Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի նոր դեպքեր Վարդենիսում, քաղաքապետի խոսքով` բռնկում չկա


Կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, համայնքապետարանը նախօրեին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քաղաքում համավարակի նոր օջախ է բռնկվել: Հիմնական պատճառն ըստ գրառման՝ «հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է»:

Խոսքը հաստատված մի քանի դեպքի մասին է, «Ազատության» հետ զրույցում այսօր պարզաբանեց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը: Ըստ նրա` բռնկում որպես այդպիսին չկա. - «Դեպքերը հանրապետության մասշտաբով եթե բաշխենք, մեզ մոտ կարելի է ասել` դեպք չկա»:

Մեր հեռախոսազանգից հետո համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումն էլ խմբագրվեց ու «բռնկման» վերաբերյալ ձևակերպումը հանվեց։ Վարդենիսի քաղաքապետը հաստատում է՝ վարակման նոր դեպքերը գրանցվել են սգո արարողություններին մասնակցելու հետևանքով, իսկ իրենց հայտարարության նպատակն ընդամենը զգոնության կոչ անելն է եղել. - «Ունենք 5 մեկուսացված այս պահին, 5-ն էլ հիվանդանոցում եմ, բուժման մեջ են, լուրջ բուժում ստանում է 2 մարդ»:

Առաջին անգամը չէ, երբ հաղորդվում է Վարդենիսում Covid-ի բռնկման մասին, դեռևս ապրիլին պարետատան որոշմամբ ավելի քան 10 օրով սահմանափակվել էր քաղաքի ելումուտը։

Արտակարգ դրության ամիսներին Covid-ի բազմաթիվ վարակակիրների մասին հայտնում էին նաև Լոռու մարզից։ Անցած շաբաթ Վանաձորում գործող երկու կարի ֆարբիկաներում գրանցված դեպքերը քննարկման առիթ էին դարձել նաև կառավարության նիստում։ Այդուհանդերձ, վիճակը Լոռիում այժմ թեթև է, «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա կորոնաթվերի մարզային վիճակագրությունը ներկայացրեց. - «Մինչ այս պահը թվերը մոտավոր կարող եմ ասել ցավոք 2 հազարից մի փոքր ավելի դեպք ունենք գրանցված: Այս պահին հոսպիտալացված ունենք 46 քաղաքացի»:

Մարզպետի հավաստիացմամբ` ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ իրենց մոտ թվերը նվազել են: Ղուկասյանն արտադրամասերում գրանցված դեպքերը Covid-ի նոր բռնկում չի որակում. - «Նոր բռնկում ես դա չէի անվանի, որովհետև նախկինում շատ ավելի մեծ թվեր են եղել, որ ունեինք կարի արտադրամասերում, նույնիսկ մի ընթացք աշխատանքներն են դադարեցվել»:

Առողջապահության նախարարության տվյալներով` այսօրվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը Երևանում է՝ 2 հազար 304 մարդ, հաջորդում են Կոտայքի մարզը՝ 480, Լոռին՝ 441, Արարատի մարզը՝ 431, Գեղարքունիքը՝ 424, Արմավիրը՝ 361 հիվանդ։ Համեմատաբար ցածր են փաստացի բուժվողների թվերը Շիրակի մարզում՝ 276, Արագածոտնում՝ 150, Սյունիքում՝ 95, Տավուշում՝ 92, Վայոց Ձորում էլ՝ 66։

Ամբողջ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի թիվն ավելացել է 33-ով: Ինչպես նախորդ գրեթե բոլոր հանգստյան օրերին սովորականից քիչ՝ 380 հետազոտություն է իրականացվել, դրական է եղել դրանց 8.7 տոկոսը։ Մինչ օրս հաստատված դեպքերի թիվը հասավ 40 հազար 825-ի։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ` երեկ Covid-ը հաղթահարածների թիվն ավելացել է 58-ով։ «Նրանցից 36 հազար 49-ն արդեն առողջացած են, և այս պահին փաստացի բուժում ստացողների թիվը 5 հազար 666 է»:

Երեկ 71 և 72 տարեկան երկու կին են մահացել, նրանք ունեին ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Covid-ով վարակված մեկ անձ էլ երեկ մահացել է այլ պատճառներով։ Այսպիսով կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասավ 854-ի, 256 մարդ էլ մահացել է այլ պատճառներով։ Արդեն գրեթե 200 հազար թեստավորում է իրականացվել։

Լեռնային Ղարաբաղում երեկ կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել, առայսօր Արցախում Covid է հայտնաբերվել 271 մարդու մոտ, 249-ն արդեն առողջացել են, 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով։

Արցախի պարետատան խոսնակ Սամվել Բալայանի հավաստիացմամբ` համաճարակային իրավիճակը շարունակում է վերահսկելի մնալ. - «Իհարկե, վերջին օրերին եղան նոր օջախներ, նոր բռնկումներ, սակայն թիվը վարակվածների բավականին փոքր է»:

Հայաստանի քաղաքացիներին Ղարաբաղ գնալու համար այլևս պարետի թույտվությունը պետք չէ, սակայն անհրաժեշտ է ունենալ այցելությունից առավելագույնը 3 օր առաջ արված կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան։ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Լեռնային Ղարաբաղ այցելելու այս սահմանափակումն անտրամաբանական է համարում։ Պատգամավորն իի ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերը ցանկանում են ամառային հանգստի համար Արցախ գնալ, սակայն թեստավորման անհարմարություններից ելնելով` չեն մեկնում»։ Մարուքյանն առաջարկում է չեղարկել թեստ հանձնելու պարտադիր պահանջը։

XS
SM
MD
LG