Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահը պահանջում է հաստատել իր իրավունքի խախտումն ու հօգուտ իրեն փոխանցել 2 միլիոն դրամ:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով, Քոչարյանը դատարան դիմել, քանի որ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյան նրա առողջական վիճակի վերաբերյալ առանց իր թույլտվության տվյալներ է հրապարակել. – «Դատավորը առանց պարոն Քոչարյանի կարծիքը հարցնելու, առանց նրա պաշտպաններից կարծիք հարցնելու, անմիջապես այդ տեղեկանքը բոլոր մանրամասներով հրապարակեց: Եվ այդ ժամանակ ամբողջ դահլիճում, բացի դատավարության մասնակիցներից, կային նաև անձինք, ովքեր միշտ գալիս, հետևում են դատավարությանը դահլիճից, նաև կային բազմաթիվ լրատվամիջոցներ»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանի առողջական վերաբերյալ տվյալները մարտի 10-ի դատական նիստին էր հրապարակել՝ ներկայացնելով «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքը. – «Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Պացիենտի տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով»։

Հայցվոր կողմը պնդում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը խախտել է Եվրոպական կոնցվենցիայի 8-րդ հոդվածը՝ հրապարակելով առողջական գաղտնիք։

Հարցին, թե ինչու պատասխանողի կարգավիճակում Հայաստանի Հանրապետությունն է հայտնվել, այլ ոչ թե հենց Աննա Դանիբեկյանը, Ալումյանը պատասխանեց. – «Քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ պետական մարմինների և պետական պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության համար, որոնցով անձին վնաս է պատճառվել, գույքային պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը»:

Անցած գարնանը Մարտի 1-ի գործով դատական նիստերը հետաձգվում էին դատավոր Աննա Դանիբեկյանի վիրահատության ենթարկվելու պատճառով։ Սա հարուցել էր այն ժամանակ կալանքի տակ գտնվող Քոչարյանի պաշտպանների դժգոհությունը: Նրանք պնդում էին, որ նման պատճառով դատական նիստերի հետաձգումն անթույլատրելի է։ Մամուլում էլ լուրեր էին տարածվել, թե դատավոր Դանիբեկյանը իրականացրել է պլաստիկ վիրահատություն։

Ալումյանի պնդմամբ, Քոչարյանի պաշտպանական թիմը այս վերջին հանգամանքին դատական նիստերին չէր անդրադրաձել, նշել են միայն վիրահատության մասին՝ չբացահայտելով մանրամասները. – «Տեսեք, ինչքան անարդար է, երբ որ նույն դատավոր Դանիբեկյանը հրապարակում է պարոն Քոչարյանի վերաբերյալ առողջական տվյալներ, բժշկական տվյալներ, և ոչ մի բան ոչ ոք չի ձեռնարկում»։

Փաստաբանը կարծում է, որ այս դեպքում էլ պետք է քրեական գործ հարուցվեր, իրենք նաև մտադիր են հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան - «Ինչքան անարդար է, որ նույն դատավոր Դանիբեկյանը հրապարակում է պարոն Քոչարյանի վերաբերյալ առողջական տվյալներ, բժշկական տվյալներ, և ոչ մի բան ոչ ոք չի ձեռնարկում»:

Քոչարյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին, որը Ալումյանի կինն է։

Հարցին, թե արդյո՞ք շահերի բախում չի առաջանում, Ալումյանը պատասխանեց, որ հենց այդ պատճառով էլ կինը բացարկ է ներակայացնելու և չի քննելու գործը։