակտիվորեն շրջանառում էր առողջապահության նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը` դրա համար ներկայացնելով ամենատարբեր պատճառներ` կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումից մինչև որոշակի կոռուպցիոն խնդիրներ։ Կրքերն ավելի թեժացան, երբ երեկ պարզ դարձավ, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ Թորոսյանը օգոստոսի 31-ից 19 օրով մեկնում է արձակուրդ։

Նախարարի խոսնակը, սակայն, վստահեցնում է՝ կես տարի շարունակ 24-ժամյա ռեժիմով աշխատած նախարարն ընդամենը օգտվում է հանգստանալու իր իրավունքից. - «Ընդամենը սա մի քանի օր հանգստանալու իրավունք է»:

«Ազատության» հարցին` այսինքն` չի՞ պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց. - «Նախարարը հրաժարականի դիմում չի ներկայացրել և չի էլ պատրաստվում: Երբ որ արձակուրդը կվերջանա, նախարարը կվերադառնա իր բնականոն աշխատանքին»:

«Պիկը հաղթահարել ենք»

Անդրադառնալով արդեն կորոնավիրուսի դեմ պայքարին` նախարարի խոսնակն ընդգծեց՝ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն, դեպքերը սկսել են նվազել, և իրավիճակը լիովին վերահսկելի է: Ըստ Ալինա Նիկողոսյանի` կարելի է ասել, որ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք։

Նշենք, որ Հայաստանում անցած մեկ օրում անցկացված մոտ 1700 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի նոր 131 դեպք, դրական է եղել հետազոտությունների 7.7 տոկոսը, սա վերջին ամիսների ամենացածր ցուցանիշներից է։ Բուժվել է 251 մարդ։ Գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք։ Մահացածներից մեկը 58 տարեկան կին է, մյուս 2-ը՝ 63 և 79 տարեկան տղամարդիկ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 861 է, ևս 264 վարակակիր մահացել է այլ պատճառներով, ընդհանուր` 1125 մարդ։

Այս պահին ըստ առողջապահության նախարարի խոսնակի` COVID-19-ից Հայաստանում բուժվում է 5 հազար 216 մարդ, նրանցից 3 հազար 700-ը տանն են գտնվում, մնացած մասը բուժվում է բժշկական կենտրոններում։ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ` նվազել է նաև ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը, այս պահին այն մոտ 200 է, 198-ը ծանր են, ծայրահեղ ծանր՝ 46 -ը։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 20 պացիենտ։

«Այս փուլում կարելի է ասել, որ իրավիճակը կայուն է, և մենք կարողանում ենք վերահսկել իրավիճակը, և այդ իմաստով կարող ենք ասել, որ պիկը հաղթահարել ենք, այսինքն` մենք այլևս չենք գտնվում այն վիճակում, ինչ Դուք էլ վստահաբար հիշում եք` թե՛ դեպքերի աճը, թե՛ հիվանդների, բայց ուզում եմ նաև ձեր միջոցով տեղ հասցնել, որ զգոնությունը պետք է պահպանել` հաշվի առնելով, որ առաջիկայում թե» դպրոցները, թե՛ բուհերը բացվելու են, և այս վիճակը` կարգ ու կանոն պահելու չմոռանանք, հիշենք, որ մենք դեռևս երկար ճանապարհ ունենք, որպեսզի ընդհանրապես ունենանք զրոյական կամ ավելի չնչին դեպքեր»:

«Ունենք մահեր, որոնք երևի կարող էին չլինել»

Աշոտ Դավիդյանց

Համաճարաբական, «Դավիդյանց» լաբորատորիաների տնօրեն Աշոտ Դավիդյանցն ընդգծում է՝ դատելով պաշտոնական տվյալներից` կորոնավիրուսի պիկմ իսկապես հաղթահարել ենք, հարցն այն է, թե ինչպիսի կորուստներով և սխալներով։ Այս փուլում համաճարակաբանը դեռևս բոլոր փակագծերը բացել չի ցանկանում, սակայն մատնանշում է անցած կես տարվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տրված 2 գլխավոր բացթողնման մասին։ Նախ, ըստ համաճարակաբանի, հանրությանը հակահամաճարակային կանոնները պատշաճ չեն ներկայացվել։ Դավիդյանցը համեմատում է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսից արձանագրված մահվան թվերը, Հայաստանում` 1125 մահ, Վրաստանում՝ 19. - «Բնակչության հետ աշխատել էր պետք, որովհետև գոյություն ունի համաճարակաբանություն, գիտելիք, այնպիսի գիտելիքի, ինչպիսին է օնկոգինեկոլոգիան: Հերթական անգամ սիտուցիան փրկեց Նիկոլ Փաշինյանը, երբ որ բնակչության հետ աշխատանքի հիմնական գործիքը վերցրեց իր ձեռքը և ասաց` այո, մենք ունենք և ճիշտ այդ ուղեցույցներն արեց: Մինչև այդ մարդիկ չգիտեին` մասկա հագնեին, չհագնեին, ինչ անեին, որովհետև համաճարակաբանությունը հակահամաճարակաբանական գործողությունների մեջ առաջին իսկ փուլը նախատեսում է բնակչության հետ աշխատանք: Մենք ունենք փաստ, որտեղ ունենք մահեր, որոնք երևի կարող էին չլինել»:

Համաճարակաբանը մատնանշում է մեկ այլ կարևոր խնդիր. Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել Հայաստանի համաճարակաբանների ողջ ներուժը, ինչը թույլ կտար ավելի արդյունավետ պայքարել Covid-ի դեմ։ Մինչդեռ նախկինում հրավիրել են այդ մասնագետներին, լսել նրանց կարծիքը։ Աշոտ Դավիդյանցը բերում է իր հոր` համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցի օրինակը. - «Առաջին հերթին իմ հոր գլխավորությամբ` Վլադիմիր Դավիդյանցի, որը տասնյակ տարիներ շարունակ կանգնած է եղել ցանկացած հակահամաճարակային գործողությունների գլխին, ցանկացած դարաշրջանում, այսպես ասած, կոչենք դա: Չեն դիմել (նրա օգնությանը) երբեք, երբևիցե»:

Աշոտ Դավիդյանցը հավելում է՝ Հայաստանն այսօր չունի գլխավոր համաճարակաբան, անգամ հասարակական հիմունքներով, մինչդեռ նախկինում աշխատած առողջապահության որևէ նախարար չի արհամարհել այդ կարևոր պաշտոնը։